Ռոբինիա կպչուն

Ռոբինիա կպչուն
Գիտական դասակարգում
Թագավորություն Բույսեր
Կարգ Բակլածաղկավորներ
Ընտանիք բակլազգիներ
Ցեղ ռուբինա
Տեսակ Ռոբինիա կպչու
Լատիներեն անվանում
R. viscosa Vent.


Ռոբինիա կպչուն (լատին․՝  R. viscosa Vent.), բակլազգիների ընտանիքի, ռուբինա ցեղի բույս։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տերևաթափ ծառ է՝ մինչև 12 մ բարձրությամբ, լայն սաղարթով և մինչև 35 սմ տրամագծի բնով, որը ծածկված է հաստ գորշադարչնավուն, հարթ կեղևով։ Ընձյուղները, տերևակոթունները, ծաղկաբույլերի առանցքը, ծաղկակոթունը և բաժակը կպչուն են, քանի որ ծածկված են գեղձիկավոր մազմզուկներով։ Տերևների երկարությունը հասնում է մինչև 20 սմ-ի, կազմված 1 3-25 (երբեմն՝ 27) տերևիկներից։ Վերջիններս երկարավուն էլիպսաձև են, 2,5-4 սմ երկարությամբ և մինչև 2 սմ լայնությամբ, կլորավուն կամ սեպաձև հիմքով և բութ գագաթով, սկզբում թեթևակի աղվամազապատ, ավելի ուշ՝ վերևի կողմից մերկ, վառ կանաչ, ներքևի կողմից մոխրավուն, մերկ կամ մազմզուկապատ, տերևակիցները վերածվել են մախաթանման փշիկների։ Ծաղիկները վարդագույն են, մոտ 2 սմ երկարությամբ, առանց բուրմունքի, 6-15 հատ հավաքված գրեթե ուղղաձիգ ողկույզներում, որոնց երկարությունը հասնում է 5-1 0, լայնությունը՝ 4-5 սմ-ի։ Առագաստն ունի դեղին բիծ, բաժակը մուգ կարմիր է, նեղ եռանկյուն ատամիկներով։ Ունդերը երկարավուն գծանման են 5,5-9 սմ երկարությամբ և մինչև 1,2 սմ լայնությամբ, ծայրին կեռ քթիկով, ծածկված գեղձիկավոր, խոզանականման աղվամազով։ Սերմերը երկարավուն երիկամաձև են, հարթ, դարչնագույն, անփայլ։ Սեզոնում ծաղկում է երկու անգամ, ապրիլ-մայիս ամիսներին և հուլիսին։ Պտուղները հասունանում են օգոստոս-սեպտեմբեր ամիսներին։

Տարածվածություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տարածված է հյուսիսային Ամերիկայում, հյուսիսային Կարոլինայից մինչև Ալաբամա, Ալլեգանյան լեռներում։ Մեր հանրապետությունում մշակվում է Երևանում, Իջևանում, Նոյեմբերյանում, Բյուրականում։ Ամենուրեք աչքի է ընկնում մեծ դիմացկունությամբ անբարենպաստ պայմանների նկատմամբ, առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Պիտանի է ստորին և միջին լեռնային գոտիների բնակավայրերի կանաչապատման համար, ծովի մակերևույթից մինչև 1400-1500 մ բարձրությունների վրա։ Էկոլոգիական խումբը՝ IV[1]:

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հարությունյան Լ․ Վ․, Հարությունյան Ս․ Լ․, Հայաստանի դենդրոֆլորան, հ. (2), Երևան, «Լույս հրատարակչություն», 1985, էջ (51-53)։
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինիա կպչուն» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբինիա կպչուն» հոդվածին։