Տերևաթափ, փոքր կամ թփանման ծառ է, 1,5-4 մ բարձրությամբ։ Ճյուղերը մոխրա կամ կարմրագորշավուն են։ Երիտասարդ ընձյուղները թաղիքամազմզուկապատ են։ Փշերը սակավաթիվ են, 0,5-1,5 սմ երկարությամբ (երբեմն՝ տերևակալած)։ Տերևները հակառակ ձվաձև են, սեպաձև հիմքով, 5-7-աբաժան, սղոցաեզր բլթակներով, կարճացած ընձյուղների վրա 1,5-3 սմ երկարությամբ և մինչև 2,2 սմ լայնությամբ, երկարացած ընձյուղների վրա ավելի խոշոր տերևներով, երկու կողմից էլ բրդանման աղվամազապատ, վերևի կողմից մուգ կանաչ, ներքևից՝ ավելի բաց գույնի։ Ծաղկաբույլերը 3-5 սմ տրամագիծ ունեն, կազմված են 10-15 ծաղիկներից, որոնք
նույնպես ծածկված են խիտ թաղիքանման մազմզուկներով։ Ծաղիկներն ունեն 1,5 սմ տրամագիծ, երկարավուն նշտարաձև բաժակաթերթիկներով, որոնք մնում են պտուղների վրա, ինչպես և հիպանթիումը, խիտ մազմզուկապատ։ Առէջները 20 հատ են, սռնակները՝ 2: Պտուղը կարճ էլիպսաձև է, հիմքում մի փոքր լայնացած 1,2-1,8 սմ տրամագծով, մուգ գինեկարմիր, մսալի, 2 կամ 1 կորիզով։ Ծաղկում է մայիսին, պտուղները հասունանում են սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին։