Ռայլի Սմիթ | |
---|---|
Ծնվել է | ապրիլի 12, 1978[1] (46 տարեկան) |
Ծննդավայր | Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասան, հեռուստատեսային դերասան, մոդել, կինոդերասան և երգիչ |
Պարգևներ և մրցանակներ | |
Ռայլի Սմիթ (անգլ.՝ Riley Smith, ապրիլի 12, 1978[1], Սիդար Ռեփիդս, Այովա, ԱՄՆ[2]), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է հեռուստատեսային իր դերերով, մասնավորապես «24», «Նոր Ժաննա դ'Արկ», «90210», «Իրական արյուն» և «Առաքյալները» հեռուստասերիալներում։ Բացի այդ, Ռայլին մարմնավորել է «Դրայվ» և «Ռադիոալիք» հեռուստասերիալների գլխավոր հերոսներին։
Սմիթի ծնողներն են Ռուս և Ռոքսանա Սմիթները։ Նա ծնվել է ԱՄՆ Այովա նահանգի Սիդար Ռեփիդս քաղաքում և մեծացել Այովայի Մարիոն քաղաքում[3]՝ ծնողների ձիաբուծական ռանչոյում[4]։ Նա դարձել է հմուտ հեծյալ, պատանեկան հասակից մասնակցել ձիասպորտի մրցումների[5]։
Երբ Ռայլին 15 տարեկան էր, Ամերիկյան արշավաձիերի ասոցիացիայի համաշխարհային երիտասարդական առաջնության ժամանակ զբաղեցրել է 4-րդ հորիզոնականը[5], իսկ 16 տարեկանում դարձել նույն մրցույթի հաղթող[3]։ Երբ Ռայլին 17 տարեկան էր, ընտրվել է 50 000 անդամ ունեցող Ամերիկյան արշավաձիերի երիտասարդական ասոցիացիայի նախագահ՝ դառնալով երիտասարդական ասոցիացիայի ամենաերիտասարդ ղեկավարը[3][6]։
1997 թվականին ավարտել է Ալբունեթի ավագ դպրոցը։ Սկզբնական շրջանում Ռայլին մտադիր էր իր բարձրագույն կրթությունը շարունակել ձիասպորտի ոլորտում[3][4], բայց Սիդար Ռեփիդսի Վեսթդեյլ մոլում «բացահայտվել» է տաղանդներ փնտրող սկաուտի կողմից[7]։ Ռայլին մեկնել է Նյու Յորք՝ մասնակցելու Մոդելների և տաղանդների միջազգային ասոցիացիայի համաժողովին[4]։ Այնտեղ նա պայմանագիր է կնքել Tommy Hilfiger ընկերության հետ՝ դառնալով ընկերության գովազդային դեմքը[4][8][9]։ Աշխատած գումարը նա օգտագործել է դերասանական դասընթացների մասնակցելու համար[3][10]։
Հիլֆիգերի նկարահանումներից երեք ամիս անց, Սմիթը մեկնել է Լոս Անջելես՝ մասնակցելու The WB Television Network-ի պիլոտային սերիալներից մեկի փորձնական նկարահանումներին[11][12], սակայն պիլոտային սերիան չգոհացրեց հեռուստատեսության ղեկավարությանը և այն եթեր դուրս չեկավ։ Հետագայում, նա մասնակցել է 8 փրայմ թայմ հեռուստասերիալների պիլոտային սերիաներին և երեք հեռուստասերիալներում մարմնավորել երկրորդական դերեր։
Սմիթը երկրորդական դերեր է մարմնավորել CBS-ի «Նոր Ժաննա դ'Արկ», Fox-ի «24» հեռուստասերիալի 3-րդ եթերաշրջանում՝ մարմնավորելով Քայլ Սինգերին[11], WB-ի «Հավերժական ամառ» և NBC-ի «Այլանդակները և խելագարները» հեռուստասերիալումներում։ 2007 թվականին նա նկարահանվել է նաև «Դռայվ» հեռուստասերիալում։ Սմիթը մարմնավորել է Դին Թելոնի դերը «Մոտոքրոս» ֆիլմում, որի արտադրությամբ զբաղվել է Disney Channel-ը։
2008 թվականին Սմիթը միացել է Կինոյի և հեռուստատեսության ակադեմիային՝ ստեղծելու առցանց կրթական հոլովակներ երեխաների և դեռահասների համար, որոնք հետաքրքրված էին կինոարտադրության ոլորտով[4]։ 2009 թվականին նա նկարահանվել է «Ոգիների հետ խոսողը» հեռուստասերիալի սերիաներից մեկում, որտեղ նկարահանվում էր նաև Ջենիֆեր Լավ Հյուիթը։ 2012-2013 թվականներին նկարահանվել է «90210» հեռուստասերիալի 7 սերիաներում՝ մարմնավորելով Ռայլի Ուոլեսին։
2014 թվականին Սմիթը նկարահանվել է HBO-ի «Իրական արյուն» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Քեյթի դերը։ 2015 թվականին նա մարմնավորել է Մարկուս Քենի դերը՝ ABC-ի Նեշվիլ երաժշտական հեռուստասերիալում, իսկ 2016 թվականին էլ CW-ի «Ռադիոալիք» հեռուստասերիալում՝ մարմնավորելով Ֆրենկ Սալիվանին։
Սմիթը նկարահանվել է «Սարդերի հարձակումը», «Ոչ մանկական ֆիլմ», «Ռադիո», «Նյույորքյան րոպե», «Ձգտիր հաջողության» և Սանդենս կինոփառատոնի ժյուրիի գլխավոր մրցանակի նոմինանտ «Զինամթերք» ֆիլմերում[13]։
«Նյույորքյան րոպե» ֆիլմում Ռայլին և նրա խաղընկեր Ջարեդ Պադալեկին ընտրվել են գլխավոր դերասաններ Մերի-Քեյթ և Էշլի Օլսենների կողմից[11]։ Ջիմի դերը մարմնավորելուց հետո, սիրահարված լինելով Էշլիի կերպարին՝ Ջեյնին, խոստովանել է, որ չի կարողանում քույրերին միմյանցից տարբերակել[14]։
«Ռադիո» ֆիլմում Սմիթը մարմնավորել է Ջոնի Քլեյի դերը[7]։ Այդ դերի համար 2005 թվականին նա արժանացել է «CAMIE» մրցանակի[15]։
|