Քիթի Քլայվ | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 5, 1711[1][2][3] |
Ծննդավայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մահացել է | դեկտեմբերի 6, 1785[4][5][3] (74 տարեկան) |
Մահվան վայր | Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Գերեզման | St Mary's Church, Twickenham |
Քաղաքացիություն | Մեծ Բրիտանիայի թագավորություն |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, օպերային երգչուհի, դրամատուրգ, գրող և թատրոնի դերասանուհի |
Kitty Clive Վիքիպահեստում |
Քիթի Քլայվ, ի ծնե՝ Քեթրին Ռաֆթոր,(անգլ.՝ Kitty Clive, նոյեմբերի 5, 1711[1][2][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն - դեկտեմբերի 6, 1785[4][5][3], Լոնդոն, Մեծ Բրիտանիայի թագավորություն), անգլիական թատրոնի դերասանուհի, օպերային երգչուհի (սոպրանո) և դրամատուրգ։ Նա խաղացել է կատակերգություններում և ֆարսերում։ Մասնակցել է Հենդելի օրատորիաների լոնդոնյան պրեմիերաներին։
Քեթրին Ռաֆթորը ծնվել է 1711 թվականի նոյեմբերի 15-ին Լոնդոնում։ Նրա հայրը փաստաբան Ուիլյամ Ռաֆթորն էր՝ ծնունդով Կիլկենիից[6]։ Մանկուց թատրոնով տարված 17-ամյա Քիթիի առաջին դեբյուտը եղել է Դրուրի Լեյն թատրոնի բեմում՝ Նաթանիել Լիի «Միհրդատ, պոնտական թագավոր» դրամայում խաղացած ոչ մեծ դերով[7]։ Հետագայում նա մոտ 40 տարի հանդես է եկել այդ թատրոնի թատերախմբում՝ լինելով առաջատար երգիծական դերասանուհի[8][6]։ 1732 թվականին Քիթի Ռաթֆորն ամուսնացել է դատապաշտպան Ջորջ Էլայվի հետ, բայց հետագայում ամուսինները փոխադարձ համաձայնությամբ բաժանվել են, թեև պաշտոնապես երբեք չեն ամուսնալուծվել, և Քիթի Քլայվը մնացել է տնտեսապես անկախ[9]։
Քիթի Քլայվը մեծ հաջողությամբ ելույթ է ունեցել կատակերգություններում ու ֆարսերում՝ որպես դերասանուհի և երգչուհի։ Նրա ամենավառ դերերից էր Նելը՝ Չարլզ Քոֆիի «Ինքը սատանան ոտքը կկոտրի» բալլադային օպերայում[8][10]։ Գովեստի է արժանացել նրա կերտած Փոլիի դերը 1732 թվականի «Աղքատի օպերայում»[10]։ Նա խաղացել է նաև Ուիլյամ Շեքսպիրի կատակերգություններում, այդ թվում՝ «Անսանձ կնոջ սանձահարումը» (Կատարինա) և «Վենետիկի վաճառականը» (Պորցիա)[8]։ Հենրի Ֆիլդինգը հատուկ Քիթի Քլայվի համար ստեղծել է մի շարք դերեր իր ֆարսերում[7]։ Դրանք լի են եղել երաժշտական համարներով, իսկ հերոսուհիների բնավորությունները կերտվել են Քիթիի տաղանդի առանձնահատկությունները հաշվի առնելով։ Ֆիլդինգն այնքան է գնահատել նրա տաղանդը, որ 1732 թվականին «Կեղծ բժիշկը» ներկայացման հաջողությունը վերագրել է հենց դերասանուհու հիանալի խաղին, իսկ երկու տարի անց նրան հասցեագրված գովեստի նամակ է հղել իր «Բամբասկոտ սպասուհին» ֆարսում։ Քիթի Քլայվի կարիերայի նոր էտապն սկսվել է 1747 թվականին, երբ Դրուրի Լեյն թատրոնը ղեկավարել է Դեյվիդ Գարրիկը։ Երեք թատերաշրջանի ընթացքում Քիթին Դեյվիդի մշտական զուգընկերն է եղել բեմում[11][8]։
Քիթի Քլայվը բարեկամություն է արել Գեորգ Ֆրիդրիխ Հենդելի հետ[9]։ Հատուկ նրա համար երգահանը գրել է երկու երգ, որոնք հնչել են Դրուրի Լեյն թատրոնի ներկայացումներում։ Բացի այդ, երգչուհին մասնակցել է նրա երկու օրատորիայի լոնդոնյան առաջնախաղերին։ Հենդելը նրան է ընտրել Դալիդայի դերի համար «Սամսոն» օրատորիայում, ինչպես նաև «Մեսիա» օրատորիայի ռեչիտատիվը լիարժեք արիայի է վերածել, որը կատարել է հենց Քիթին։ Ժամանակակիցները բարձր են գնահատել Քիթի Քլայվի տաղանդը։ Հեղինակավոր քննադատ Սեմյուել Ջոնսոնը նրան համարել է երբևէ իր տեսած լավագույն դերասանուհին, իսկ Թոմաս Կուկը նրա վոկալ վարպետության մասին ասել է, որ նրան հավասարը չկա, եթե չհաշվենք իտալական օպերայի լավագույն ձայները։
Քիթի Քլայվը դարձել է իր ժամանակի ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը և, հնարավոր է, նույնիսկ ավելի շատ գումար է վաստակել, քան շատ տղամարդ-կատարողներ, որոնք ավանդաբար ավելի շատ էին վճարվում, քան իրենց կին գործընկերները։ Հայտնի լինելու հանգամանքը նրան իշխանություն և փառք է բերել, նաև իրավունք վերապահել՝ հանդես գալու որպես դերասանների իրավունքների բաց կողմնակից։
Քիթի Քլայվը խաղացել է ոչ միայն կատակերգություններում, այլ նաև ինքն էլ մի քանի ստեղծագործություն է գրել այդ ժանրում[7]։ Նա գրել է ֆեմինիստական ենթատեքստով մի քանի երգիծական ակնարկ, այդ թվում՝ «Փորձը» կամ «Կիսաշրջազգեստով տղաները» (1750), «Յուրաքանչյուր կին իր հումորով» (1760) և «Ռաութից գեղեցիկ կնոջ վերադարձի ակնարկները» (1763)։ Այդ պիեսներում նա օգտագործել է հումորը, որպեսզի քննադատի այն խնդիրները, որոնց բախվում են կին կատարողներն ու դրամատուրգները։ 1769 թվականին նա թողել է թատրոնը՝ վերջին անգամ հանդես գալով բեմում Էլիզաբեթ Գրիֆիթի «The School for Rakes» կատակերգությունում[12]։ Կյանքի վերջին տարիներին Քլայվը մտերմացել է Հորաս Ուոլփոլի հետ, որը նրան առանձնատուն է նվիրել Թուիքենեմում՝ իր տնից ոչ հեռու։ Հետագայում այդ առանձնատունը հայտնի է դարձել որպես Little Strawberry Hill[9][13]։ Դերասանուհին այնտեղ ապրել է մինչև իր մահը՝ 1785 թվականի դեկտեմբերի 6-ը։ Ուոլփոլը Քլայվի հիշատակին բանաստեղծություն է նվիրել, որը փորագրված է նրա առանձնատան այգում՝ հուշասափորի վրա[14][13]։