Ֆեհմի Ագանի | |
---|---|
Ծնվել է | հունվարի 23, 1932 |
Ծննդավայր | Ջակովիցա |
Մահացել է | մայիսի 6, 1999 (67 տարեկան) |
Մահվան վայր | Lipjan, Kosovo District, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն |
Քաղաքացիություն | Ալբանիա |
Կրթություն | Բելգրադի համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետ և Պրիշտինայի համալսարան |
Մասնագիտություն | սոցիոլոգ, լրագրող, գրող և քաղաքական գործիչ |
Աշխատավայր | Պրիշտինայի համալսարան |
Կուսակցություն | Կոսովոյի դեմոկրատական լիգա |
Ֆեհմի Ագանի (ալբ․՝ Fehmi Agani, հունվարի 23, 1932, Ջակովիցա - մայիսի 6, 1999, Lipjan, Kosovo District, Կոսովո և Մեթոխիա, Սերբիայի Հանրապետություն, Հարավսլավիայի Դաշնային Հանրապետություն), կոսովացի սոցիոլոգ և քաղաքական գործիչ, ով համարվել է Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) առաջատար մտածողն ու քաղաքական ստրատեգը 1990-ական թվականներին։ Մինչև 1998-1999 թվականների Կոսովոյի պատերազմը միջազգային բանակցություններում ներկայացրել է Կոսովոյի դեմոկրատական լիգան, սակայն սպանվել է, ըստ երևույթին, սերբ զինվորների կողմից պատերազմի ժամանակ՝ իր քաղաքական հայացքների պատճառով։
Ագանին ծնվել է այն ժամանակվա Հարավսլավիայի թագավորության Ջյակովիցա քաղաքում, կրթություն է ստացել Պրիշտինայի դպրոցում։ 1959 թվականին ավարտել է Բելգրադի համալսարանի արվեստների ֆակուլտետը, 1964 թվականին ստացել է քաղաքագիտության մագիստրոսի կոչում։ Պրիշտինայում դասավանդել է սոցիոլոգիա, այնուհետև ստացել է դոկտորի կոչում և դասավանդել Պրիշտինայի համալսարանում։ 1967-1970 թվականներին աշխատել է որպես Ալբանոլոգիական ինստիտուտի տնօրեն, 1978-1980 թվականներին եղել է փիլիսոփայական ֆակուլտետի դեկան[1]։ 1981 թվականին իշխանությունները նրան զրկել են դասախոսելու իրավունքից և հեռացրել համալսարանից՝ ուսանողական անկարգությունների հետևանքով Կոսովոյի ալբանացի գիտնականների մաքրման ժամանակ[2]։
1994 թվականին Ագանին ընտրվել է Կոսովոյի գիտությունների և արվեստի ակադեմիայի թղթակից անդամ և երկու տարի անց դարձել իսկական անդամ, մասնակցել է Կոսովոյի ապագայի վերաբերյալ քաղաքական երկխոսությանը` ծառայելով Իբրահիմ Ռուգովայի օրոք որպես Կոսովոյի դեմոկրատական լիգայի (LDK) համահիմնադիր և ղեկավարի տեղակալ, դարձել է Կոսովոյի դեմոկրատական լիգայի առաջատար մտածողն ու քաղաքական ստրատեգը[3]։ 1998-1999 թվականների Կոսովոյի պատերազմին նախորդած բանակցություններում գլխավորել է ալբանական պատվիրակությունները և եղել է Կոսովոյի գլխավոր բանակցողներից մեկը Ռամբույեի կոնֆերանսում[1]։ Լինելով բռնությանը դեմ և հաշտեցման առաջատար ջատագովը նա հիմնել է Էթնիկական հարաբերությունների ֆորումը` նպատակ ունենալով խթանել ալբանացիների և սերբերի միջև երկխոսությունը[2]։ Կոսովոյի ալբանացի փիլիսոփա Շքելզեն Մալիքին հետագայում նկարագրեց Ագանիի դերը որպես․
ավելի անկախ դերակատար և Ռուգովայի համեմատ, որը շարունակ կրկնում էր նույն չոր արտահայտություններն ու խոստումները, վարում էր ակտիվ ամենօրյա քաղաքականություն և ղեկավարում Կոսովոյի դեմոկրատական լիգայի և ալբանական շարժման գաղափարական ու ռազմավարական քաղաքականությունը… Ագանին վարում էր պրագմատիկ քաղաքականություն և ղեկավարում էր Լեգալիստական քաղաքականության ակտիվ մասը՝ հավասարակշռելով լարվածությունը շարժման կառավարող կառույցների և ուժային կենտրոնների, այսինքն՝ Կոսովոյի խորհրդարանի և կառավարության միջև[4]։ |
։
Պատերազմի ընթացքում Ագանին մնացել է Կոսովոյում և փրկվել Կոսովոյի նշանավոր ալբանացիների նախնական մաքրումից Պրիշտինայից, որն իրականացվել է սերբական ուժերի կողմից։ ՆԱՏՕ-ն սխալմամբ հայտարարել է նրա մահվան մասին Հարավսլավիայի վրա ռմբակոծության սկսելուց մի քանի օր անց, բայց Ագանին հինգ շաբաթ պատսպարվել է տներում և գիրք գրել։ Փորձել է գնացքով փախչել Մակեդոնիա, սակայն գնացքը հետ է վերադարձել սահմանից։ Երբ գնացքը շարժվում էր դեպի Պրիշտինա, ոստիկանները Ագանին տարհանել են վագոնից։ Մի քանի օր անց դիակը հայտնաբերվել է Լիպջան գյուղի մոտ[2]։ Թեև սերբական լրատվամիջոցները նրա մահվան համար մեղադրել են Կոսովոյի ազատագրության բանակին (KLA), սակայն սպանությունը նրա ընտանիքի, Կոսովոյի ազատագրության բանակի և արևմտյան քաղաքական գործիչների կողմից վերագրվել է Հարավսլավիայի անվտանգության ուժերին[5]։ Գերմանիայի արտաքին գործերի դաշնային գերատեսչությունը հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ Ագանիի գործը պետք է բացահայտի նախկին Հարավսլավիայի համար ստեղծված միջազգային քրեական տրիբունալ, սակայն մինչ օրս Ագանիի սպանության մեջ ոչ ոքի մեղադրանք չի առաջադրվել[6]։
Human Rights Watch-ի 2001 թվականի զեկույցում ասվում է, որ «Ագանիի մահվան հանգամանքները մնում են անհասկանալի»[7]։