«Loca» (անգլ. թարգմանաբար՝ «խելագար»), կոլումբիացի երգչուհի Շակիրայի «Sale el Sol» (2010) յոթերորդ ստուդիական ալբոմի երգերից մեկը։ Թողարկվել է «Epic Records» ձայնագրման ընկերության կողմից որպես ալբոմի առաջատար սինգլ։ Իսպանալեզու տարբերակի թողարկումը, որը ձայնագրվել է դոմինիկյան ռեփեր Էլ Կատի հետ համատեղ, տեղի է ունեցել 2010 թվականի սեպտեմբերի 10-ին, այն դեպքում, երբ անգլալեզու տարբերակը ձայնագրվել է բրիտանացի ռեփեր Դիզի Ռասկալի մասնակցությամբ և թողարկվել իսպանական տարբերակից երեք օր անց։ Սինգլի հեղինակը և համապրոդյուսերը եղել է Շակիրան, սակայն երգի ստեղծմանը մասնակցել են նաև Էլ Կատը, Պիտբուլը և Դիզի Ռասկալը։ «Loca»-ի երաժշտական ոճը կարելի է վերագրել լատինաամերիկյան փոփ երաժշտությանը և մերենգեին, երգի բառերը նկարագրում են Շակիրայի էքսցենտրիկ հետաքրքրությունը տղամարդու հանդեպ։ 2014 թվականի օգոստոսին ԱՄՆ-ի ավագ շրջանային դատավորը որոշել է, որ «Loca»-ն անուղղակիորեն փոխառվել է «Loca con su Tiguere» երգից, որը 1990-ականների կեսերին գրել է դոմինիկյան կոմպոզիտոր Ռամոն «Արիաս» Վասկեսը։ Գործը կարճվել է 2015 թվականի օգոստոսին այն բանից հետո, երբ պարզվել է, որ Վասկեսը կեղծել է դատարանում ներկայացրած իր ապացույցները։
Իր թողարկումից հետո «Loca»-ն ստացել է գերազանցապես դրական արձագանքներ երաժշտական քննադատների կողմից, որոնք գովել են մերենգե երաժշտության ներառումն այդ ձայնագրությունում։ Երգի անգլերեն տարբերակը համաշխարհային առևտրային հաջողություն է ունեցել և հասել է ամենաբարձր հորիզոնականին հինգ երկրների առաջատար հիթ-շքերթներում, ներառյալ Ավստրիան, Բելգիան, Ֆրանսիան, Հունգարիան և Իտալիան։ Իսպանական տարբերակն Իսպանիայի և Շվեյցարիայի հիթ-շքերթներում հասել է առաջին հորիզոնականին, ինչպես նաև հիթ է դարձել լատինոամերիկյան հիթ-շքերթներում և ԱՄՆ-ում գլխավորել Billboard Hot Latin Songs, Latin Pop Airplay և Latin Tropical Airplay հիթ-շքերթները։ «Loca»-ն հավաստագրվել է աշխարհի տարբեր երկրներում․ Կոլումբիայում՝ որպես ադամանդե, Իտալիայում, Մեքսիկայում և Իսպանիայում՝ որպես պլատինե։ Սինգլն ամբողջ աշխարհում վաճառվել է ավելի քան 5 միլիոն օրինակ[1][2] և համարվում է բոլոր ժամանակների ամենավաճառվող մերենգեն[1]։
«Loca» երգի երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է ԻսպանիայիԲարսելոնա քաղաքում 2010 թվականի օգոստոսին և թողարկվել հաջորդ ամիս։ Տեսահոլովակում Շակիրան շփվում է ծովափին հանգստացողների բազմության հետ և ոսկե լողազգեստով պարում ծովի ֆոնին։ Նա դրական արձագանքներ է ստացել երաժշտական քննադատների կողմից, որոնցից շատերը բարձր են գնահատել համատեքստը երգի տատանումներին համապատասխանեցնելու վերջինիս գաղափարը։ Լրացուցիչ առաջխաղացման համար Շակիրան «Loca»-ն կատարել է մի քանի հեռուստատեսային շոուների և իր «The Sun Comes Out World Tour» շրջագայության ժամանակ։
