Մոնդեքս (անգլ.՝ Mondex), Mastercard ֆինանսական կազմակերպությանը պատկանող սմարթ քարտային կանխիկ համակարգ։
1990 թվականին NatWest կազմակերպության երկու բանկիրներ հիմնադրել են այս կազմակերպությունը, սակայն հետագայում բաժանվել է առանձին կոնսորցիումների, իսկ ավելի ուշ Mastercard-ն է այն գնել:
Մոնդեքսը թույլ էր տալիս օգտատերերին օգտագործել էլեկտրոնային քարտն այնպես, ինչպես կանխիկ գումարը՝ հնարավորություն ընձեռելով կատարել peer-to-peer փոխանցումներ քարտերի միջև, որոնք բանկոմատների, համակարգչային քարտեր ընթերցող սարքերի, անձնական «դրամապանակների» և մասնագիտացված հեռախոսների միջոցով ստացվող թույլտվության կարիք չունեն: Մոնդեքսի այս առանձնահատկություններն առանձնացնում էին այն ժամանակվա առաջատար մրցակիցներից, ինչպիսին էր Visa Cash համակարգը[1]:
Մոնդեքսը նաև թույլ էր տալիս մեկ քարտի միջոցով մի քանի արժույթներով գործարքների իրականացում: Մոնդեքս քարտերը ինչ-որ պահի շատ համալսարաններում տարածում ստացան, քանի որ դրանք շատ սկսեցին փորձարկվել այնտեղ։
Համակարգը ներդրվել է տասնյակից ավելի երկրներում: Չնայած Mastercard շարունակական ներդրումների` Մոնդեքսը տարածում չստացավ ամբողջ աշխարհում, և վերջին երկիրը, որտեղ այն գործում էր, Թայվանն էր (2008 թվականի մայիսի 31-ին աjստեղ քարտերն այլևս չօգտագործվեցին)։ Մոնդեքսին հաջորդեց տեխնոլոգիապես ավելի զարգացած համակարգ, որը կոչվում էր Mastercard Cash։
Մոնդեքսը եղել է անկանխիկ վճարային համակարգի նախատիպ, որն այսօր տարածված է օնլայն վճարումների, թվային դրամապանակների և անհպում վճարումների տարբերակով[2]։
Mondex սխեման հորինվել է 1990 թվականին Միացյալ Թագավորությունում NatWest-ից Թիմ Ջոնսի և Գրեհեմ Հիգինսի կողմից։ 1992 թվականի մարտին համակարգի ներքին թեստերը, որն այն ժամանակ հայտնի էր որպես Բայթ, սկսեցին աշխատել NatWest-ի խոշոր համակարգչային կենտրոններից մեկում՝ Լոնդոնի Goodman's Fields-ում[3]։
Մինչև 1993 թվականի դեկտեմբեր զարգացումը շարունակվեց գաղտնի, երբ համակարգը հրապարակավ բացահայտվեց՝ հայտարարությամբ, որ Midland Bank-ը (որը վերջերս ձեռք է բերվել HSBC-ի կողմից) միացել է սխեմային որպես 50/50 ներդրումային գործընկեր։
Վճարային համակարգի նախնական հրապարակային փորձարկումներն իրականացվել են 1995 թվականի հուլիսից Սվինդոնում (Ուիլթշիր)։ Հանրային փուլը պահանջում էր բազմաթիվ առևտրային սարքերի և խելացի քարտերի մշակում և արտադրություն, ընդ որում BT-ն, NatWest-ը և Midland Bank-ը հովանավորում և տեղադրում էին մանրածախ տերմինալներ քաղաքի ավտոկայանատեղերում, վճարովի հեռախոսներում, ավտոբուսներում և վաճառակետերում, և թողարկում Mondex քարտեր։ Փորձարկման առաջին հինգ շաբաթվա ընթացքում 1900 տերմինալներ են տեղադրվել 620 մանրածախ առևտրի ցանցերում, և գրանցվել է 6000 քարտապան, որի թիրախը 40000 քարտապաններ և 1000 վաճառողներ են եղել մեկ տարվա փորձաշրջանի ընթացքում։ Մինչև 1995 թվականի սեպտեմբեր բոլոր ավտոբուսները, ավտոկայանատեղերը և վճարովի հեռախոսները պետք է ընդունեին Mondex-ը, իսկ 20 կանխիկացման կետերը և 300 վճարային հեռախոսները նախատեսված էին համակարգի միջոցով դրամական փոխանցումներին աջակցելու համար[4]։
