«Prisencolinensinainciusol» | |
---|---|
Ադրիանո Չելենտանոի երգը | |
Ժանր | փորձարարական երաժշտություն |
Լեզու | առանց լեզվական բովանդակության |
Լեյբլ | Clan Celentano? |
Հեղինակ | Ադրիանո Չելենտանո |
«Prisencolinensinainciusol» (արտասանվում է Պրիզենկոլինենսինայնչուզոլ), իտալացի երգիչ և դերասան Ադրիանո Չելենտանոյի հայտնի երգը, որն ստեղծել և կատարել է նա, ինչպես նաև կինը՝ Կլաուդիա Մորին։
Երգը մինչ այժմ մեծ ճանաչում ունի Իտալիայում. Rai Uno հեռուստաալիքով հաճախ է ցուցադրվում Ադրիանոյի և պարուհի Ռաֆայելա Կառայի մասնակցությամբ տեսահոլովակը, որտեղ նրանք կատարում են երգը՝ երաժշտության տակ կատարելով համաչափ շարժումներ։ Առաջին անգամ կատարվել է որպես սինգլ 1972 թվականի նոյեմբերի 3-ին, ապա թողարկվել է «Nostalrock» ալբոմում։
Երգի տեքստն իրենից ներկայացնում է մաքուր գլոսոլալիա՝ հորինված բառեր, որոնք ոչինչ չեն նշանակում։ Տեքստի հնչողությունը հիշեցնում է անգլերենի և իտալերենի խառնուրդ։ Կատարվել է ռեչիտատիվով, կարելի է գնահատել որպես առաջին ռեփ փորձարարություններից մեկը։ Երգը երկար ժամանակ եղել է եվրոպական հիթ-շքերթների վերին հորիզոնականներում, տեղ է գտել ամերիկյան փոփ շքերթներում։ Ներկայումս երգը բավականին հայտնի է համացանցային մեմերի շրջանում[1]. ստեղծումից քառասուն տարի անց այն հանրաճանաչություն է ձեռք բերել ԱՄՆ-ում շնորհիվ բլոգերի Կորի Դոկտորոուի, որը հիացած էր երգով և Չելենտանոյին անվանել է «երաժշտական նորարարության լեգենդ և առաջատար»։ Երգի հիման վրա ստեղծվել են տասնյակից ոչ պակաս ռեմիքսներ (դրանցից երկուսը թողարկվել են Չելենտանոյի Alla corte del remix ալբոմում)։ 2014 թվականին երգը կատարվել է համակարգչային Forza Horizon 2 խաղի անոնսում[2]։ 2016 թվականին Le migliori ալբոմում ներառվել է այս երգի ռիմեյքը, որն ստեղծել է իտալացի հայտնի դիջեյ Բենի Բենասին, նույն թվականի դեկտեմբերին երգի հիման վրա նկարահանվել և թողարկվել է տեսահոլովակ։
1987 թվականին Խորհրդային Միությունում համերգի ժամանակ Ադրիանո Չելենտանոն խոստովանել է, որ այս երգով ցանկացել է ասել շատ մարդկանց հաղորդակցվելու անկարողության մասին, որոնք չեն կարողանում են հասկանալ միմյանց։