Ֆոլորունսո Ալակիջա | |
---|---|
![]() | |
Ծնվել է | հուլիսի 15, 1951[1] (73 տարեկան) |
Ծննդավայր | Իկորոդու, Լագոս, Նիգերիա[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Ազգություն | յորուբաներ |
Կրոն | քրիստոնեություն |
Կրթություն | Hafodunos? և Լագոս[2] |
Մասնագիտություն | գործադիր տնօրեն, բարեգործ, գործարար, նորաձևության դիզայներ, տպագրիչ և pressman |
Աշխատատու | FinBank? |
Ծնողներ | հայր՝ L. A. Ogbara?[3] |
Երեխաներ | Folarin Alakija?[3] |
Կայք | folorunsoalakija.com |
![]() |
Ֆոլորունսո Ալակիջա (անգլ.՝ Folorunso Alakija, հուլիսի 15, 1951[1], Իկորոդու, Լագոս, Նիգերիա[1]), նիգերիացի միլիարդատեր գործարարուհի[4], որը ներգրավված է նորաձևության[5], նավթի, անշարժ գույքի ու տպագրության ոլորտներում[6]։ Հանդիսանում է «The Rose of Sharon Prints & Promotions Limited» և «Digital Reality Prints Limited» ընկերություններից բաղկացած «The Rose of Sharon Group» կազմակերպության գործադիր տնօրենը և «Famfa Oil Limited» ընկերության գործադիր փոխնախագահը։
«DaySpring Property Development» ընկերությունում ունի բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթ[7][8]։ «Ֆորբս»ամսագրի կողմից իր 1 միլիարդ դոլլար կարողությամբ ճանաչվել է Նիգերիայի ամենահարուստ կին[6][9]։ 2015 թվականի դրությամբ համարվել է Աֆրիկայում երկրորդ ամենաազդեցիկ կինը Նգոզի Օկոնջո-Իվեալայից հետո և 87-րդ ամենաազդեցիկ կինն աշխարհում[10]։
Ծնվել է 1951 թվականի հուլիսի 15-ին Նիգերիայի հարավում գտնվող Լագոս նահանգի Իկորոդու քաղաքում։ 1955–1958 թվականներին հաճախել է Լագոսի «Our Ladies of Apostles» մանկապարտեզը։ Յոթ տարեկանում մեկնել է Միացյալ Թագավորություն 1959–1963 թվականներին Ուելսի Լանգերնյու համայնքում գտնվող աղջիկների Դինորբեն դպրոցում նախնական կրթությունը շարունակելու համար։ Նախնական կրթությունն ավարտելուց հետո հաճախել է Նիգերիայի Օգուն նահանգի Շագամու քաղաքի մուսուլմանական ավագ դպրոցը, որից հետո վերադարձել է Անգլիա և քարտուղարական գործ ուսանել Լոնդոնի՝ Պիտմենի անվան կենտրոնական քոլեջում․ այսպիսով՝ կրթությունն ստացել է Եվրոպայում[11]։
Կարիերան սկսել է 1974 թվականին Լագոսի «Sijuade Enterprises» ընկերությունում որպես գործադիր քարտուղար, որտեղից տեղափոխվել է նախկինում «Չիկագոյի առաջին ազգային բանկ» կոչվող բանկը, որը հետագայում անվանվել է «Նիգերիայի ֆինբանկ» և այժմ պատկանում է «First City Monument Bank» բանկային խմբին[12]։ Մի քանի տարի աշխատելուց հետո հիմել է «Supreme Stitches» կոչվող կարի արհեստանոցը, որը հաջորդ մի քանի տարվա ընթացքում հայտնի է դարձել «Rose of Sharon House of Fashion» անունով[6][13]։ Որպես Նիգերիայի մոդելավորողների ասոցիացիայի (FADAN) ազգային նախագահ և ցմահ հոգաբարձու՝ անժխտելի դեր է խաղացել նիգերիական մշակույթը նորաձևությամբ խթանելու գործում[5][14]։
1993 թվականի մայիսին դիմել է նավթի որոնման լիցենզիայի տրամադրման համար (OPL)[15], որը տրամադրվել է նրա «Famfa Limited» ընկերությանը 617 000 ակր մակերեսով տարածքում նավթաորոնման համար։ Տարածքը գտնվում է Լագոսից մոտավորապես 220 մղոն դեպի հարավ-արևելք, Նիգեր գետի դելտայում։ 1996 թվականի սեպտեմբերին համատեղ ձեռնարկության մասին համաձայնագիր է կնքել «Star Deep Water Petroleum Limited» ընկերության հետ և ընկերությանը որպես տեխնիկական խորհրդատու նշանակել լիցենզիայով թույլատրված նավթաորոնման աշխատանքներում՝ իր 100 տոկոս բաժնեմասի 40 տոկոսը փոխանցելով «Star Deep-ին»[16][17]։
Նավթաորոնման դրական արդյունքի մասին լուրը տարածվելուց հետո նիգերիական կառավարությունը վերցրել է 40% բաժնեմասը, որից հետո՝ ևս 10%[18]։ Տասներկու տարի դատարանում վիճարկել է այդ հարցը կառավարության հետ և հաղթել[19]։
2014 թվականին «Ֆորբս» ամսագրի կողմից ճանաչվել է աշխարհի 96-րդ ամենաազդեցիկ կինը[10]։ 2015 թվականի մայիսին երկու նիգերիացի կանայք՝ ֆինանսների նախարար Նգոզի Օկոնջո-Իվեալան ու Ալակիջան հայտնվել են «Ֆորբս» ամսագրի՝ աշխարհի ամենաազդեցիկ կանանց ցուցակում, որտեղ վերջինս զբաղեցրել է 86-րդ տեղը[20]։
«Rose of Sharon Foundation» անունով հիմնադրամ ունի, որը կրթաթոշակների և բիզնես դրամաշնորհների միջոցով օգնում է այրիներին ու որբերին[21][22]։ Նվիրաբերում է կատարել Լագոսում գտնվող Տեխնոլոգիայի Յաբա քոլեջ բարձրագույն ուսումնական հաստատության հմտությունների ձեռքբերման կենտրոնին[23]։
1976 թվականի նոյեմբերին ամուսնացել է իրավաբան Մոդուպե Ալակիջայի հետ[24][25]։ Զույգն իրենց չորս որդիների[26] ու թոռների հետ[27] բնակվում է Նիգերիայի Լագոս քաղաքում։ DJ Էքսքլուսիվը (Ռոտիմի Ալակիջան) տիկնոջ եղբորորդին է[28]։
Նիգերիայի հարուստ կանայք Արխիվացված 2020-08-03 Wayback Machine
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆոլորունսո Ալակիջա» հոդվածին։ |
|