Ջոն Կիրակոսյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 6, 1929[1][2] |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] |
Մահացել է | հունիսի 20, 1985[2] (56 տարեկան) |
Մահվան վայր | Մոսկվա, ԽՍՀՄ[2] |
Գերեզման | Թոխմախի գերեզմանատուն |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ |
Կրթություն | Երևանի պետական համալսարան (1951)[1] և Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտ (1954)[1] |
Կոչում | պրոֆեսոր[1][2] |
Գիտական աստիճան | պատմական գիտությունների դոկտոր[1][2] (1966) |
Մասնագիտություն | կուսակցական աշխատող, պետական գործիչ, պատմաբան և միջազգայնագետ |
Աշխատավայր | ՀԿԿ[1] և ՀՀ ԱԳՆ[1][2] |
Կուսակցություն | ԽՄԿԿ[1] |
Պարգևներ և մրցանակներ | |
Երեխաներ | Արման Կիրակոսյան |
Ստորագրություն | |
John Kirakosyan Վիքիպահեստում |
Ջոն Սահակի Կիրակոսյան (մայիսի 6, 1929[1][2], Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ[1][2] - հունիսի 20, 1985[2], Մոսկվա, ԽՍՀՄ[2], թաղված է Երևանում), հայազգի պատմաբան, պատմական գիտությունների դոկտոր (1966 թ.), պրոֆեսոր (1969 թ.), քաղաքական գործիչ, Հայկական ԽՍՀ արտաքին գործերի նախարար (1975-1985)։ Ջոն Կիրակոսյանի հեղինակած հիմնական ուսումնասիրությունները նվիրված են հայ ժողովրդի նոր և նորագույն պատմությանը, Հայկական հարցին և Հայոց ցեղասպանությանը։
Արման Կիրակոսյանի հայրն է։
Ջոն Կիրակոսյանը ծնվել է 1929 թվականի մայիսի 6-ին Երևան քաղաքում։ Միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո անմիջապես ընդունվել է Երևանի պետական համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետը, որն ավարտել է 1951 թվականին։ Նրա ասպիրանտական ուսումնառությունն անցել է Մոսկվայում՝ ԽՍՀՄ գիտությունների ակադեմիայի արևելագիտության ինստիտուտում, ուր մասնագիտացել է արևելյան երկրների նոր պատմության բնագավառում։ Նույն ինստիտուտում՝ 1954 թվականին, հաջողությամբ պաշտպանել է 1918-1921 թվականներին Իրանում անգլիական ինտերվենցիայի մասին թեկնածուական ատենախոսությունը։
Ջոն Կիրակոսյանը վերադառնում է հայրենիք և, ամենևին չանտեսելով գիտական իր պատրաստությունն ու անելիքները, մի շարք պատասխանատու կուսակցական, պետական աշխատանքներ է կատարում։ 1955-1962 թվականներին գլխավորում է «Լենինյան ուղիով» ամսագրի քարոզչության բաժինը։ Ապա չորս տարի աշխատում է ՀԿԿ կենտկոմի պրոպագանդայի և ագիտացիայի բաժնի վարիչի տեղակալ։ 1966-1969 թվականներին նա վարում էր Հայկական ԽՍՀ մինիստրների խորհրդի հեռուստատեսության և ռադիոհաղորդումների պետական կոմիտեի նախագահի, 1969-1975 թվականներին՝ ՀԿԿ-կենտկոմի գիտության և ուսումնական հաստատությունների բաժնի վարիչի, իսկ կյանքի վերջին տասնամյակում՝ 1975-1985 թվականներին, ՀԽՍՀ արտաքին գործերի նախարարի պաշտոնները։ 1967 թվականից Կիրակոսյանը դասախոսում էր սկզբում ԵՊՀ պատմության ֆակուլտետում, իսկ մեկ տարի անց, երբ հիմնադրվեց համալսարանի արևելագիտության ֆակուլտետը, աշխատանքի անցավ այնտեղ որպես դասախոս և ապա Արևելքի երկրների պատմության ամբիոնի վարիչ[3][4]։
Ջ. Կիրակոսյանի գիտական-ստեղծագործական աշխատանքները ծավալվում են 60-ական թվականներից, երբ համեմատաբար նպաստավոր պայմաններ են ստեղծվում գաղափարախոսական ոլորտում. անհատի պաշտամունքի քննադատությամբ պայմանավորված՝ ամբողջ երկրում իշխող գաղափարական պարտադրանքներն ինչ-որ չափով թուլացան, ստեղծվեց համեմատաբար ազատ ստեղծագործելու մթնոլորտ։ Շնորհիվ դրա 1960-ական թվականները դարձան հասարակական գիտությունների, հատկապես հայագիտության, հայ արվեստի ու գրականության և ամբողջ մշակույթի համար վերելքի ժամանակաշրջան։
