Ռոբերտ Ռեյֆորդ անգլ.՝ Robert Rayford | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 3, 1953 |
Ծննդավայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Մահացել է | մայիսի 15, 1969 (16 տարեկան) |
Մահվան վայր | Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ![]() |
Ռոբերտ Լի Ռեյֆորդ[1] (փետրվարի 3, 1953, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ - մայիսի 15, 1969, Սենթ Լուիս, Միսսուրի, ԱՄՆ), իր տարիքի պատճառով երբեմն նշված որպես Ռոբերտ Ռ., եղել է Միսսուրիից ամերիկացի դեռահաս, որը համարվում է Հյուսիսային Ամերիկայում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի առաջին հաստատված դեպքը[2]: Սա հիմնված է 1988 թվականին հրապարակված ապացույցների վրա, որում հեղինակները պնդում էին, որ ըստ բժշկական ապացուցների՝ նա «վարակված է մարդու իմունային անբավարարության առաջին տիպի նման կամ նույնական վիրուսով»[3]:
Ռեյֆորդը մահացել է թոքաբորբից[4], սակայն նրա մյուս ախտանշանները տարակուսանք էին առաջացրել նրան բուժող բժիշկների մոտ։ 1988 թվականին հրապարակված ուսումնասիրության մեջ հաղորդում էր ՄԻԱՎ-ի դեմ հակամարմինների հայտնաբերման մասին[5]։ ՄԻԱՎ-ի գենետիկական նյութի առկայության թեստավորման արդյունքները ներկայացվել էին 1999 թվականին Ավստրալիայում կայացած գիտաժողովում: Այնուամենայնիվ, այս տվյալները երբեք չեն հրապարակվել գրախոսվող բժշկական կամ գիտական ամսագրերում:
Ռոբերտ Ռեյֆորդը ծնվել է 1953 թվականի փետրվարի 3-ին, Սենթ Լուիսում, Միսուրի նահանգում: Որպես միայնակ ծնող, նրա մայր Կոնստանսը ստիպված է եղել մեծացնել երկու զավակներին միայնակ: Ռեյֆորդները ապրել են Սենթ Լուիսի Հին Հյուսիս թաղամասում, որտեղ 19-րդ դարի աղյուսե տները մատչելի բնակարաններ են տրամադրել մի շարք աֆրոամերիկյան բանվոր ընտանիքների, ինչպիսին եղել է նաև իրենց ընտանիքը[6]: Ռեյֆորդի անձնական կյանքի մասին շատ բան չի բացահայտվել:
1968 թվականի սկզբին 15-ամյա Ռեյֆորդը ընդունվել է Սենթ Լուիսի քաղաքային հիվանդանոց[4]: Նրա ոտքերն ու սեռական օրգանները ծածկված են եղել պալարներով և վերքերով: Նա ունեցել է ամորձիների և կոնքային շրջանի ուժեղ այտուց, որը հետագայում տարածվել է նրա ոտքերի վրա, հանգեցնելով լիմֆեդեմայի սխալ ախտորոշման:
Նա նիհարել է, գունատվել և տառապել շնչառությունից: Ռեյֆորդը բժիշկներին ասել է, որ այս ախտանշաններն ունեցել է առնվազն 1966 թվականի վերջից:
Հետազոտությունները հայտնաբերել են քլամիդիոզի ծանր վարակ, որը, անսովոր կերպով, տարածվել է նրա ողջ մարմնով: Ռեյֆորդը հրաժարվել է ուղիղ աղիքի զննումից, և նկարագրվել է որպես ոչ հաղորդակցվող և ինքնամփոփ[4][7]:
Բժիշկ Մեմորի Էլվին-Լյուիսը, որը զբաղվել է նրա դեպքով, հիշել է Ռեյֆորդի ամաչկոտ և տատանվող անձնավորությունը. «Նա տիպիկ 15-ամյա էր, ով չի խոսելու մեծահասակների հետ, հատկապես երբ ես սպիտակամորթ եմ, իսկ նա՝ սևամորթ: Նա հաղորդակցվող անհատ չէր: Նա գիտեր, որ հենց ես սենյակ եմ մտնում, ինչ-որ բան ավելին եմ ուզում նրանից՝ ավելի շատ արյուն, ավելի շատ լիմֆատիկ հեղուկ, ավելի շատ ինչ-որ բան»[6]:
