Վաղատին, գյուղ Հայաստանի Սյունիքի մարզի Սիսիան համայնքում[1]։
Բնակավայրի պաշտոնական անունը Վաղատին է[1]։ Ռուսական կայսրության և Խորհրդային Միության ժամանակաշրջանում կոչվել է Վաղուդի։ 1991 թվականին վերանվանվել է Վաղատին։
Բնակավայրը գտնվում է Որոտան գետի ձախ ափին՝ ծովի մակերևույթից 1540-1620 մ բարձրության վրա։ Հեռավորությունը Սյունիքի մարզի մարզկենտրոն Կապան քաղաքից ճանապարհով կազմում է մոտ 81 կմ, իսկ Սիսիան քաղաքից հեռու է մոտ 7 կմ դեպի արևելք։
Գյուղի մասին առաջին հիշատակումները տրվում են 12-ից 13-րդ դարերում՝ Ստեփանոս Օրբելյանի կողմից։ Հիշատակվել է նաև Ղևոնդ Ալիշանի կողմից, ով օգտագործել է «Վաղադին» տարբերակը։ Միջնադարում գյուղը եղել է գրչության կենտրոն, որտեղ ապրել և լայնամասշտաբ գործունեություն է ծավալել Հովհան Որոտնեցին։ Գրիգոր Տաթևացին գյուղի շրջակայքում գտնվող Որոտնավանքում լատիներենից թարգմանել է Պետրոս Արագոնացու «Գիրք առաքինությանց» աշխատությունը։
Համաձայն 2011 թվականին Հայաստանում անցկացված մարդահամարի արդյունքների՝ Վաղատինի մշտական բնակչությունը կազմել է 593, առկա բնակչությունը՝ 463 մարդ[2]։ Ռուսական կայսրության վերջին և Խորհրդային Միության ժամանակաշրջաններում գյուղը բնակեցվածն է եղել ադրբեջանցիներով, որոնք հեռացել են 1988-1989 թվականներին[3][4]։ Գյուղում վերաբնակվել են հայեր, ովքեր բռնագաղթել են Խորհրդային Ադրբեջանից[4]։ Ստորև ներկայացված է Վաղատին գյուղի բնակչության թվային փոփոխությունն ըստ տարիների[3][4].
Տարի
|
1831
|
1873
|
1897
|
1926
|
1939
|
1959
|
1970
|
1979
|
1989
|
2001
|
2011
|
Բնակիչ
|
44
|
209
|
1286
|
527
|
783
|
1132
|
1318
|
1111
|
537
|
631[5]
|
593[2]
|
- ↑ 1,0 1,1 1,2 Տեղեկություններ Սիսիան համայնքի մասին Սյունիքի մարզի մարզպետարանի կայքում, (արխիվացված 27․11․2023 թվական)։
- ↑ 2,0 2,1 2,2 2011 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները
- ↑ 3,0 3,1 Զավեն Կորկոտյան, «Խորհրդային Հայաստանի բնակչությունը վերջին հարյուրամյակում (1831-1931)»
- ↑ 4,0 4,1 4,2 «Հայաստանի և հարակից շրջանների տեղանունների բառարան», հտ. 4, էջ 741
- ↑ 2001 թ Հայաստանի մարդահամարի արդյունքները