124-րդ ջոկատ | |
---|---|
Ընդհանուր տեղեկություն | |
Տեսակ | ռազմական կազմավորում |
Երկիր | ԿԺԴՀ |
Ստեղծվեց | 1966 |
Լուծարվեց | 1968 |
124-րդ ջոկատ (կորեերեն՝ 124부대), Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետության (Հյուսիսային Կորեա) հատուկ նշանակության ուժերի ստորաբաժանում, որը եղել է Կորեայի ժողովրդական բանակի հետախուզական վարչության կազմում և ենթարկվել Կորեայի աշխատավորական կուսակցության ղեկավար կազմին[1]։ Զբաղվել է Հարավային Կորեայում հետախուզական տվյալների հավաքմամբ, հավաքագրմամբ և լրտեսությամբ, ինչպես նաև դիվերսիոն գործողություններով։
Ջոկատը հայտնիություն է ձեռքբերել 1968 թվականի հունվարին Հարավային Կորեայի նախագահ Պակ Չոն Հիի սպանության անհաջող փորձի շնորհիվ[2]։ 1968 թվականի հունվարի 21-ին 31 հատուկ ջոկատայիններից բաղկացած խումբը, Սեուլում Կապույտ տան գրոհի փորձի ժամանակ, ջախջախվել է Հարավային Կորեայի ու ԱՄՆ-ի զորքերի կողմից։ Մարտի ընթացքում զոհվել է 28 կամ 29 մարդ, ևս մեկն էլ համարվում է անհետ կորած։
Հյուսիսկորեացիներից միայն երկուսն են ողջ մնացել։ Պակ Ջե Գյոնը կարողացել է դուրս պրծնել և հետ փախչել ԿԺԴՀ, որտեղ դարձել է ազգի հերոս, ստացել Կորեայի ժողովրդական բանակի գեներալի կոչում և Կիմ Ջոնգ Իլի օրոք դարձել պաշտպանության նախարարի տեղակալ[2]։Կիմ Սին Դոն էլ հանձնվել է Հարավային Կորեայի իշխանություններին, որոշ ժամանակ անցկացրել բանտում, իսկ ազատ արձակումից հետո ստացել հարավկորեական քաղաքացիություն ու դարձել Կորեայի բողոքական եկեղեցու հոգևոր սպասավոր։ Համարվում է, որ այս գործողության տապալումից հետո 124-րդ ջոկատը կազմացրվեց[3], իսկ դրա փոխարեն ի հայտ եկան Կորեայի ժողովրդական բանակի հատուկ գործողությունների ուժերը։