Թեղի մարատերև | ||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Գիտական դասակարգում | ||||||||||
|
||||||||||
Լատիներեն անվանում | ||||||||||
Տecurinega suffruticosa
|
Սեկուրինեգա կիսաթփային (լատին․՝ Տecurinega suffruticosa), կաթնուկազգիների ընտանիքի սեկուրինեգա ցեղի բույս։
Տերևաթափ թուփ է 1,5-2 մ բարձրությամբ, բարակ, երկար, ուղիղ, բաց դեղնավուն կամ կանաչ, ճիպոտանման ճյուղերով։ Համեմատաբար ծեր ճյուղերի կեղևը մոխրագույն է։ Բողբոջները ծածկված են մի քանի արտաքին թեփուկներով։
Տերևները ամբողջական են, էլիպսաձև կամ ձվաձև, ձվաձև-նշտարաձև, հազվադեպ հակառակձվաձև, 1,5-7 սմ երկարությամբ և 0,6-3,5 սմ լայնությամբ, կլորավուն կամ սուր գագաթով և սեպաձև հիմքով, ամբողջաեզր են, կամ վերին հատվածում անկանոն ատամնաեզր, թեթևակի կաշվենման, մերկ, վառ կամ դեղնականաչ, փոքր, կաշվենման տերևակիցներով։ Կոթունների երկարությունը հասնում է 2-4 միլիմետրի։ Երկտուն բույս է։
Ծաղիկները կանաչ են կամ կանաչադեղնավուն, առանց պսակաթերթիկների, առէջայինները մոտ 3 մմ տրամագծով, 3-12 հատ հավաքված են տերևածոցերում գտնվող փնջերում, 5 օվալաձև, ուռուցիկ բաժակաթերթիկներով, որոնք ունեն 2 մմ երկարություն։ Առէջները 5-6 հատ են, դուրս են գալիս բաժակից և ամրացած են ներառէջային սկավառակին։ Սերմնարանի ռուդիմենտը սովորաբար եռաբլթակ է։ Վարսանդային ծաղիկները մեկական են կամ 3-8 հատ միասին, ունեն սերմնարանի տակ լայնացած ծաղկակիրներ մինչև 1 սմ երկարությամբ։ Սերմնարանը գնդաձև է, եռաբուն, յուրաքանչյուր բնում՝ 2 սերմնաբողբոջ։ Սռնակները 3-ն են, վերևի մասում լայնացած և մինչև կեսը ճեղքված երկու մասի։ Տուփիկը կլորավուն է, եռաբլթակ, 5 մմ տրամագծով, վերևից սեղմված, եռաբուն, յուրաքանչյուր բնում՝ 2 սերմ։ Սերմերը եռանիստ են, հարթ, բարակ կեղևով։ Ծաղկում է հունիս-օգոստոս ամիսներին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբերին։
Բնական պայմաններում տարածված է Արևելյան Սիբիրում (Դահուրիա), Հեռավոր Արևելքում, Կորեայում, Հյուսիսարևելյան Չինաստանում (Մանջուրիա)։ Հայաստանում մշակվում է միայն Երևանի բուսաբանական այգում և նրա լեռնային բաժանմունքներում։ Ամենուրեք աչքի է ընկնում որպես միանգամայն դիմացկուն թփատեսակ, որն էկոլոգիական ճնշվածության նշաններ հանդես չի բերում։ Առատորեն ծաղկում և պտղաբերում է։ Սևանի բուսաբանական այգու պայմաններում միայն թեթևակի ցրտահարվում է[1]։