Ռուդոլֆ Մուրադի Մուրադյան | |
---|---|
Ծնվել է | 1936 հունիսի 19 Հայաստան |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ, Հայաստան և Բրազիլիա |
Ազգություն | հայ |
Մասնագիտություն | ֆիզիկոս-տեսաբան |
Հաստատություն(ներ) | ՄՀՄԻ, Երևանի ֆիզիկայի ինստիտուտ, ՀՀ ԳԱԱ Վ. Հ. Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարան և Բահիա նահանգի համալսարան |
Գործունեության ոլորտ | տեսական ֆիզիկա |
Անդամակցություն | Պապական գիտությունների ակադեմիա[1] |
Ալմա մատեր | Մոսկվայի պետական համալսարան |
Գիտական աստիճան | ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր |
Տիրապետում է լեզուներին | պորտուգալերեն |
Պարգևներ | |
Կուսակցություն | ԽՄԿԿ |
Ռուդոլֆ Մուրադի Մուրադյան (հունիսի 19, 1936, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ ֆիզիկոս-տեսաբան։ Ֆիզմաթ գիտությունների դոկտոր (1970), ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս (1996 թվականին, թղթակից անդամ՝ 1986 թվականից), Գիտությունների պապական ակադեմիայի անդամ (1994)[2]։
1959 թվականին ավարտել է Մոսկվայի պետական համալսարանը։ 1962-1979 թվականներին աշխատել է Դուբնայի միջուկային հետազոտությունների միացյալ ինստիտուտի տեսական ֆիզիկայի լաբորատորիայում, 1979-1986 թվականներին` Երևանի ֆիզիկայի ինստիտուտի ճառագայթային հետազոտությունների բաժնի վարիչ, 1986-1996 թվականներին աշխատել է Բյուրականի աստղադիտարանում։ 1996 թվականից բնակվում է Բրազիլիայում։
Աշխատանքները վերաբերում են տարրական մասնիկների տեսությանը, տիեզերածնության և մաթեմատիկական ֆիզիկայի խնդիրներին։ Զբաղվել է տարրական մասնիկների բարձրագույն համաչափությունների հարցերով։ Ելնելով տարրական մասնիկների փոխազդեցությունների հատկություններից` առաջարկել է մասշտաբային ինվարիանտության վարկածը բարձր էներգիաների ֆիզիկայում, որից, մասնավորապես, բխում է այսպես կոչված, քվարկային հաշվի բանաձևը[3]։ Մուրադյանի առաջարկած տիեզերածնության վարկածը, կապված Վիկտոր Համբարձումյանի տիեզերածնության տեսության հետ, թույլ է տալիս բացատրել տիեզերական օբյեկտների (աստղեր, գալակտիկաներ և այլն) պտույտի առաջացումը քանակական առումով՝ հիմնվելով տարրական մասնիկների ֆիզիկայում հայտնի պտտման մոմենտի և զանգվածի միջև գոյություն ունեցող կապի վրա[4][5]։
|