Ցիսպիուս (լատին․՝ Mons Cispius), Հռոմի յոթ բլուրներից մեկի՝ Էսկվիլինի գագաթներից է։ Հարավային կողմում Օպպիոսից առանձնանում է Սուբուրրայի հովիտով։ Բլրի բարձրությունը կազմում է 46 մետր։ Օպպիոսը, Ցիսպիուսը և Ֆագուտալը միասին կազմում են Էսկվիլին բարձրավանդակը Սերվիյան պարսպի ներսում։ Ըստ քերականագետ Սեկստոս Ֆեստուսի բլուրն այդպես է անվանվել Ցիսպիուս Լուցիուսի անունով (Անանյի քաղաքից)։ Վերջինս կարող է լինել նաև առասպելական[1]։
Ցիսպիոսները հավանաբար ունեին հերնիկյան (իտալական ցեղ) ծագում, և ըստ ավանդույթի նրանք եկել են Անանյիից (հերնիկյան քաղաք) Հռոմի երրորդ թագավոր Տուլլուս Հոսցիլիոսի կառավարման օրոք։ Մինչ արքան զբաղված է լինում Վեիի քաղաքի պաշարումով, Ցիսպիուս Լուցիուսը գալիս է, որպեսզի պաշտպանի Հռոմը։ Նա իր ուժերը տեղակայում է Էսկվիլին բլրի գագաթներից մեկի վրա։ Միևնույն ժամանակ երկրորդ ուժը կենտրոնանում է լեռան մյուս բլրի վրա։ Այդ զորքի առաջնորդը Տուսկուլի բնակիչ Օպպիոսն էր։ Հետագայում լեռան երկու գագաթներն անվանվում են այդ երկու առաջնորդների անուններով՝ Ցիսպիուս և Օպպիուս։ Ըստ Մարկոս Վառոյի անվանումը նաև գրվում է Ցեսպեուս տարբերակով[2][3][4]։
|