«Loca» երգը գրել են ամերիկացի ռեփեր Արմանդո Պերեսը, որն ավելի հայտնի է Պիտբուլ բեմական կեղծանվամբ, դոմինիկյան ռեփեր Էդվարդ Բելոն, որը հայտնի է որպես Էլ Կատա և Շակիրան՝ վերջինիս իններորդ ստուդիական «Sale el Sol» (2010) ալբոմի համար[3]։ Առաջին անգամ ալբոմը նշանավորվել է, երբ Շակիրան աշխատել է Էլ Կատոյի հետ, և նրանց համագործակցությունը սկսվել է այն բանից հետո, երբ Շակիրան ցանկություն է հայտնել փորձարկել մերենգե երաժշտությունը, ասելով. «Ես մեծացել եմ մերենգե լսելով, դա իմ կյանքի մեծ մասն է, և ես կարոտում եմ այն»։ Մերենգեն Դոմինիկյան Հանրապետությունից ծագող երաժշտության և պարի ոճ է, և այն բանից հետ, երբ ամերիկացի ռեփեր Պիտբուլը խորհուրդ է տվել այն երգչուհի Էլ Կատոյին, Շակիրան մեկնել է վերջինիս երկիր և նրա հետ սկսել ձայնագրություններ անել Սանտո Դոմինգոյի «փոքրիկ» ստուդիայում[4][5]։ Էլ Կատան Շակիրայի հետ իր համագործակցության մասին արտահայտվել է հետևյալ կերպ. «Եթե ինչ-որ մեկն ինձ ասեր, որ այս փոքրիկ ստուդիան այս պահին կլիներ ամբողջ աշխարհի տեսադաշտում, ես չէի հավատա դրան»[5]։ «Loca»-ն լատինաամերիկյան փոփ երգ է, որը բաղկացած է մերենգեի խողովակե ծանր ռիթմերից՝ զուգորդված տեխնո-պարային հարվածային ռիթմերով[6]։ Երգի բառերը նկարագրում են, թե ինչպես է Շակիրան արտահայտում իր խենթ ու աներես վարքն իր սիրեցյալի նկատմամբ, ավելի շատ, քան նրա մյուս սիրեցյալը, ինչը հստակ երևում է «նա կմահանար քո սիրո համար / բայց քո սերը միայն իմն է, տղա» և «ես խենթ եմ, բայց քեզ դա դուր է գալիս» տողերից[6]։
Ալբոմում ներառվել են երգի երկու տարբերակ. անգլալեզու տարբերակում ներառվել է անգլիացի ռեփեր Դիզի Ռասկալի վոկալը (որը նույնպես մասնակցել է տեքստի ստեղծմանը), իսկ իսպանալեզու տարբերակը ստեղծվել է Էլ Կատայի մասնակցությամբ[7]։ Խոսելով համագործակցության մասին, Դիզի Ռասկալն ասել է․ «Ես գիտեմ, որ հիմա այն մի քիչ խելագար է հնչում, բայց դուք կտեսնեք այն և կտեսնեք, թե ինչ է տեղի ունեցել»։ Նա նաև ասել է. «Մերենգեն ինձ փոքր ինչ այլ մարդ է դարձնում»[8]։ «Billboard»-ին տված հարցազրույցում Դիզի Ռասկալը Շակիրայի մասին ասել է․ «Նա մասամբ նորաձևության օրենսդիր Է, նա շատ տարբեր բաներ է անում մեծ չափերով» և հավելել. «Դուք սպասում էիք, որ նա կհրավիրի ամերիկացի ռեփերին (երգի համար), բայց նա ընտրեց ինձ։ Դա շատ բան է նշանակում»։ Այնուհետև նա խոսել է երգի մասին հետևյալ կերպ. «Ես կցանկանայի լինել այս իսպանական շուկայում։ Երբ այս ամենը ստացվեց, ես ստեղծեցի այս ամբողջ ռեգեթոնը, քանի որ միշտ ցանկանում էի նման բան անել»[9]։ «Loca»-ն դարձել է «Sale el Sol» ալբոմի գլխավոր սինգլը։ Էլ Կատաի մասնակցությամբ երգի իսպանական տարբերակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 10-ին[10], իսկ Դիզի Ռասկալի մասնակցությամբ անգլերեն տարբերակը թողարկվել է երեք օր անց[11]։
