Վասիլե Միլյա | |
Կուսակցություն՝ | Ռումինիայի կոմունիստական կուսակցություն |
---|---|
Մասնագիտություն՝ | քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Ծննդյան օր | հունվարի 1, 1927 |
Ծննդավայր | Արջեշ, Ռումինիա |
Վախճանի օր | դեկտեմբերի 22, 1989 (62 տարեկան) |
Վախճանի վայր | Բուխարեստ, Ռումինիա |
Քաղաքացիություն | Ռումինիա |
Պարգևներ | |
Վասիլե Միլյա (ռումիներեն՝ Vasile Milea, հունվարի 1, 1927, Արջեշ, Ռումինիա - դեկտեմբերի 22, 1989, Բուխարեստ, Ռումինիա), ռումինացի ռազմական գործիչ, Ռումինիայի սոցիալիստական հանրապետության պաշտպանության նախարար (1985-1989)։ Ինքնասպանություն է գործել, որոշ տվյալներով` սպանվել ռումինական հեղափոխության ժամանակ Ռումինիայի նախագահ Նիկոլաե Չաուշեսկուի հրամանով` ընդվզած ժողովրդի նկատմամբ զենք կիրառելու հրամանի կատարումը մերժելու համար։
Վասիլե Միլյան ծնվել է Ռումինիայի թագավորության Լերեշտ համայնքում 1927 թվականի հունվարի 1-ին[1]։ Ավարտել է միջնակարգ դպրոց, աշխատել ուսուցիչ։ 1947 թվականին ընդունվել է հեռևակային ռազմական ուսումնարան, այն ավարտել 1949 թվականի մայիսին` ստանալով լեյտենանտի կոչում։ 1957 թվականի սեպտեմբերի 20-ին ընդունվել է Ռումինիայի ժողովրդական կուսակցության շարքերը։ Այն բանից հետո, երբ հայտնաբերվել է առանձնապես խոշոր գումարի` 700.000 լեյի պակասորդ, Միլյան հեռացվել է ծառայությունից, իսկ 1958 թվականի հուլիսի 30-ին` վտարվել կուսակցությունից։
Մի քանի տարի Միլյան աշխատել է ռազմական կրթության տարբեր տեսչություններում։ 1960 թվականի հոկտեմբերի 6-ին դիմումի համաձայն վերականգնվել է կուսակցության շարքերում։ 1962 թվականի դեկտեմբերի 30-ին շնորհվել է գնդապետի կոչում։ 1964 թվականին ստացել է գեներալ-մայորի կոչում և նշանակվել տանկային 6-րդ դիվիզիայի (1964-1965), այնուհետև` 3-րդ բանակի (1965-1973) հրամանատար։ 1973-1978 թվականներին ղեկավարել է հայրենական գվարդիան։ 1969 թվականի օգոստոսի 23-ին ստացել է գեներալ-լեյտենանտի, իսկ մայիսին` գեներալ-գնդապետի պաշտոն։ 1974 թվականից եղել է Ռումինիայի կոմկուսի կենտրոնական կոմիտեի անդամության թեկնածու, 1979 թվականից` անդամ։
1980 թվականի մարտի 31-ին, երբ պաշտպանության նախարար է նշանակվել Կոնստանդին Օլտյանուն, Վասիլե Միլյան նշանակվել է վարչապետի տեղակալ և ռումինական զինված ուժերի գլխավոր շտաբի ղեկավար[2]։ Կոնստանդին Օլտյանուի հեռացումից հետո նշանակվել է նրա պաշտոնում։
1989 թվականի դեկտեմբերին Ռումինիայի տարբեր քաղաքներում զանգվածային անկարգությունների սկսվելուց հետո դեկտեմբերի 17-ին կոմկուսի գլխավոր քարտուղար Նիկոլաե Չաուշեսկուն Վասիլե Միլյային, Սեկուրիտատեի գեներալ Յուլիան Վլադուին և ներքին գործերի նախարար Տուդոր Պոստելնիկին իր դժգոհությունն է հայտնել ուժային կառույցների հանդեպ` ասելով, որ նրանց կասկածում է դավաճանության մեջ[3]։ Չբավարարվելով Չաուշեսկուին հավատարիմ լինելու հավաստիացումներով` Չաուշեսկուն հայտարարել է նրանց երեքի պաշտոնանկության մասին, սակայն վարչապետ Կոնստանդին Դեսկելեկսուն պաշտպանել է նրանց[3]։ Երբ Չաուշեսկուի զայրույթի նոպան անցնում է, նա հրաժարվում է պաշտոնյաներին պաշտոնից զրկելու իր մտադրությունից և նրանց հրաման է տալիս նրանց կառույցներն օգտագործել ցուցարարներին ճնշելու համար։ Միլյան քաղբյուրոյում հավատացնում է, որ կկատարի հրամանը, սակայն հայտարարում է[3].
Ես ռազմական բոլոր հոդվածները կարդացել եմ, բայց չեմ գտել ոչ մի հատված, որտեղ ասվի, որ ժողովրդական բանակը պետք է կրակի ժողովրդի վրա... |
Տանկերն ու հետևակը Բուխարեստ են մտնում դեկտեմբերի 21-ի երեկոյան, սակայն ապստամբներին ճնշել չի հաջողվում[3]։ Դեկտեմբերի 22-ի ցերեկը, երբ հայտնի է դառնում, որ Չաուշեսկու ամուսինները փախել են Բուխարեստից, բացահայտվում է նաև Վասիլե Միլյայի մահը[3]։ Պաշտոնական տեղեկությամբ նա ինքնասպանություն էր գործել։ Միլյայի մահից հետո բանակը զանգվածաբար անցնում է ապստամբների կողմը և սկսում է գործողություններ` ընդդեմ Սեկուրիտատեի[4]։ 1989 թվականի դեկտեմբերի 25-ին Չաուշեսկուն մահապատժի է ենթարկվել ռազմական տրիբունալի դատավճռով։ Մինչ օրս ստույգ պատասխան չկա` արդյոք Միլյան ինքնասպանություն է գործել, թե՞ նրան սպանել են Չաուշեսկուի հրամանով[5]։
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
{{cite web}}
: External link in |publisher=
(օգնություն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վասիլե Միլյա» հոդվածին։ |