Պատմագիտության մեջ այդ զարթոնքն արտահայտվեց մինչ այդ չխրախուսվող արգելված թեմաների, ինչպես՝ հայ ազգային-ազատագրական շարժումների, հայկական գաղութների ու սփյուռքի և այլ հիմնահարցերի ուսումնասիրությամբ։ Նախաձեռնվեց հայ ժողովրդի ընդհանրացնող պատմության ութհատորյակի ստեղծումը։ Ավելին, ակադեմիկոս Մկրտիչ Ներսիսյանին հաջողվեց հրատարակել «Հայերի գենոցիդը Օսմանյան կայսրությունում» փաստաթղթերի ու նյութերի ժողովածուն և այլն[5]։
1965 թվականին լույս է տեսնում Ջոն Կիրակոսյանի «Առաջին համաշխարհային պատերազմը և արևմտահայությունը (1914–1916 թթ.)» մենագրությունը։ Այն ունեցավ երկրորդ հրատարակություն (1967 թ.) և տպագրվեց նաև ռուսերեն (1971 թ.)։ Մենագրությունը լույս տեսավ հայ ժողովրդի ամենաողբերգական իրադարձության՝ Մեծ եղեռնի 50-ամյակի հուժկու շարժման ժամանակ։
Մենագրությունը սկսվում է Առաջին աշխարհամարտին նախորդող շրջանում Արևմտյան Հայաստանի ազգաբնակչության, նրա սոցիալ-տնտեսական և ազգային ծանր գոյավիճակի նկարագրությամբ։ Թվում էր, թե 1908 թվականի վերնախավային հեղաշրջումով արյունոտ սուլթան Աբդուլ Համիդ II-ին տապալած և իշխանության գլուխ եկած «Միություն և առաջադիմություն» («Իթթիհատ վե թերաքքի») երիտթուրքերի կուսակցությունն առաջադիմական քայլ կկատարեր կայսրության մեջ դժվարին պայմաններում ապրող ժողովուրդների նկատմամբ։ Սակայն հեղինակը վերլուծությամբ ցույց է տալիս, որ երիտթուրքերը ոչնչով չտարբերվեցին իրենց նախորդից, հայ ազգաբնակչության անմխիթար վիճակն ամփոփոխ մնաց։
Ջ. Կիրակոսյանը ներկայացնում է երիտթուրքերի պարագլուխների պանթուրքական վարդապետությունը։ Նրանք գտնում էին, որ Հայաստանն ու հայերը խանգարում են թուրքերի միավորմանը։ Նրանց գաղափարախոսներից դոկտոր Նազըմը նշում էր, որ իրենց նախնիները Թուրանից են եկել, և Կասպից ծովից դեպի արևելք ընկած ընդարձակ տարածքներում թուրք ցեղերն ապրում են գրեթե միատար, իսկ իրենք մնում են մեկուսացված։ Հետևաբար, իրենց առաքելությունն է համարում իրականացնելու թուրք ցեղի միությունը՝ Միջերկրականից մինչև Արալի ծովը։ Հասկանալի է, որ հայ ժողովուրդն էր համարվում գլխավոր խոչընդոտն այդ միավորումն իրականացնելու ճանապարհին։
Այնուհետև հեղինակն անդրադառնում է Առաջին աշխարհամարտին անմիջականորեն նախորդող քաղաքական իրադարձություններին։ Վկայակոչելով թուրքական նոր իշխանավորների օրոք կատարված 1909 թվականի Ադանայի կոտորածը՝ հանգամանորեն լուսաբանում է թուրքական հակահայկական նացիոնալիզմը, նրա տարաբնույթ դրսևորումները։ Ապա հեղինակն անցնում է 1912–1913 թվականների Բալկանյան պատերազմում թուրքերի պարտության և Հայկական հարցի վերաբացման խնդրին։
Այս գրքում, ուշագրավ է Ջոն Կիրակոսյանի կողմից հորինված հեռագիրը որն իբր ուղղված էր Օսմանյան կառավարության զինվորական մինիստր Էնվեր փաշային, Հայաստանի Հանրապետության կառավարության նախագահ Հովհաննես Քաջազնունու անունից։ Սակայն վերոնշյալ հեռագրի իսկությունը չի հաստատվում ոչ մի արխիվային փաստաթղթով։ Բացի այդ, հորինված հեռագրի ներքև ստորագրած երեք գործիչներից երկուսի զբաղեցրած պաշտոնները սխալ են ներկայացվել Ջոն Կիրակոսյանի կողմից[6]։
1972 թվականին լույս տեսավ Ջոն Կիրակոսյանի և Ռ. Սահակյանի կազմած «Հայաստանը միջազգային դիվանագիտության և սովետական արտաքին քաղաքականության փաստաթղթերում (1828–1923 թթ.)» ժողովածուն։ Այն ընդգրկում էր Հայաստանի միջազգային իրավական և քաղաքական պատմությանն առնչվող մեկդարյա բոլոր հիմնական փաստաթղթերը՝ 1828 թվականի Թուրքմենչայի պայմանագրից մինչև 1923 թվականի Լոզանի պայմանագիրը։ Գրքի ընդարձակ առաջաբանում Ջ. Կիրակոսյանը կատարել է ժողովածուի փաստաթղթերի և նյութերի գիտական քննություն[7]։
{{cite web}}
: CS1 սպաս․ բազմաթիվ անուններ: authors list (link) CS1 սպաս․ հավելյալ կետադրություն (link)
Վիքիդարանն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կիրակոսյան» հոդվածին։ |
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջոն Կիրակոսյան» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 5, էջ 451)։ |
|