2014 թվականի օգոստոսի 19-ին Էլվին Հելերշթեյնը՝ Նյու Յորքի հարավային շրջանի դաշնային դատարանի ավագ դատավորը, եկել է այն եզրակացությանը, որ «Loca»-ի իսպանական տարբերակն անուղղակիորեն փոխառվել է «Loca con su Tiguere» երգից, որը գրվել է 1990-ականների կեսերին դոմինիկյան կոմպոզիտոր Ռամոն «Արիաս» Վասկեսի կողմից։ Նա վկայել է, որ 2006 թվականին ծանոթացել է Էդվարդ Բելոյի (Էլ Կատի) հետ և նրան ծանոթացրել իր երկու երգերի հետ, այդ թվում՝ «Loca con su Tiguere»-ի։ Վասկեսի խոսքով՝ Բելոն տպավորված է եղել երգով և խնդրել է իրեն ձայնագրել այն։ Սակայն Բելոն պնդել է, որ երգն ի սկզբանե պատկանել է իրեն և հիմնված է նախկին կնոջ հետ իր հարաբերությունների վրա՝ հակասելով Վասկեսի պնդմանը, որ «Loca con su Tiguere»-ը հիմնված է եղել իր քրոջ և դաժան փողոցային տղայի հարաբերությունների վրա։ Հելերշթեյնը որոշում է կայացրել հօգուտ Վասկեսի և եկել է այն եզրակացության, որ երկու երգերը նման են կառուցվածքով և ռիթմով։ Քանի որ «Loca»-ի իսպանական տարբերակում Բելոն կատարում է բազմաթիվ դրվագներ, դատավորը որոշել է, որ դա նույնպես Վասկեսի երգից փոխառություն է։ Դատարանի որոշումից հետո «SonyATV Latin»-ը և «Sony/ATV Discos»-ը (ԱՄՆ-ում «Loca»-ի իսպանական տարբերակի դիստրիբյուտորները) «Mayimba Music»-ին պետք է վճարեին դատական գործընթացում Վասկեսի՝ երգի իրավունքների սեփականատիրոջ և հայցվորի կրած վնասների համար[12]։
2015 թվականի օգոստոսի 10-ին գործը կարճվել է Հելերշթեյնի կողմից այն բանից հետո, երբ «Sony Music»-ն նոր ապացույցներ է ներկայացրել, որ Վասկեսը կեղծել է ձայներիզը, որն ավելի վաղ ներկայացրել էր դատարանում՝ ապացուցելու համար, որ երգն ի սկզբանե ձայնագրվել է նրա կողմից։ Հելերշթեյնը հայտարարել Է, որ «Sony Music»-ի ներկայացրած ապացույցները տվել են «որակյալ և ծանրակշիռ ապացույց», որ ձայներիզը կեղծ էր[13]։
«Loca» երգն իր թողարկումից հետո մեծամասամբ արժանացել է երաժշտական քննադատների դրական արձագանքներին։ «Billboard»-ի գրախոսներից մեկը գովաբանել է Շակիրային այն բանի համար, որ վերջինս ցուցադրել է իր երաժշտական անկանխատեսելի ընտրությունը՝ ստիպելով Դիզի Ռասկալին երգել մերենգի ռիթմի տակ, ինչը նրանք անվանել են «կտրուկ կոմբինացիա»[14]։ «Digital Spy» պորտալի գրախոս Ռոբերտ Կոփսին նույնպես դրական արձագանք է տվել երգին և անվանել է այն «տարօրինակ, բայց շատ հաճելի»[15]։ «Stanford Daily» պորտալի գրախոս Ջենիֆեր Շաֆերը Դիզի Ռասկալայի ռեփը դիտարկում է որպես երգի կուլմինացիոն մաս[16]։ «The Boston Globe» թերթի խմբագիր Ջեյմս Ռիդը երգն անվանել է «մերենգիի անկրկնելի հիբրիդ», իսկ նրա իսպաներեն տարբերակը վերջինիս կարծիքով ալբոմի կարևորագույն երգն է[17]։ Միշել Մորգանթը, որը նույնպես «The Boston Globe»-ից է, տպավորվել է երգի ինչպես անգլերեն, այնպես էլ իսպաներեն տարբերակի էֆեկտիվությունից, ինչը, ըստ նրա՝ «Շակիրայի լեզվից-լեզու անցում կատարելու մի քանի այլ փորձերի ժամանակ անհետացել է»[18]։ Սակայն, «Վաշինգտոն Փոստ» թերթի խմբագիր Էլիսոն Ստյուարտը պնդում է, որ երգի երկու տարբերակների միջև եղել է «շատ մեծ ու զգալի տարբերություն»[19]։
Սինգլի իսպանական տարբերակն առաջադրվել է «Billboard Music Awards 2011» մրցանակին «Լավագույն լատինոամերիկյան երգ» անվանակարգում[20]։ Շակիրայի մյուս երկու «Gypsy» և «Waka Waka (This Time for Africa)» երգերը նույնպես առաջադրվել են այս մրցանակին և արդյունքում այն հանձնվել է «Waka Waka (This Time for Africa)» երգին[21]։ Միևնույն տարում «Billboard Latin Music Awards»-ում երգի իսպաներեն տարբերակն առաջադրվել է «Լատինոամերիկյան տաք երգ» մրցանակին, բայց պարտվել է[22]։ 2011 թվականին «Premios 40 Principales» մրցանակի հանձնման արարողության ժամանակ սինգլի իսպաներեն տարբերակն առաջադրվել է «Իսպաներեն լավագույն միջազգային երգ» (իսպ.՝ Mejor Canción Internacional en Español) մրցանակին[23]։ Այն նաև որպես «Ամենահիշվող մեղեդի» (իսպ.՝ La Más Pegajosa) և «Mi Ringtone» առաջադրվել է «Premios Juventud» մրցանակին, բայց երկու կատեգորիաներում էլ պարտվել է ամերիկացի ռեփեր Պիտբուլի «Bon, Bon» երգին[24]։ Երգի անգլերեն տարբերակն առաջադրվել է 2011 թվականի Պարային երաժշտության 26-րդ ամենամյա միջազգային մրցանակին «Լավագույն լատինոամերիկյան երգ ռեգեթոն ոճում»[25]։
«Loca»-ի անգլերեն տարբերակն ունեցել է համաշխարհային առևտրային հաջողություն։ Ավստրիայի հիթ-շքերթում 17-րդ հորիզոնականում առաջնաելույթ ունենալուց հետո սինգլը հասել է երկրորդ հորիզոնականին և ընդհանուր առմամբ 20 շաբաթ մնացել հիթ-շքերթում[26]։ Ավստրիայում սինգլն ավելի քան 15 000 օրինակ վաճառքի համար Ֆոնոգրամմա արտադրողների միջազգային ֆեդերացիայի (IFPI) կողմից հավաստագրվել է ոսկե կարգավիճակով[27]։ Բելգիայի Վալոնիյա շրջանի ֆրանսալեզու տարածաշրջանում «Loca»-ն երկու շաբաթվա ընթացքում հասել է «Ultratop» հիթ-շքերթի առաջին հորիզոնականին և 26 շաբաթ զբաղեցրել այն[28]։ «Loca»-ն դարձել է Շակիրայի չորրորդ սինգլը, որը Բելգիայում հասել է առաջին հորիզոնականին[28]։ Բելգիական զվարճանքի ասոցիացիան (BEA) 10 000 օրինակ վաճառքի համար երգին հավաստագրել է ոսկե հավաստագրով[29]։ «Loca»-ն չեխական «Airplay» հիթ-շքերթում յոթ շաբաթ անընդմեջ զբաղեցրել է առաջին հորիզոնականը[30]։ Ֆրանսիայում երգն առաջնաելույթ է ունեցել սինգլների հիթ-շքերթի չորրորդ հորիզոնականում և հասել երկրորդ հորիզոնականին՝ ընդհանուր