Վարդակակաչ հայկական | |
Վարդակակաչ հայկական | |
Դասակարգում | |
Թագավորություն | Բույսեր (Plantae) |
Տիպ/Բաժին | Անոթավոր բույսեր (Tracheophytes) |
Ենթատիպ | Սերմնավոր բույսեր (Spermatophytes) |
Կարգ | Շուշանածաղկավորներ (Liliales) |
Ընտանիք | Շուշանազգիներ (Liliaceae) |
Ենթաընտանիք | Շուշանայիններ (Lilioideae) |
Ցեղ | Վարդակակաչ (Tulipa) |
Տեսակ | Վարդակակաչ հայկական (T. armena) |
Միջազգային անվանում | |
Tulipa armena |
Վարդակակաչ հայկական (Tulipa armena, Armenian tulip), շուշանազգիների ընտանիքի սոխուկավոր բազմամյա բույսերի ցեղ։ Պատկանում է վարդակակաչի ասիական տեսակներին։ Հայրենիքը Հայկական լեռնաշխարհն է։ Հանդիպում է Հայաստանում, ժամանակակից Թուրքիայում, Իրանում և Հարավային Կովկասում[1]։
Ծայրահեղ անկայուն բույս է[2]։ Սոխուկը պատված է համեմատաբար սակավ մազմզուկներով, ցողունի երկարությունը 8-25 սմ է, տերևները 3-6 են, բավականին լայն, երկարությունը հասնում է 20 սմ-ի, պատված են մազիկներով կամ հարթ են, ունեն ալիքաձև եզրեր, գույնը՝ գորշ կանաչավուն[3]։ Ծաղիկները մեկական են, թասաձև և փոփոխական։ Հիմնականում կարմիր են՝ մուգ մանուշակագույն, սև կամ մուգ կանաչ բծերով, հաճախ դեղնավուն շերտաբծերով կամ դեղին[4]։ Որպես կանոն, ծաղկաթերթիկները օվալաձև են, սրածայր։ Առէջքները սև են կամ մուգ մանուշակագույն, փոշանոթները՝ դեղին կամ սև։ Հայկական վարդակակաչը հաճախ շփոթում են Վարդկակաչ Յուլիայի հետ, որի սոխուկն առավել մազմզոտ է[5]։
Հայկական վարդակակաչը տարածված է հյուսիս-արևելյան Թուրքիայում, Հարավային Կովկասում (Հայաստան, Վրաստան և Ադրբեջան) և հյուսիս-արևմտյան Իրանում[1]։ Հիմնականում աճում է ծովի մակարդակից 1000-2700 մ բարձրությունների միջև՝ լեռների քարքարոտ լանջերին։ Ծաղկում է ապրիլ-հունիս ամիսներին[3]։
Հանդիպում է նաև Թուրքիայի հարավ-արևմուտքում գտնվող Մարմարիսի թերակղզում՝ առավել ցածրադիր վայրերում[3]։ Հավանաբար այնտեղ հայտնվել է Օսմանյան կայսրության ժամանակներից, ուր տարվել է որպես զարդաբույս։
Տեսակն այժմ գտնվում է ոչնչացման վտանգի տակ՝ բնական միջավայրի և աճը խթանող պայմանների վատթարացման պատճառով։ Հիմնականում խոչընդոտ են հանդիսանում անտառօգտագործումը, արոտավայրերի ծայրահեղ չափերի հասնող ընդարձակումը, ճանապարհաշինարարությունը և էկոտուրիզմի հետ կապված խախտումները։ Ծաղկի այս տեսակն այժմ հանդիպում է միայն հյուսիս-արևելյան Անատոլիայում[6]։ Աճում է տափաստանային շրջաններում, թթվայնություն պարունակող և հումուսով հարուստ հողերում[7]։
Հայկական վարդակակաչն առաջին անգամ նկարագրվել է 1859 թվականին, շվեյցարիացի բուսաբան, ճանապարհորդ և մաթեմատիկոս Պիեռ Էդմոն Բուասյեի կողմից՝ հյուսիս-արևելյան Թուրքիայում։ Հայաստանի և Արցախի լեռնային գոտիներում հայտնաբերված նմանատիպ վարդակակաչները կոչվում են Tulipa karabachensis, սակայն դա սոսկ Tulipa armena-ի հոմանիշն է[1][8]։ Արևելյան Թուրքիայում և հյուսիս-արևմտյան Իրանում հանդիպող՝ առավել մազմզոտ սոխուկներով ու առավել երկար ցողունով ծաղիկները կոչվում են Tulipa willmottiae Freyn[9]:
Tulipa mucronata Fomin, Tulipa karabachensis Grossh. pro parte, Tulipa confusa Gabrielian անուններով հայտնի ծաղիկները նույնպես հայկական վարդակակաչի անվանումներն են[10]։ Tulipa galatica անվանումով հայտնի է ծաղկի բացառապես դեղին տեսակը[11], իսկ Tulipa gumusanica անվանումով այն հայտնի է արդեն իսկ որպես առանձին տեսակ[7]։
Հայկական վարդակակաչը օգտագործվում է նաև այգեգործական նպատակներով։ Պահանջկոտ է արևի լույսի և ջերմության նկատմամբ, լավ է աճում չորային և շոգ պայմաններում[12]։
{{citation}}
: Unknown parameter |lastauthoramp=
ignored (|name-list-style=
suggested) (օգնություն)
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վարդակակաչ հայկական» հոդվածին։ |
|
|