Ռեյֆորդը հակասական հայտարարություններ է արել իր սեռական պատմության վերաբերյալ: Մի պահ Ռեյֆորդը պնդել է, որ ինքը «բոլոր ժամանակների ամենաուժեղն է»: Մեկ այլ պահի նա պնդել է, որ իր թաղամասից մի երիտասարդ կին է եղել իր միակ զուգընկերը սեռական հարաբերությունների համար, և իր վիճակը վերագրել է նրա հետ սեռական շփմանը[6][8]:
Ռեյֆորդին բուժող բժիշկները կասկածել էին, որ նա անչափահաս սեռական աշխատող է և անալ սեքսի ակցեպտոր, բայց երբեք չէին դիտարկել նրա՝ երեխա սեռական բռնության զոհ լինելու հնարավորությունը[7][8][9]: Ի վերջո, նրան տեղափոխել էն Բարնս-Ջուիշ հիվանդանոց, որը սկզբում եղել էր Բարնս հիվանդանոցը՝ մինչև 2 հիվանդանոցների միաձուլումը[1]:
1968 թվականի վերջին Ռեյֆորդի վիճակը թվում էր կայունացած։ 1969 թվականի մարտին նրա ախտանշանները կրկին ի հայտ եկան և վատթարացան։ Նա ուներ շնչառության ավելի մեծ դժվարություններ, և նրա արյան մեջ առկա լեյկոցիտների քանակը կտրուկ նվազել էր։ Բժիշկները պարզել էին, որ նրա իմունային համակարգը անգործունակ էր։ Նա ջերմություն ուներ և մահացել է 1969 թվականի մայիսի 15-ին, երեկոյան ժամը 11։ 20-ին թոքաբորբից[4]։
Ռեյֆորդի մարմնի դիահերձումը, որը ղեկավարում էր Ուիլյամ Դրեյքը, բացահայտել էր մի շարք անոմալիաներ։ Մանր մանուշակագույն վնասվածքներ էին հայտնաբերվել Ռեյֆորդի ձախ ազդրին և ներքին փափուկ հյուսվածքներում, ներառյալ «ուղիղ աղիքում և հետանցքում»։ Դրեյքը եզրակացրեց, որ դա Կապոշիի սարկոմա էր՝ քաղցկեղի հազվագյուտ տեսակ, որ հիմնականում հանդիպում էր միջերկրածովյան կամ աշկենազյան ծագում ունեցող հրեա տարեց տղամարդկանց վրա[10], սակայն գրեթե անլսելի էր սևամորթ դեռահասների շրջանում[11]։ Կապոշիի սարկոման հետագայում դասակարգվեց որպես ՁԻԱՀ-ին բնորոշող հիվանդություն[12]։
Այս բացահայտումները շփոթեցրել էին բուժող բժիշկներին։ 1973 թվականին դեպքի վերանայումը հրապարակվել էր «Լիմֆոլոգիա» բժշկական ամսագրում[13]։
ՁԻԱՀ-ի վիրուսը, որը ի սկզբանե կոչվում էր «լիմֆադենոպաթիայի հետ կապված վիրուս», առաջին անգամ հայտնաբերվել է 1983 թվականին, և այդ ժամանակ արագորեն տարածվում էր Նյու Յորքի և Լոս Անջելեսի գեյ տղամարդկանց համայնքներում։ 1984 թվականին Մարլիս Ուիթը՝ այն բժիշկներից մեկը, որ Էլվին-Լյուիսի նման խնամել էր Ռեյֆորդին մինչև նրա մահը և նաև օգնել էր դիահերձման ժամանակ, հալեցրել և թեստավորել էր հյուսվածքների նմուշները, որոնք պահպանվել էին Ռեյֆորդի դիահերձումից հետո։ Թեստի արդյունքները բացասական էին[7]։
