Everything Has Changed, երգ, որ ձայնագրել են ամերիկացի քանթրի-փոփ երգչուհի Թեյլոր Սվիֆթը և բրիտանացի երգիչ Էդ Շիրանը։ Ընդգրկվել է երգչուհու Red (2012) չորրորդ ստուդիական ալբոմում։ Երգի հեղինակներն են Թեյլոր Սվիֆթը և Էդ Շիրանը, պրոդյուսերը՝ Բուտչ Ուոքերը։ Երգը թողարկվել է որպես ալբոմի վեցերորդ սինգլ 2013 թվականի հուլիսի 16-ին։ «Everything Has Changed» երգը փոփ և ֆոլք երաժշտության տարրերով քանթրի բալլադ է, որում խոսվում է «սիրելիին ավելի լավ ճանաչելու ցանկության մասին»[3]։
Սինգլն ստացել է խառը արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնք հակասական են եղել երգի տեքստի վերաբերյալ։ «Everything Has Changed» Billboard Hot 100 հիթ-շքերթում նորամուտը կատարել է 32-րդ հորիզոնականում և ընդգրկվել Բելգիայի, Իռլանդիայի ու Մեծ Բրիտանիայի հիթ-շքերթների լավագույն տասնյակներում։ Թեյլոր Սվիֆթը «Everything Has Changed» երգն առաջին անգամ կատարել է Էդ Շիրանի հետ նույն թվականի հունիսի 8-ին՝ Britain’s Got Talent-ում։ Երգն ընդգրկվել է Red Tour համաշխարհային շրջագայության երգացանկում։
Նախապես հայտարարվել է, որ բրիտանացի երգիչ Էդ Շիրանը պետք է մասնակցի Թեյլոր Սվիֆթի չորրորդ ստուդիական ալբոմի ձայնագրմանը, որի թողարկումը նախատեսված էր 2012 թվականի աշնանը։ 2012 թվականի հոկտեմբերի 18-ին երգն օնլայն հասանելի է դարձել ամբողջ աշխարհում[4]։ Այն գրել են Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանը։ Թեյլոր Սվիֆթը երգի իմաստը բացատրել է հետևյալ կերպ. «Ամեն ինչ տարբեր կերպ է երևում մի մարդու պատճառով, որովհետև նա պարզապես մտել է քո կյանք։ Դա շատ հիանալի է»[4]։
«Everything Has Changed» երգն արժանացել է խառը արձագանքների երաժշտական քննադատների կողմից։ Billboard-ը հրապարակել է խառը կարծիք՝ քննադատելով և գվելով Էդ Շիրանի մասնակցությունը[5]։ Digital Spy-ից Ռոբերտ Քոսպին գրել է, որ երաժշտական ոճն ստացվել է «սեթևեթող», իսկ երգը «թողնում է ջերմությամբ ու անորոշ զգացումով, ինչը բավական հազվադեպ է այս օրերին»[6]։ NME-ից Սիան Ռոուն երգին տվել է բացասական արձագանք՝ գրելով, թե «լիովին հիասթափված է»[3]։
Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2013 թվականի հունիսի 6-ին[7]։ Սյուժեն ծավալվում է երեխաների շուրջը, որոնք ծանոթանում են դպրոցական ավտոբուսում և ամբողջ օրն անցկացնում միասին։ Գլխավոր հերոսների ծնողների դերում հանդես են եկել Թեյլոր Սվիֆթն ու Էդ Շիրանը։ 2020 թվականի ապրիլի տվյալներով՝ տեսահոլովակն ունի ավելի քան 324 մլն դիտում Յութուբում[8]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։