առմամբ 49 շաբաթ անցկացնելով այդ հիթ-շքերթում[31]։ Բայց «Loca»-ին հաջողվել է նվաճել թվային երգերի ֆրանսիական հիթ-շքերթի առաջին հորիզոնականը[32]։ 2010 թվականին «Loca»-ն 143 337 օրինակով դարձել է Ֆրանսիայում ամենաշատ վաճառվող ութերորդ սինգլը[33]։ Հունգարիայում «Loca»-ի համար ամենաբարձր դիրքը չորրորդ հորիզոնականն է եղել ինչպես սինգլների հիթ-շքերթում[34], այնպես էլ պարային հիթ-շքերթում[35]։ Երգը մտել է սինգլների իտալական թոփ 20-ի մեջ՝ դառնալով Շակիրայի առաջին սինգլը «Beautiful Liar»-ից հետո, որը ռեկորդ է գրանցել՝ վեց շաբաթ մնալով հիթ-շքերթի առաջին հորիզոնականում[36]։ Իտալիայում 60 000 օրինակ վաճառքի համար «Loca»-ն Իտալական երաժշտության ձայնագրման արդյունաբերության ֆեդերացիայի (FIMI) կողմից հավաստագրվել է կրկնակի պլատինե կարգավիճակով[37]։ ԱՄՆ-ում «Loca»-ն հասել է Billboard Hot 100 հիթ-շքերթի 32-րդ հորիզոնականին[38]։ Hot Dance Club Songs հիթ-շքերթում այն դարձել է Շակիրայի առաջին սինգլը «Did It Again»-ից (2009) հետո, որը հասել է առաջին հորիզոնականին[39]։
«Loca»-ի իսպաներեն տարբերակը Մեքսիկայում հասել է «Monitor Latino» հիթ-շքերթի երկրորդ հորիզոնականին[40] և 120 000 օրինակ վաճառքի համար Մեքսիկական ֆոնոգրամ արտադրողների ասոցիացիայի (AMPROFON) կողմից հավաստագրվել կրկնակի պլատինե հավաստագրով[41]։ «Loca»-ն զբաղեցրել է իսպանական սինգլների հիթ-շքերթի 10-րդ հորիզոնականը և 12 շաբաթվա ընթացքում զբաղեցրել առաջին հորիզոնականը[3]։ Սինգլն այնտեղ մնացել է ընդհանուր առմամբ 47 շաբաթ[3] 80 000 օրինակ վաճառքի համար «Productores de Música de España»-ի (PROMUSICAE) կողմից հավաստագրվել է կրկնակի պլատինե կարգավիճակով[42]։ Երգն զբաղեցրել է շվեյցարական սինգլների հիթ-շքերթի 2-րդ հորիզոնականը և հասել է առաջին հորիզոնականին չորս շաբաթվա ընթացքում՝ այդ հիթ-շքերթում անցկացնելով 40 շաբաթ[43]։ Շվեյցարիայում 30 000 օրինակ վաճառքի համար IFPI-ի կողմից հավաստագրվել է պլատինե կարգավիճակով[44]։ Սինգլի իսպանական տարբերակը հաջող հիթ է դարձել ԱՄՆ-ի լատինամերիկյան հիթ-շքերթներում։ Այն հասել Է Billboard Hot Latin Songs հիթշքերթիի առաջին հորիզոնականին[45], ինչպես նաև նվաճել Է Latin Pop Airplay-ի և Tropical Songs-ի հիթ-շքերթների առաջին հորիզոնականները[46][47]։ «Loca»-ն եղել է Շակիրայի տասնութերորդ սինգլը Hot Latin Songs հիթ-շքերթի թոփ 10-ում, ինչի շնորհիվ նա երրորդ տեղն Է զբաղեցրել ամենաշատ թվով սինգլների հիթ-շքերթներում թոփ 10 զբաղեցրած կին կատարողների վարկանիշում՝ Գլորիա Էստեֆանից և Անա Գաբրիելից հետ[48]։
Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է Բարսելոնայի (Իսպանիա) շովափերից ոչ հեռու 2010 թվականի օգոստոսին։ Որպես ռեժիսոր հանդես է եկել Ժաումե դե Լայգուանան, որն ավելի վաղ աշխատել էր Շակիրայի հետ «No» և «Gypsy» երգերի տեսահոլովակների վրա[49]։ Երաժշտական տեսահոլովակը նկարահանվել է «պարտիզանական ոճով»՝ մեծ քանակությամբ դրվագներ նկարահանելու համար նախատեսված ձեռքի տեսախցիկների օգտագործմամբ[50]։ Շակիրան պատմել է տեսահոլովակի մասին ու նշել․ «Ես որոշել էի պարզապես անել հանպատրաստից ինչ-որ բան և լինել այնպիսին, ինչպիսին կամ, լինել ազատ և չկաշկանդվել դրանից, որովհետև այս երգը հենց այդ մասին է»[51]։ Երաժշտական տեսահոլովակը թողարկվել է 2010 թվականի սեպտեմբերի 29-ին[50][52]։ Երգի անգլերեն և իսպաներեն տարբերակներն առանձին-առանձին թողարկվել «iTunes»-ում[53]․ մեկը՝ 2010 թվականի հոկտեմբերի 11-ին, իսկ մյուսը՝ հոկտեմբերի 13-ին[54]։
Տեսահոլովակը սկսվում է այն դրվագով, որտեղ Շակիրան անվաչմուշկ է վարում իր երկրպագուների մեծ բանակի հետ միասին, որոնք շրջապատել են նրան։ Ամբողջ քաղաքով շրջելուց հետո, ներառյալ նաև պարային մի շարք դրվագներ, նա հրապարակայնորեն փոխում է իր հագուստը և միանում է մոտոցիկլիստների պատահական խմբի։ Հետո նա սկսում է պարել և թռնում է Պլա-դե-Պալաու հրապարակի ցայտաղբյուրի մեջ[55][56]։ Հաջորդ տան ժամանակ նա սկսում է պորտապար պարել ծովափի մի տղամարդու հետ, իսկ տեսահոլովակի ավարտին մոտ նա սուզվում է ծովն իր բազմաթիվ երկրպագուների հետ և զվարճանում է[52][57]։ Դիզի Ռասկալը նույնպես հայտնվել է տեսահոլովակում երգի իր հատվածի ժամանակ[58]։
«Billboard»-ի աշխատակից Ուոլտեր Ֆրեյզերը տեսահոլովակին և Շակիրայի խելահեղությանը դրական գնահատական է տվել[52]։ «MTV»-ի Ջեյմս Մոնտգոմերին տեսահոլովակին տվել է շատ պոզիտիվ արձագանք՝ անվանելով այն «հազվագյուտ տեսահոլովակ», որը հիանալիորեն լրացնում է երգը[50]։ «Loca» երգի երաժշտական տեսահոլովակն առաջադրվել է 2011 թվականի 12-րդ «Latin Grammy Awards» մրցանակին «Լավագույն կարճամետրաժ երաժշտական տեսահոլովակ» անվանակարգում, բայց պարտվել է Calle 13 խմբի «Calma Pueblo» երգին[59]։ 2001 թվականի «Premios Nuestra Tierra» մրցանակի հանձնման արարողության ժամանակ տեսահոլովակը ստացել է «Կոլումբիացի երգչի լավագույն երաժշտական տեսահոլովակ» (իսպ.՝ Mejor Video Musical Para Artista Colombiano) մրցանակը[60]։ Այն նաև առաջադրվել է «Premios Juventud» մրցանակին «Իմ սիրելի տեսահոլովակը» (իսպ.՝ Mi Video Favorito) անվանակարգում[61]։ Տեսահոլովակը հայտնի է դարձել YouTube տեսակայքում և արժանացել է «Vevo» տեսակայքի «Vevo Certified» մրցանակին՝ որպես 100 միլիոնից ավել դիտում ունեցող[62]։
