Պոպովո դաշտ |
---|
Պոպովո դաշտ (սերբախորվաթ․՝ Popovo polje, Popovo, Popovska vala), կարստային դաշտ Բոսնիա և Հերցեգովինայի հարավում, վերջինիս վարչատարածքային կազմավորումներց մեկը հանդիսացող Սերբական Հանրապետության տարածքում։
Դաշտի երկարությունը 31 կիլոմետր է, լայնությունը՝ 1,5 կմ[1], մակերեսը՝ 181 կմ²[2]։ Պատկանում է Հերցեգովինյան սարահարթի ամենացածր դաշտերի թվին. միջին բարձրությունը ծովի մակերևույթից 200—250 մետր է, Ադրիատիկ ծովից բաժանված է կարստային սարահարթի 15 կիլոմետր լայնություն ունեցող շերտով[3]։ Պոպովո դաշտ անվան տակ լայն իմաստով հասկացվում է Հուտովոյի և Պոլիցի միջև ընկած Պոպովո դաշտի հետ մեկտեղ՝ նաև Պոլիցից մինչև Տրեբինիա ընկած Տրեբինյան անտառը, Տրեբինիայից հարավ ընկած Մոկրո դաշտը։
Պոպովո դաշտով հոսում է Տրեբիշնիցա գետը, որի հունը բետոնապատված է։ Գետի վերին հոսանքներում կառուցվել են Գրանչևո ջրամբարն ու Գորիչկո արհեստական լիճը, որոնցից գահավիժող ջրերը հիդրոէլեկտրակայաններ են աշխատեցնում։ Դաշտում լայն զարգացում են ստացել այգեգործությունը (աճեցվում են խնձորենիներ, դեղձենիներ, բալենիներ), խաղողագործությունը, ցորենի, եգիպտացորենի, ծխախոտի մշակությունը։
Դաշտի գյուղերում բնակվում է շուրջ երեք հազար մարդ։ Զավալա գյուղի մերձակայքում գտնվում է 7 014 մետր երկարություն և հազվագյուտ կենսաբազմազանություն ունեցող քարանձավ՝ Վետրենիցան (Vjetrenica)[4], որի ընդգրկումը ՅՈՒՆԵՍԿՕ-ի հատուկ պահպանման ենթակա բնության հուշարձանների ցանկում ներկայումս գտնվում է նախապատրաստական փուլում[5][6]։
Դաշտի անվանումը, ամենայն հավանականությամբ, մինչհռոմեական ծագում ունի։ Այն առաջին անգամ արձանագրվել է Դուկլյանին քահանայի տարեգրության մեջ լատին․՝ Papava ձևով։ 13-14-րդ դարերի դուբրովնիկյան փաստաթղթերում հանդիպում է լատին․՝ Papaua, Papoa ձևով։ Սլավոնական «Попово» անվանաձևը հանդիպում է իշխան Միրոսլավի թղթի մեջ[7]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պոպովո դաշտ» հոդվածին։ |