Ծնվել է Հաագայում՝ քաղաքական գործիչ Հեյսբերտուս Մարտինուս վան դեր Լինդենի և նրա կնոջ՝ Յակոբ Հենրիետա Վտեվալի ընտանիքում։ Իրավաբանություն է սովորել Լեյդենի համալսարանում, որտեղ 1869 թվականին ստացել է դոկտորի կոչում[8]։ Աշխատել է փաստաբան։
1897-1901 թվականներին արդարադատության նախարար էր Նիկոլաս Փիրսոնի կառավարությունում։ Փիթեր Կորտ վան դեր Լինդենի՝ 1913 թվականի կաբինետը ստեղծվել է Լիբերալ կուսակցության կողմից[9]։ Դա Նիդերլանդների վերջին լիբերալ կառավարությունն էր մինչև 2010 թվականը, երբ իշխանության եկավ Մարկ Ռյուտեի կաբինետը։ Կուսակցության կողմնակիցները բացարձակ մեծամասնություն չունեին խորհրդարանում և կախված էին սոցիալ-դեմոկրատների աջակցությունից։ Կորտ վան դեր Լիդենի իշխանությունն առաջ եկավ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։ Չնայած Նիդեռլանդները չեզոք մնաց և խուսափեց գերմանական օկուպացիայից, երկիրը հայտնվեց լուրջ տնտեսական ճգնաժամի մեջ, որն առաջացել էր բրիտանական ծովային շրջափակման և փախստականնների հոսքի պատճառով։
Փիթեր Կորտ վան դեր Լինդենի օրոք Նիդեռլանդներում ներդրվեց համընդհանուր ընտրական իրավունքը։ 1918 թվականի առաջին ընդհանուր ընտրություններում լիբերալները ջախջախիչ պարտություն կրեցին, իսկ սոցիալ-դեմոկրատներն ու կաթոլիկ կուսակցությունները հաղթեցին։
Փիթերն ամուսնացել է երկու անգամ։ Նրա առաջին կինը Իոաննա Դիդերիկա Վտեվալն էր՝ ծնունդով Լեյդենից։ Նա Փիթերի մորեղբոր դուստրն էր[10]։ Նրանց ամուսնությունը գրանցվել է 1873 թվականի մայիսի 29-ին Հաուտենում[11]։ 1874 թվականի մարտին՝ քսաներկու տարեկան հասակում, Իոաննան մահացել է։
1880 թվականի հուլիսին Փիթերն ամուսնացել է 19-ամյա Յոհաննա դե Կոնինգի հետ[12]։ 1893 թվականի օգոստոսին ծնվել է նրանց որդին՝ Փիթեր Վիլեմ Յակոբ Անրի Կորտ վան դեր Լինդեն։