«Don't Think They Know», ամերիկացի երգիչ Քրիս Բրաունի երգն է, որում իր մասնակցությունն ունի ամերիկացի մահացած երգչուհի Ալիան։ Այն թողարկվել է 2013 թվականի հունիսի 17-ին, որպես Քրիս Բրաունի «X» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ։ Երգը գրվել է Դիջիթալ Բլեքի, Վերս Սիմոնդսի, Թիմ Քելլիի, Բոբ Ռոբինսոնի և Ջոն Բիի կողմից։ Երգը Billboard Hot 100 հիթ շքերթում զբաղեցրել է 81-րդ հորիզոնականը։
Երգի Ալիայի հատվածը ձայնագրվել է 2001 թվականին և ի սկզբանե նախատեսված է եղել թողարկել այն համագործակցությամբ Playa խմբի անդամ Դիջիթալ Բլեքի հետ։ Ալիայի մահվանից (1979-2001) մի քանի տարի անց՝ 2005 թվականին, այն թողարկվել է Դիջիթալ Բլեքի «Memoirs of a R&B Thug» ալբոմի համար[1]։ 2013-ին Քրիս Բրաունը որոշում է թողարկել երգի իր տարբերակը և ձայնագրում է իր հատվածը։ Քրիս Բրաունի թողարկումում ոչ միայն օգտագործվել է նախկին տարբերակում հնչած Ալիայի հատվածը, այլ նաև նոր հատվածներ, որոնք Ալիան ձայնագրել էր մինչև իր մահը, սակայն դրանք չէին օգտագործվել Դիջիթալ Բլեքի հետ դուետում։
2013 թվականի հուլիսի 17-ին «Don't Think They Know» երգը պաշտոնապես թողարկվում է որպես Քրիս Բրաունի «X» անվանումը կրող թվով վեցերորդ ստուդիական ալբոմի երկրորդ սինգլ[2]։
Երգի տեսահոլովակը, որի ռեժիսորն է Քրիս Բրաունը, նկարահանվել է Լոս Անջելեսում, Կալիֆորնիա[3]։ Տեսահոլովակի պրեմիերան կայացել է 2013 թվականի հունիսի 17-ին։ Տեսահոլովակում ցուցադրվում են կադրեր Ալիայի «Try Again» (2000) և «If Your Girl Only Knew» (1996) երգերի տեսահոլովակներից[4]։
Տեսահոլովակը նկարահանվել է սև-սպիտակ գույների մեջ, սակայն տարբեր կադրերում որոշ բաներ երևում են վառ գույներով։ Տեսահոլովակի սկզբում Քրիս Բրաունը 3 այլ տղամարդկանց հետ գտնվում է մեքենայի մեջ, ապա կանգնեցնում է այն և միայնակ իջնելով մեքենայից սկսում է քայլել։ Այնուհետև երբ երգը սկսվում է, Քրիս Բրաունը քայլում է սևամորթ մարդկանց խմբի հետ, ովքեր տեսահոլովակի տարբեր կադրերում նրա կողքին են։ Մեկ այլ կադրում Քրիսը պարում է սև ֆոնի առջև, իսկ նրա ետևում ցուցադրվում է Ալիայի տեսահոլովակներից կադրեր։ Տեսահոլովակի ավարտին կադրում հայտնվում է «Հանգիր խաղաղությամբ» (R.I.P.) գրությունը ռեփեր Լիլ Ֆրոգի համար, ում սպանել էին 2013-ին։ Այնուհետև սև ֆոնի վրա հայտնվում են հետևյալ տողերը․
Սիրելի Ալիա, մենք սիրում ու կարոտում ենք քեզ։ Շնորհակալություն մեզ բոլորիս ոգեշնչելու համար։