Սիրքեջի (թուրքերեն՝ Sirkeci), արվարձան Ստամբուլի Ֆաթիհ շրջանի Էմինյոնյու թաղամասում[1]։ Արվարձանը գտնվում է քաղաքի եվրոպական հատվածում։ Արվարձանի ափերը հյուսիսում ողողում են Ոսկեղջյուրի ջրերը, արևմուտքում սահմանակից է Բահչեքափը թաղամասին, արևելքում՝ Թոփքափը ամրոցի հարակից տարածքներին, իսկ հարավում՝ Չաղալօղլու թաղամասին։ Սիրքեջիում է գտնվում համանուն կայարանը, երբեմնի Արևելյան ճեպընթացի կայարաններից մեկը, որն իրար էր կապում Եվրոպան և Միջին Արևելքը։
Արվարձան-թաղամասում հիմնականում առկա են առևտրային և տուրիստական հաստատություններ։ Այստեղ գործում են փոքր խանութներ, արհեստանոցներ, փոքր հյուրանոցներ, թուրքական ավանդական ռեստորաններ, թուրքալեզու ու օտարալեզու գրախանութներ և զբոսաշրջային գրասենյակներ[2]։
Բյուզանդական ժամանակաշրջանում այս տարածքը կոչվել է «Ֆոսֆորիոն» (հին հունարեն՝ Φωσφόριον)։
Լինելով Արևելյան ճեպընթացի հիմնական կայարաններից մեկը՝ Սիրքեջին մնում է Ստամբուլի տրանսպորտային գլխավոր հանգույցներից մեկը, որն իրար է միավորում քաղաքի տրամվայի, երկաթուղային և ջրային տրանսպորտի ցանցերը։ Թուրքական երկաթուղու Սիրքեջի կայարանը համարվում է քաղաքի եվրոպական հատվածի տրանսպորտային գլխավոր կետը, որն ապահովում է ծովային երկու խոշոր ուղղություններ հունական Սալոնիկ և ռումինական Բուխարեստ։ Բացի այդ, համարվում է Հալքալը վերգետնյա երկաթուղային համակարգի կայարաններից մեկը, որն անցնում է Մարմարա ծովի ափով։ Բոսֆորի նեղուցի տակով կառուցված Մարմարայ երկաթուղային թունելը, որն իրար է կապում քաղաքի եվրոպական և ասիական տրանսպորտային ցանցերը, նույնպես սպասարկում է Սիրքեջի արվարձանը։
Թաղամասում բազմաթիվ հյուրանոցների բացումից հետո, Սիրքեջին դարձել է պատմական Սարայբուրնու թաղամասի զբոսաշրջային կարևոր կենտրոններից մեկը։ Գտնվելով Բեյօղլու թաղամասի և Սուլթանահմեդի միջև՝ Սիրքեջին ապահովում է քաղաքի զբոսաշրջիկների կեցության հարցը։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիրքեջի» հոդվածին։ |
|