Ջոզեֆ Լինդոն Սմիթ | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 11, 1863[1][2] |
Ծննդավայր | Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ |
Վախճանվել է | հոկտեմբերի 18, 1950[3] (87 տարեկան) |
Մահվան վայր | ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ |
Ոճ | օրիենտալիզմ |
Joseph Lindon Smith Վիքիպահեստում |
Ջոզեֆ Լինդոն Սմիթ (անգլ.՝ Joseph Lindon Smith, հոկտեմբերի 11, 1863[1][2], Pawtucket, Փրովիդենս շրջան, Ռոդ Այլենդ, ԱՄՆ - հոկտեմբերի 18, 1950[3], ԱՄՆ), ամերիկացի նկարիչ, հայտնի է հնություններին` հատկապես եգիպտական դամբարաններին նվիրված իր աշխատանքներով[4]։ Նյու Հեմփշիր նահանգի Դուբլին քաղաքի գեղարվեստական գաղութի հիմնադիրներից մեկն էր։
Ծնվել է 1863 թվականի հոկտեմբերի 11-ին Ռոդ Այլենդ նահանգի Պոտակետ քաղաքում՝ մեծածախ անտառարդյունաբերող Հենրի Սմիթի (անգլ.՝ Henry Francis Smith) և Էմմա Սմիթ Գրինլիֆի (անգլ.՝ Emma Greenleaf Smith) ընտանիքում։
Ծնողները կողմ էին, որ իրենց տղան արվեստ ուսումնասիրի, և Ժոզեֆը կրթություն է ստանում Բոստոնի թանգարանի գեղարվեստի դպրոցում։ 1883 թվականի աշնանը բոստոնյան դպրոցի իր ընկեր և համակուրսեցի Ֆրենկ Բենսոնի հետ Սմիթը տեղափոխվում է Եվրոպա։ Նրանք Փարիզում ապրում էին նույն բնակարանում, սովորում Ժյուլիանի ակադեմիայում` Ուիլյամ Բուգրոյի, Ժյուլ Ժոզեֆ Լեֆևբրեի և Գուստավ Բուլանժեյի մոտ։
Սմիթը մի քանի տարի անցկացնում է Եվրոպայում` ճանապարհորդելով Հունաստանում և Իտալիայում, հաճախ ընկերոջ` Ֆրենկ Բենսոնի ընկերակցությամբ, որը նկարել է երիտասարդ Սմիթի դիմանկարը (1884)։ Վենետիկում էքսկուրսիաներից մեկի ժամանակ Ժոզեֆը ծանոթանում է Իզաբելլա Գարդների հետ, ով դառնում է նրա ընկերն ու հովանավորը։
1899 թվականին Սմիթն ամուսնանում է Կորինա Պուտնամի (1883-1950) հետ[5]։ Իրենց հետագա ողջ կյանքի ընթացքում նրանք ձմեռային ամիսներն անցկացնում էին Եգիպտոսում, Ասիայում կամ Լատինական Ամերիկայում, իսկ ամռանն ապրում էին Դուբլինում, Նյու Հեմփշիրում։
1931 թվականին Ժոզեֆ Սմիթը նշանակվում է Բոստոնի գեղարվեստի թանգարանի դպրոցի նախագահ։ Նա նաև թանգարանի եգիպտական բաժանմունքի պատվավոր կուրատորն էր։ Նրա աշխատանքները պահվում են ԱՄՆ-ի տարբեր թանգարաններում, այդ թվում, Իզաբելլա Ստյուարտ Գարդների թանգարանում, Բոստոն Գեղարվեստի թանգարանում, Ֆիտչբուրգի Գեղարվեստի թանգարանում և «Fogg» թանգարանում։
Մահացել է 1950 թվականի հոկտեմբերի 18-ին։ Թաղված է Նյու Հեմփշիր նահանգի Դուբլին քաղաքի քաղաքային գերեզմանոցում, կնոջ հետ[6]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոզեֆ Լինդոն Սմիթ» հոդվածին։ |
|