Ջեյմս Մեթյու Լի | |
---|---|
Ծնվել է | 1808[1] |
Վախճանվել է | ապրիլի 20, 1860[1][2] |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3] |
Մասնագիտություն | նկարիչ |
Ժանր | պատմական գեղանկարչություն և դիմապատկեր |
Հայր | Սեմուել ԼԻ |
Մայր | Mary Anne Leigh? |
Զավակներ | Հենրի Սեմբրուկ Լի |
Ջեյմս Մեթյու Լի (1808[1] - ապրիլի 20, 1860[1][2], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն[3]), անգլիացի նկարիչ, նկարչության ուսուցիչ, գրող, դրամատուրգ և գրաքննադատ։ Նա Լոնդոնում գտնվող մասնավոր նկարչական դպրոցի՝ «Լիի ակադեմիայի» հիմնադիրն է։ Ներկայումս կոչվում է Հիֆերլիի գեղարվեստի դպրոց։
Լին ծնվել է 1808 թվականին Լոնդոնում։ Նրա հայրը հայտնի գրավաճառ Սամուել Լին էր և ուներ գրախանութ Սթրենդ փողոցում Լոնդոնի Ադելֆի թատրոնի մոտ, որտեղ հաճախ էր լինում Ուիլյամ Բլեյքը[4][5]։ Ջեյմսի հորեղբայրը հայտնի դերասան և թատրոնի մենեջեր Չարլզ Մեթյուն էր (ավագ)։ Նա Ուիլյամ Էտտի աշակերտն էր և մասնագիտացել էր պատմական գեղանկարչության ժանրում[6]։ Գեղարվեստի թագավորական ակադեմիայում (Լոնդոն) առաջին ցուցադրած նկարը «Ջոզեֆը եղբայրներին է ներկայացնում փարավոնի և Ջեֆայի երդումը»։
Շուտով նա մեկնում է Եվրոպա, այցելում Ֆրանսիայի, Գերմանիայի և Իտալիայի պատկերասրահներ, ուսումնասիրելու Հին վարպետների աշխատանքները և էսքիզներ նկարում[4]։ Այս ժամանակահատվածում նա նվիրվում է գրելուն և 1838 թվականին հրապարակում «Քրոմվել» պատմական պիեսը՝ բաղկացած հինգ գործողություններից[7]։ Այնուհետև ճանապարհորդում է դեպի Իսպանիա, նկարում էսքիզներ և վերադառնալով Անգլիա, Գեղարվեստի թագավորական ակադեմիայում և այլ ցուցահանդեսներում շարունակում է նկարներ ցուցադրել մինչ 1849 թվականը[4][8]։
Հետագայում նա դառնում է նկարչության ուսուցիչ և 1848 թվականին հիմնադրում է գեղարվեստի ակադեմիա Օքսֆորդ փողոցի մոտ գտնվող Նյումեն փողոց 79 հասցեում, որը կոչվում է «Լիի ակադեմիա»[9]։ Այն մրցակից էր մեկ այլ նշանավոր Հենրի Սասի նկարչական ակադեմիայի համար, որը կոչվում է «Սասի ակադեմիա»[8]։ Շատ հայտնի նկարիչներ կրթություն են ստացել Լիի ակադեմիայում, ինչպես օրինակ, Ֆրեդերիկ Լեյտոնը, Ջոն Էվերեթ Միլլեն, Ֆիլիպ Կալդերոնը, Հենրի Սթեյսի Մարկսը, Էդուարդ Փոինթերը, Ջոզեֆ Բոիմը, Էդվին Լոնգը, Հենրի Հոլիդեյը, Ֆրեդերիկ Ուոլկերը, Ջոն Բեգնոլդ Բարջեսը, Ուոլթեր Գուդմենը և այլք[10][11][12]։
Կյանքի վերջին քսան տարիներին նա ոչ մի ցուցահանդեսի չի մասնակցել։ Իր աշխատանքները ցուցադրել է ակադեմիայում։ Նրա ստեղծագործության հիմնական թեման գրական հերոսներն էին[4][8]։
Լին շատ էր ծխախոտ օգտագործում և դրա հետևանքով էլ հիվանդանում է կոկորդի քաղցկեղով[13]։ Մահանում է 1860 թվականի ապրիլի 20-ին Լոնդոնում։ Նրա որդին գրող և դրամատուրգ Հենրի Սեմբրուկ Լին էր (1837–1883): Լիի մահից հետո «Լիի գեղարվեստի դպրոցը» ղեկավարում է Թոմաս Հիֆերլին և դպրոցը վերանվանում են «Հիֆերլիի գեղարվեստի դպրոց»[8]։
|