Եգիպտոսում քրիստոնեությունը փոքրամասնության կրոն է հանդիսանում, 2019 թվականին Եգիպտոսում քրիստոնյաների թիվը կազմում է բնակչության մոտ 30 %-ը (40,3 միլիոն մարդ)[1]։ 2005 թվականի մեկ այլ տվյալներով երկրի բնակչության 10-20 %-ը քրիստոնյաներ էին[2]։ Եգիպտոսում քրիստոնյաների բացարձակ մեծամասնությունը պատկանում է Ղպտի ուղղափառ եկեղեցուն։
Եգիպտոսի ժամանակակից բնակչությունը բաղկացած է հիմնականում երկու ժողովուրդներից՝ բնիկ եգիպտացիներից և արաբներից։ Եգիպտացիները (ավանդաբար կոչվում են ղպտիներ, արաբ. قبط /kubt/ - եգիպտացի) այսօր, ըստ տարբեր աղբյուրների, կազմում են Եգիպտոսի բնակչության 5 %-ից (արաբական աղբյուրներ) մինչև 22 % (ղպտական աղբյուրներ) և դավանում են բացառապես քրիստոնեություն, մինչդեռ արաբները դավանում են իսլամ։
Չեզոք աղբյուրները եգիպտացիների թիվը գնահատում են 18 միլիոն, որից 14 միլիոնն ապրում է Եգիպտոսում (Եգիպտոսի բնակչության 15 %-ը), իսկ մնացած 4 միլիոնը՝ սփյուռքում[3][4]։
Եգիպտոսում քրիստոնեությունը սկսեց տարածվել 1-ին դարում, Մարկոս Ավետարանիչը համարվում է երկրում քրիստոնեական եկեղեցու հիմնադիրը։ 395-400 թվականներին քրիստոնեությունը դարձավ երկրի պետական կրոնը։ 451 թվականին ստեղծվեց Եգիպտոսի ազգային եկեղեցին։
618 թվականին Եգիպտոսը գրավվեց Սասանյան Պարսկաստանի կողմից։ Բազմաթիվ մոնոֆիզիտներ, որոնք ապրում էին Եգիպտոսում և բռնադատվում էին 451 թվականի Քաղկեդոնի ժողովից հետո, ցանկություն չունեին օգնություն ցուցաբերել կայսերական զորքերին, ուստի նրանք պատրաստակամորեն աջակցեցին Պարսկաստանի Շահնշահ Խոսրով II-ին[5]։ Միևնույն ժամանակ, սակայն, պարսիկների պարտությունից հետո նրանք դիմադրություն ցույց չտվեցին բյուզանդացիներին[6][7], քանի որ նրանցից շատերին դուր չէր գալիս պարսկական օկուպացիան, որը տևեց մինչև 628 թվականը, երբ կայսրությունների միջև խաղաղության պայմանների համաձայն Եգիպտոսը վերադարձվեց Բյուզանդիային։ Բայց արդեն 639 թվականին Ամրա իբն ալ-Ասայի արաբական բանակը ներխուժեց Եգիպտոս և ավերեց երկիրը։ 645 թվականին արաբները վերջապես գրավեցին Եգիպտոսը։ Սկսվեց երկրի բռնի իսլամացումը։ Շատ եգիպտացիներ սպանվեցին, շատերը իսլամ ընդունվեցին և արաբացվեցին։ Երկիրը ակտիվորեն բնակեցված էր Արաբական թերակղզու արաբներով։
7-րդ դարում արաբների կողմից Եգիպտոսի գրավումից մինչև մեր օրերը Եգիպտոսում արաբների թիվը գնալով աճում էր, իսկ եգիպտացիների թիվը նվազում էր։ 14-րդ դարում Եգիպտոսում արաբների թիվն արդեն համեմատելի էր բնիկ եգիպտացիների թվի հետ[8]։ 19-րդ դարում Եգիպտոսի բնակչությունն արդեն 60 %-ով բաղկացած էր իսլամադավան արաբներից և միայն 40 %-ով՝ քրիստոնյա եգիպտացիներից։ 20-րդ դարի վերջին Եգիպտոսում արաբների թիվն արդեն հասել էր 80 %-ի, իսկ ղպտիների թիվը կրճատվել էր մինչև 20 %-ի։ Այսօր բնիկ եգիպտացիները կազմում են Եգիպտոսի բնակչության միայն 15 %-ը՝ արաբների 85 %-ի դիմաց։
Թեև ղպտիները (եգիպտացիները) տարիներ շարունակ հետապնդվում են, սակայն Human Rights Watch-ի տվյալներով՝ վերջին տարիներին նկատվում է «կրոնական անհանդուրժողականության աճ» և ղպտիների նկատմամբ բռնության աճ, և կառավարությունն ի վիճակի չէ արդյունավետորեն հետաքննել և պատժել հետապնդման մեղավորներին[9][10]։ Մեծ խնդիր է նաև ղպտի աղջիկների և կանանց առևանգման դեպքերը[11][12]։
Ղպտի աղջիկներն ու կանայք հաճախ են առևանգումների զոհ դառնում, նրանց ստիպում են իսլամ ընդունել և ամուսնանալ մուսուլմանի հետ[13][14]։
Ղպտի ուղղափառ եկեղեցին ղեկավարում է Ալեքսանդրիայի պապը և Պատրիարք Թեոդոր Սրբազանը։
Քրիստոնեական այլ խմբերի թվում են կաթոլիկները (բնակչության 1 %-ից պակաս), բողոքականները (100 000), կան նաև սիրիացի ուղղափառներ, հայ ուղղափառներ և յոթերորդ օրվա ադվենտիստներ։
|