Ջամիլա Ռիբեյրու | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 1, 1980 (44 տարեկան) |
Ծննդավայր | Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա |
Քաղաքացիություն | Բրազիլիա |
Ազգություն | սևամորթ և աֆրո-բրազիլացի |
Կրոն | Rule Of Osha? |
Կրթություն | Universidade Federal de São Paulo? |
Մասնագիտություն | փիլիսոփա, իրավապաշտպան և լրագրող |
Պարգևներ և մրցանակներ | |
Կայք | websitedjamila.wixsite.com/sitedjamilafinal |
Djamila Ribeiro Վիքիպահեստում |
Ջամիլա Թաիս Ռիբեյրու Դոս Սանտուս (պորտ.՝ Djamila Taís Ribeiro dos Santos, օգոստոսի 1, 1980, Սանտոս, Սան Պաուլու, Բրազիլիա), աֆրո-բրազիլացի ֆեմինիստ, փիլիսոփա և լրագրող։
Ջամիլա անունը արաբերեն և արևելաաֆրիկյան Սուահիլի լեզվով նշանակում է «գեղեցիկ»։ Ռիբեյրոն ծնվել է աշխատավորի ընտանիքում, նրա հայրը կոմունիստ դոկեր էր, մայրը՝ սպասուհի։ Նրա երկու ծնողներն էլ մահացել են քաղցկեղից, երբ Ջամիլը 20 տարեկան էր։
Նա լրագրություն է սովորել մինչև 24 տարեկանում դստերով՝ Թուլեյնով հղիանալը, որից հետո թողել է ուսումը ընտանիքին նվիրվելու համար, բայց հետագայում, չնայած ամուսնու բողոքներին, վերադարձել է համալսարան։ 2012 թվականին ավարտել է Սան Պաուլոյի դաշնային համալսարանի փիլիսոփայության, գրականության և հումանիտար գիտությունների ֆակուլտետը, այնուհետև 2015 թվականին ստացել է քաղաքական փիլիսոփայության մագիստրոսի կոչում՝ Սիմոն դե Բովուարի և Ջուդիթ Բաթլերի ստեղծագործական աշխատանքի համար[4][5][6]։
Ռիբեյրոն «CartaCapital» շաբաթաթերթի խմբագիրն է, ինչպես նաև «Folha de S. Paulo»-ի սյունակագիրը[7][8]։ Ճանաչում է ձեռք բերել որպես բլոգեր և ինտերնետային ակտիվիստ։ Ջամիլան սկսել է գրել «Blogueiras Negras» սև ֆեմինիստների պորտալում, այնուհետև դարձել է ամենաճանաչված մեդիա փոփ փիլիսոփաներից մեկը։
Որպես հակառասիստ ակտիվիստ՝ Ռիբեյրոն աջակցում է ձախ ուժերին։ 2016 թվականի մայիսին նշանակվել է Սան Պաուլոյի մարդու իրավունքների և քաղաքացիության փոխնախարար՝ դրանով իսկ մուտք գործելով Ֆերնանդո Ադդադայի վարչակազմ[9], աշխատավորների կուսակցությունից։ Այնուամենայնիվ, երբ 2020 թվականին նրան հրավիրել են դառնալ այս կուսակցության Սան Պաուլոյի քաղաքապետի թեկնածու Ժիլմար Տատուի գործընկերը, նա հրաժարվել է։ Նույն թվականին նա պաշտպանել է Բրազիլիայի Կոմունիստական կուսակցության (PCdoB) Մանուելա դ'Ավիլայի թեկնածությունը Պորտո Ալեգրեի քաղաքապետի պաշտոնում։
2018 թվականին նա հանդես է եկել որպես Բրազիլիայի քաղաքացիական հասարակության ներկայացուցիչ Հարվարդի և Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի համատեղ ամենամյա Բրազիլական համաժողովում[10]։
Ռիբեյրոն ներդրել է աֆրոամերիկացի մարքսիստ-ֆեմինիստ ակտիվիստ Անժելա Դևիսի «Կանայք, ռասա, դաս» 2015 թվականի բրազիլերեն-պորտուգալերեն թարգմանության նախաբանը։ Ռիբեյրոն և Դևիսը բազմիցս համագործակցել են[11]։
Ռիբեյրոյի առաջին սեփական գիրքը՝ «Ինչ է խոսքի տեղը», լույս է տեսել 2017 թվականին և դարձել 2018 թվականի Ժաբուտի մրցանակի եզրափակիչ փուլի մասնակից «Հումանիտար գիտություններ» անվանակարգում։
Նրա երկրորդ գիրքը՝ «Ով է վախենում սև ֆեմինիզմից», ներառում է երկար ինքնակենսագրական շարադրություն, ինչպես նաև որոշ հոդվածներ, որոնք նա հրապարակել է «CartaCapital» ամսագրի բլոգում։ Ստեղծագործությունը պարունակում է երկխոսություններ այնպիսի հեղինակների հետ, ինչպիսիք են Չիմամանդա Նգոզի Ադիչին, բել Հուքսը, Սուելի Կարնեյրոն, Ալիս Ուոքերը և Թոնի Մորիսոնը։
Ռիբեյրոն իր «Կարճ հակառասիստական ձեռնարկում» (Pequeno manual antirracista), որը ոգեշնչված է Իբրամ Քենդիի «Ինչպես լինել հակառասիստ» գրքից, կոչ է անում սպիտակամորթներին պատասխանատվություն ստանձնել և փոխել հարաբերությունները, որոնք հանգեցնում են արտոնությունների և ճնշումների[12]։ Լինելով «Candomblé»-ի հետևորդ[13]՝ Ռիբեյրոն գրել է այն մասին, թե ինչպես է արևմտյան քաղաքակրթությունը աֆրիկյան ծագում ունեցող համայնքներում ավանդական կին բուժողներին պատկերել որպես կախարդներ[14]։
2021 թվականի «Նամակներ տատիկիս» գիրքը հեղինակի ամենաանձնական ստեղծագործությունն է, որում հիշվում են նրա մանկության և պատանեկության պահերը, քննարկվում են ռասիստական հասարակության մեջ երեխաների դաստիարակության խնդիրները։
2019 թվականին Ջամիլան ստացել է Արքայազն Կլաուսի մրցանակը «Փիլիսոփայություն» անվանակարգում, որը շնորհել է Նիդեռլանդների արտաքին գործերի նախարարությունը, ինչը նրա ակտիվիստական պայքարի ճանաչումն էր։ Նույն թվականին Ֆրանսիայի կառավարությունը ընտրել է նրան որպես «Վաղվա անձնավորություն», ինչպես նաև ճանաչվել է որպես BBC-ի 100 կանանցից մեկը[15]։ 2022 թվականի մայիսին Ջամիլա Ռիբեյրոն ընտրվել է «Academia Paulista de Letras»-ի անդամ՝ զբաղեցնելով 28-րդ աթոռը մահացած գրող Լիժիա Ֆագունդես Թելեսի փոխարեն։ Նույն թվականին նա արժանացել է մարդու իրավունքների և օրենքի գերակայության ֆրանս-գերմանական մրցանակին, որը շնորհել են Ֆրանսիայի և Գերմանիայի արտաքին գործերի նախարարները։