Ֆլեքտեռն (գերմ.՝ Flecktarn, կոչվում է նաև Ֆլեքտեռն-մուստեր (գերմ.՝ Flecktarnmuster), Ֆլեկենտառն (գերմ.՝ Fleckentarn) կամ պարզապես Ֆլեք (գերմ.՝ Fleck), 3-, 4-, 5- կամ 6-գույնանի «պայթուցիչ» քողարկաներկման նախշ։ Կետերի օգտագործումն ստեղծում է աղմկային էֆեկտ, որը վերացնում է տարբեր գույների միջև եղած հստակ սահմաններն այնպես, ինչպես շերտերը նորագույն քողարկաներկումներում։ Քողարկանախշը մշակվել է բարեխառն կլիմայի խառնանտառների պայմաններում օգտագործելու համար։ Գոյություն ունի գույների փոխման միջոցով անապատի համար հարմարեցված տարբերակ՝ «Tropentarn»։
Երրորդ ռայխն անցկացրել է փորձեր նախքան Երկրորդ համաշխարհային պատերազմը, և արդեն պատերազմի ժամանակ բանակային որոշ ստորաբաժանումներ օգտագործել են քողարկաներկման «բեկորային» գունավորումներ[1]։ ՍՍ ռազմական ստորաբաժանումները, սկսած 1935 թվականից, փորձեր են կատարել տարբեր գունավորումներ։ Քողարկման առաջին և հետագա բազմաթիվ տարբերակներ ՍՍ-ի համար մշակել է պրոֆեսոր Յոհան Օտտո Շիկը (գերմ.՝ Johann Georg Otto Schick)։
Գերմանական քողարկաներկումների բոլոր տարբերակների անվանումները բնօրինակ չեն, բացառությամբ «Leibermuster»-ի[2][3]։
1976 թվականին գերմանական բունդեսվերը մշակել է քողարկաներկման նախշերի մի քանի նախատիպեր միագույն moleskin-ը փոխարինելու նպատակով փորձարկումների համար[1]։ Առնվազն չորս տարբեր քողարկանախշեր փորձարկվել են 1976 թվականի զինավարժությունների ժամանակ[1]։
Ներկայացված տարբերակներից ընտրվել է այն, որը ներկայում հայտնի է որպես Flecktarn։ Այդ բառն ստեղծվել է գերմաներեն Fleck (կետ, բիծ, գունավորում) և Tarnung (քողարկաներկում) բառերից։ Բունդեսվերը պահպանել է իր կանաչ համազգեստն առնվազն մինչև 1980-ական թվականները։ Flecktarn-ը լայնորեն ներկայացվել է միայն 1990 թվականին՝ 1988 թվականին սկսված փորձարկումներից հետո։
Գերմանիայում Flecktarn քողարկանախշն օգտագործվում է հետևակի, ռազմաօդային ուժերի բոլոր ստորաբաժանումների, նավատորմի որոշ ստորաբաժանումների և նույնիսկ բժշկական ծառայության (Sanitätsdienst) կողմից։ Այն օգտագործվում է նաև Ավստրիայի զինված ուժերի դիպուկահարների, Բելգիայի հետևակայինների ու դեսանտների շրջանում։ Ֆրանսիայն Flecktarn-ը փորձարկել է, բայց հրաժարվել է դրանից։ Նիդեռլանդները նույնպես հրաժարվել է ենթադրաբար «չափազանց ագրեսիվ» գունավորման պատճառով։ Flecktarn-ը դիտվել է որպես ՍՍ զորքերի քողարկաներկումների վիճելի ու ոչ խրախուսելի նմանակում, որում նույնպես օգտագործել են տարբեր գույների կետեր ու բծեր[1]։
Flecktarn-ը հիմք է ծառայել անապատային քողարկաներկման (Tropentarn)[4], դանիական T/78 և M/84 քողարկաներկումների, այդ թվում նաև դանիական քողարկաներկման անապատային տարբերակի, ինչպես նաև մի շարք այլ երկրների քողարկաներկումների համար։ Flectarn-ի մի տարբերակն օգտագործում է Ռուսաստանի բանակը, Չինաստանի բանակը Տիբեթում, ինչպես նաև մի շարք ոստիկանական ստորաբաժանումներ Լեհաստանում[5]։
{{cite web}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)