1996 թվականի հուլիսին NatWest-ը և Midland Bank-ը վաճառեցին Mondex-ի հայեցակարգը, տեխնոլոգիան և ապրանքանիշը մշակելու մտավոր սեփականության իրավունքները նոր խմբին, որը կոչվում էր Mondex International, 17 խոշոր բանկերի հետ միասին խմբին միացան որպես բաժնետերեր[5]։ Այդ պահից ի վեր Mondex International-ը կառավարում էր Mondex ապրանքանիշը, վերահսկում էր նրա ֆրանչայզերը և պայմանագրեր կնքում նորերի հետ ամբողջ աշխարհում։ Այն նաև կառավարել է Mondex տեխնոլոգիան և մշակել դրա ծրագրակազմը։
Նույն տարվա նոյեմբերին Mastercard-ը ձեռք բերեց Mondex International-ի 51% սեփականությունը և ամբողջությամբ հավանություն տվեց Mondex սխեմային՝ անմիջապես հրաժարվելով իր էլեկտրոնային կանխիկացման համակարգից, որը մինչ այդ մշակվում էր[6][7]։ Այնուհետև Mastercard-ը ձեռք բերեց ընկերության ամբողջական սեփականությունը 2001 թվականի հունիսին[8]։
1996 թվականին Visa-ն և Mastercard-ը համաձայնեցին այն, ինչը հայտնի էր որպես Upper West Side-ի դատավարություն։ Visa-ն գործի դրեց Visa Cash-ը, իրենց էլեկտրոնային կանխիկացման սխեման, իսկ Mastercard-ը՝ Mondex-ը՝ տեսնելու, թե արդյոք Մանհեթեն կղզու բնակիչները կընդունեն հայեցակարգը և տեխնոլոգիան՝ որպես կանխիկ գումարը փոխարինելու միջոց։
Mondex-ը գործարկվել է մի շարք շուկաներում 1990-ական թվականներին՝ ընդլայնվելով Սվինդոնի սկզբնական փորձարկումից մինչև Հոնկոնգ, Նյու Յորք և Գելֆ, Կանադա[9]։ Այն նաև փորձարկվել է 1990-ական թվականների վերջին մի քանի բրիտանական համալսարաններում, ներառյալ Էդինբուրգի համալսարանը, Էքսետերի համալսարանը (1997-2001 թվականների միջև), Յորքի համալսարանը, Նոթինգհեմի համալսարանը, Ասթոնի համալսարանը և Շեֆիլդ Հալամի համալսարանը։
90-ական թվականների վերջին և 2000-ական թվականների սկզբին փորձարկումները շարունակվեցին իրականացվել ամբողջ աշխարհում՝ հաճախորդների ընդունման և ժողովրդականության տարբեր աստիճաններով։ Ի վերջո, այս փորձարկումներից նույնիսկ ավելի հաջողակները ձախողեցին իրենց նպատակը, քանի որ երկրների մեծ մասը Mondex-ի համակարգի ազգային ներդրում չունեցան, ուստի շատ վայրերում սխեման մնաց փորձնական փուլում, և Mondex ֆրանչայզերը փակեց իր աշխատանքը։
Մոնդեքս քարտով դրամական փոխանցում իրականացվել է Մոնդեքս ծրագրին միացված սարքի միջոցով և տեղի է ունեցել 2 քարտերի միջև՝ անկախ նրանից՝ երկու կողմերը հաճախորդներ են, թե հաճախորդ և վաճառող:
Երկու կողմն էլ իրենց քարտերը տեղադրում էին սարքի մեջ, որը հեշտացնում էր դրամական միջոցների փոխանցումը և այսպիսով իրականցվում էր տվյալ գործարքը։ Քարտի հիշողության մեջ պահպանվում էին միայն 10 գործարքներից։
Քարտերը լիցքավորելու համար օգտատերերը կարող էին օգտվել բանկոմատից, գնալ բանկի մասնաճյուղ:
Մոնդեքսի քարտերը կարող էին օգտագործվել ցանկացած խանութում, որն ուներ անհրաժեշտ սարքավորումներ:
Մոնդեքս քարտերը թույլ էին տալիս գործարքներ կատարել քարտին հասանելի 5 արժույթներից մեկի միջոցով[10]:
Մոնդեքս քարտերը ներառում էին «կողպման» մեխանիզմ, որի ժամանակ քարտը կողպելու համար ընտրվում էր PIN կոդ, իսկ քարտը նորից գործարկելուց առաջ (վերջին գործարքները դիտելու կամ գումար փոխանցելու համար) քարտապանը պետք է գրեր սահմանված PIN կոդը և ապակողպեր այն[11][12]:
Մի շարք սարքեր թույլ էին տալիս Մոնդեքս քարտերի օգտագործումը (գումարի փոխանցում, քարտի մնացորդի դիտում, քարտերի կողպում/բացում և այլն), որոնք կարող էին օգտագործվել անձնական կամ առևտրային օգտագործման համար[13]․