Պոլտավա ռուս.՝ Полтава | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | քնարապատմողական |
Հեղինակ | Ալեքսանդր Պուշկին |
Երկիր | Ռուսաստան |
Բնագիր լեզու | ռուսերեն |
Գրվել է | 1828 |
Հրատարակվել է | 1828 |
Poltava (poem) |
«Պոլտավա»՝ Ալեքսանդր Պուշկինի պոեմը՝ գրված 1828 թվականին։ Պոեմի անվանումը մատնացույց է անում Պոլտավայի ճակատամարտը, որը տեղի է ունեցել 1709 թվականի հունիսի 27-ին։ Պոեմի վրա աշխատելու ժամանակ Պուշկինը դիմել է պատմական աղբյուրներին, ինչպես նաև` մոլդովական ավանդազրույցներին, ուկրաինական ժողովրդական երգերին ու դումաներին։ Պոեմն ընթերցելիս զգացվում է ժողովրդական երգերի ու հեքիաթային մոտիվների ազդեցությունը նրա բովանդակության և գործող անձանց կերպավորման բնույթի վրա։
Պոեմը նվիրված է 1812 թվականի պատերազմի հերոս գեներալ Ռաևսկու դստերը՝ Մարիա Վոլկոնսկայային, որը հետևել է Սիբիր աքսորված իր դեկաբրիստ ամուսնուն։ Պոեմը առանձին հրատարակությամբ լույս է տեսել 1829 թվականի մարտի վերջին։
Պոեմի սկզբնական վերնագիրը եղել է «Մազեպա» և միայն վերջին րոպեին Պուշկինը փոխել է այն «Պոլտավա»-ի (համաձայն Ալեքսեյ Վուլֆի օրագրի՝ «մասնավոր պատճառներով»[1]։ Ինքը՝ Պուշկինը, փոփոխության պատճառը համարել է պոեմի բնաբանը և այն, որ չի ցանկացել նմանակել Բայրոնին, ով արդեն հրատարակել էր նույնանուն ստեղծագործություն[2]):
Գործողությունները տեղի են ունենում Ուկրաինայի Պոլտավա քաղաքում։ Պոեմը բաղկացած է երեք երգից։
Առաջին երգում պատմվում է Մարիայի մասին, որը գլխավոր դատավոր Կոչուբեյի դուստրն էր և Ուկրաինայի հետման Մազեպայի սանուհին։ Վերջինս, ըստ սյուժեի, դառնում է հետմանի սիրուհին[3]։ Հիշատակվում են նաև իրադարձություններ Հյուսիսային պատերազմից։
Երկրորդ երգում պատմվում է Կոբուչեյի անհաջող ինտրիգի մասին, որն ուղղված էր Մազեպային վերացնելուն։ Այս ամենին հաջորդում է Կոչուբեյի գլխատումը, որը Մարիան չի կանխում։ Բացառությամբ Մարիայի դերի՝ տվյալ մասի սյուժեն հիմնված է պատմական փաստերի վրա։
Երրորդ երգում նկարագրվում է Մազեպայի՝ Շվեդիայի կողմն անցնելը, որն ըստ աղբյուրների՝ ներկայացվում է որպես դավաճանություն, ներկայացվում են նաև Պոլտավայի ճակատամարտն ու հերոսների հետագա ճակատագիրը։
|