Շակիրան առաջին անգամ «Loca» երգն անգլերեն տարբերակով կատարել է 2010 թվականի սեպտեմբերի 23-ին «Late Show with David Letterman» հեռուստածրագրում[63]։ Շակիրան նաև հայտնվել է «Lopez Tonight» հեռուստաշոուում, որտեղ խոսել է երգի մասին և նրա հաղորդավար Ջորջ Լոպեսին սովորեցրել է տեսահոլովակի պարային քայլերից[64]։ Երգը կատարել է նաև ամերիկյան «Dancing With the Stars»-ում հոկտեմբերի 19-ին՝ ալբոմի թողարկման օրը[65]։ Նույն թվականի նոյեմբերի 9-ին այն կատարել է նաև «The X-Factor» մրցույթի գերմանական տարբերակի եզրափակչում[66]։
Այս երգը Շակիրան առաջին անգամ կատարել է Դիզի Ռասկալի հետ նոյեմբերի 7-ին «MTV Europe Music Awards 2010» արարողության ժամանակ[67]։ MTV-ից Գաբի Գրեգն այս ելույթը գնահատել է որպես արարողության ժամանակ լավագույնը՝ գովաբանելով Շակիրայի պարային շարժումներն ու նշելով, որ «նա իրականում հնչում է նույնքան կենդանի, որքան ձայնագրությունում»[68]։ «Billboard»-ի Ջիլիան Մեյփսը սա ներառել է իր ««MTV European Music Awards 2010»-ից պարտադիր դիտելու 5 դրվագները» ցուցակում[69]։ Շակիրան երգի իսպաներեն տարբերակը կատարել է Լատինական մրցանակաբաշխության 12-րդ հանդեսի ժամանակ՝ ուղիղ եթերում[70]։ «Loca»-ն ներառվել է նրա «The Sun Comes Out World Tour» համաշխարհային շրջագայության երգացանկում, որն անցկացվել է 2010-2011 թվականներին։ Ներկայացման ժամանակ Շակիրան հագած է եղել ընձառյուծի պուտերով նեոնային տաբատ և կատարել է պարային ծրագիր «խրթին և քաղաքային խորեոգրաֆիայից»[71][72]։ 2010 թվականի հոկտեմբերի 25-ին Շակիրան համերգից հետո հեռանում էր ԿալիֆորնիայիHonda Centre կայանատեղիից, բայց դուրս է գալիս իր լիմուզինից և ավտոմեքենայի վրա երկու պարողների հետ կատարում «Loca» երգը[73]։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։
↑Del Río, Mairem (2011 թ․ հուլիսի 19). «Y los nominados a Premios Juventud son...» (իսպաներեն). TV Notas. Grupo Editorial Notmusa. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հոկտեմբերի 29-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
↑Sophie Barnett (2010 թ․ նոյեմբերի 4). «EMA Red Carpet Show!». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 28-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
↑Gregg, Gabi (2010 թ․ նոյեմբերի 8). «Shakira EMA Performance». MTV News. Viacom. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մարտի 3-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
↑«Top 50 Canciones Anual 2010» [Top 50 Songs Annual 2010] (PDF) (իսպաներեն). Productores de Música de España. Արխիվացված է օրիգինալից(PDF) 2013 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
↑Kanellopoulos, Dimitris (2012 թ․ հունվարի 5). «Τop 100 Radio Airplay Γia Τo 2011» (հունարեն). E-tetradio.gr. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.
↑«Mahasz Rádiós Top 100 2011» (հունգարերեն). Association of Hungarian Record Companies. Վերցված է 2019 թ․ դեկտեմբերի 29-ին.