1987 թվականի հունիսին Ուիթը կրկին թեստավորել էր հյուսվածքների նմուշները՝ օգտագործելով Վեստերն բլոթ՝ այն ժամանակ առկա ամենազգայուն թեստը։ Վեստերն բլոթ թեստը ցույց տվեց, որ Ռեյֆորդի արյան մեջ կային ՁԻԱՀ-ի բոլոր ինը հայտնաբերվող սպիտակուցների դեմ հակամարմիններ։ Հակածնի հայտնաբերման քննությունը հայտնաբերել էր ՁԻԱՀ-ի հակածիններ հյուսվածքների նմուշներում, բայց ոչ շիճուկում[3]։ «Նեյչր» գիտական ամսագրին 1990 թվականին ուղղված նամակում Ռոբերտ Ֆ. Գարին նշել էր, որ ՁԻԱՀ-ի ԴՆԹ-ն ուղղակիորեն հայտնաբերելու ջանքերն ընթացքի մեջ էին. «Նախավիրուսային ԴՆԹ-ն վերջերս հայտնաբերվել է նրա հյուսվածքներում ՊՇՌ մեթոդի միջոցով՝ համագործակցելով Ջ. Սնինսկիի և Ս. Կվոկի հետ (Սետուս Կորպորացիա, Էմերիվիլ, Կալիֆոռնիա), սակայն նուկլեոտիդային հաջորդականության վերլուծությունը դեռ ավարտված չէ»[14]։
1999 թվականի կոնֆերանսի ամփոփագիրը ներկայացրել էր Ռեյֆորդի կենսաբանական նմուշներում ՁԻԱՀ-ի ԴՆԹ-ի թեստավորման ուսումնասիրությունը[15]։ Ամփոփագիրը հաղորդեց Ռեյֆորդի նմուշներում ՁԻԱՀ-ի գեների հայտնաբերման մասին, որոնք շատ նման էին ՁԻԱՀ-ի IIIB նմուշին, որը հայտնաբերվել էր Ֆրանսիայում 1980-ականներին և լայնորեն օգտագործվում էր որպես լաբորատոր հետազոտության նմուշ։ Այս ուսումնասիրությունը երբեք չի հրապարակվել գիտական ռեցենզավորված ամսագրերում։ Ո՛չ Ջոն Սնինսկին, ո՛չ Շիրլի Կվոկը նշված չեն եղել որպես ամփոփագրի հեղինակներ։ Ամփոփագիրը պնդում էր, որ ՁԻԱՀ-ի IIIB նմուշով լաբորատոր աղտոտումը անհավանական էր, քանի որ ԴՆԹ թեստավորումն արվել էր Ռեյֆորդի կենսաբանական նմուշների վրա՝ առանց կուլտիվացման[15]։
Ռեյֆորդի վերջին հայտնի հյուսվածքային նմուշները գտնվում էին Նոր Օռլեանի լաբորատորիայում և պատահաբար ոչնչացվել էին Կատրինա փոթորիկի ժամանակ 2005 թվականին՝ կանխելով հետագա թեստավորումը[11]։
Ռեյֆորդը երբեք չէր ճանապարհորդել Միացյալ Նահանգներ Միջին Արևմտյան շրջանից դուրս և բժիշկներին հայտնել էր, որ երբեք չէր ստացել արյան փոխներարկում։ Եթե Ռեյֆորդն իրոք վարակված էր ՁԻԱՀ-ով, ինչպես պնդում է հետազոտողների մի խումբ, վարակի փոխանցման ուղին ենթադրվում է, որ դա եղել է սեռական հարաբերության միջոցով։ Քանի որ երբեք չէր լքել ԱՄՆ-ն, հետազոտողները, ովքեր պնդում են, որ Ռեյֆորդը ներկայացնում էր ՁԻԱՀ-ի վարակի վաղ դեպք, ենթադրում են, որ ՁԻԱՀ-ը կարող էր ներկա լինել Հյուսիսային Ամերիկայում նախքան Ռեյֆորդի մոտ 1966 թվականին դրա ախտանշանների ի հայտ գալը[2]։
Ռեյֆորդը երբեք չէր եղել այնպիսի խոշոր քաղաքներում, ինչպիսիք են Նյու Յորքը, Լոս Անջելեսը կամ Սան Ֆրանցիսկոն, որտեղ առաջին անգամ նկատվել էր ՁԻԱՀ-ի համաճարակը Միացյալ Նահանգներում[16]։ Սենթ Լուիսի միակ նշանակալի միջազգային կապը TWA ավիաընկերության գլխավոր հանգույցն էր։ 1980-ականների սկզբին այս դեպքը հետազոտող բժիշկները և այլոք ենթադրում էին, որ Ռեյֆորդը կարող էր սեռական բռնության կամ մանկական մարմնավաճառության զոհ լինել[7][9]։
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link)