Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցի, հայկական եկեղեցի Հնդկաստանի Չեննայ քաղաքում։ Հնդկական ենթամայրցամաքի ամենահին եկեղեցիներից մեկն է։ Հայտնի է իր զանգակատնով, որն ունի վեց զանգ։ Կոչվում է նաև Հայկական եկեղեցի և գտնվում է Չեննայի Հայկական փողոցում։
Սուրբ Մարիամ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1712 թվականին[1] և վերակառուցվել 1772 թվականին։ Եկեղեցին չի գործել գրեթե կես դար, քանի որ շենքը խիստ վնասվել է տարերային աղետների հետևանքով։ Կալկաթայի հայկական համայնքի ջանքերով այն ամբողջովին վերականգնվել է և նորից օծվել 2008 թվականի նոյեմբերին[2]։
Մայքլ Սթիվենը եղել է եկեղեցու վերակացուն, մինչև 2004 թվականը[3]։ Հետագայում վերակացու է դարձել Թրևոր Ալեքսանդրը (2010)։
Տարբեր չափեր ունեցող վեց զանգերը (21-26 դյույմ, յուրաքանչյուրի քաշը՝ շուրջ 150 կգ) համարվում են ամենամեծ և ամենածանր զանգերը Չեննայում։
Զանգերը ձուլվել են տարբեր ժամանակներում․
Հայերեն գրությամբ մի զանգը պատրաստվել է 1754 թվականին։ Վերափոխվել է 1808 և ունի նաև թամիլերեն գրություն։
Մյուս զանգի գրությունը նշում է, որ այն պատրաստվել է 1778 թվականին։
Եվս երկու զանգերի գրությունները փաստում են, որ դրանք նվիրվել են եկեղեցուն ի հիշատակ տասնիննամյա Էլիեզեր Շոմիեի, որը թաղված է եկեղեցու բակում։ Էլիեզեր եղել է Մադրաս քաղաքի (ներկայում՝ Չեննայ) հայ առաջավոր առևտրականի կրտսեր որդին, որին պատկանել է այն հողատարածքը, որտեղ ներկայում կանգնած է եկեղեցին։
Մյուս երկու զանգերը թվագրված են 1837 թվականով և ձուլվել են «Whitechapel Bell Foundry» ընկերության կողմից, որը հետագայում հայտնի է դարձել որպես «Mears & Stainbank», գրությունը՝ «Թոմաս Միրս, հիմնադիր։ Լոնդոն»։