Միջազգային գիտական անվանում | Promachocrinus fragarius | |
---|---|---|
Taxon rank | տեսակ | |
Parent taxon | • Antedonoidea • Antedonidae • Promachocrinus | |
Taxon author citation | McLaughlin, Wilson & Rouse, 2023 |
Promachocrinus fragarius (լատ.), Promachocrinus ցեղի Antedonidae (Comatulida, Crinoidea) ընտանիքի ծովաշուշանների տեսակ, որը հայտնաբերվել է Անտարկտիկայում[1]։ Սա Promachocrinus-ի մի քանի նոր տեսակներից մեկն է, որը նկարագրվել է 2023 թվականին[2]։ Տեսակի հայտնաբերումն առաջացրել է ԶԼՄ-ների զգալի ուշադրությունը[3][4][5]։
Տեսակը հայտնաբերած թիմը հայտարարել է, որ այն ստացել է «անտարկտիկական ելակային փետրավոր աստղ» անունը՝ ելակի պտղին նման լինելու պատճառով։ Promachocrinus fragarius-ի գույնը կարող է տատանվել ծիրանագույնից մինչև մուգ կարմրավուն։ Էակն ունի տասը ճառագայթ և քսան «ձեռք», որոնք նման են յուրօրինակ փետուրների, որոնք նրան անհրաժեշտ են լողալու համար[6]։
Կենդանին ունի երկու տարբեր տեսակի վերջույթներ․ ստորինները կարճ են, զոլավոր ու առաձգական, իսկ վերինները՝ փափուկ։ Այդպիսով, անտարկտիկական ելակային փետրավոր աստղի վերջույթները կազմված են բեղիկներից և յուրատեսակ շոշափուկներից, որոնք ծովաշուշանների և նմանատիպ այլ արարածների մոտ կոչվում են սիրուսներ: Բեղիկների ծայրերին կան փոքրիկ ճանկեր, որոնց օգնությամբ արարածը կառչում է ծովի հատակից։ Բռնված միակ նմուշի «ձեռքերի» երկարությունը մոտ 20 սանտիմետր է, սակայն բացառված չէ, որ Հարավային օվկիանոսի ջրերում ապրում են ավելի մեծ առանձնյակներ[7][8]։
Երկար ժամանակ Promachocrinus ցեղի ծովաշուշանները համարվում էին մերձանտարկտիկական մեկ տեսակի՝ Promachocrinus kerguelensis-ի ներկայացուցիչներ, որը նկարագրվել էր դեռևս 1879 թվականին։ Սակայն մոլեկուլային ուսումնասիրությունների և միտոքոնդրիալ գեների հաջորդականացման արդյունքում 2023 թվականին հայտնաբերվել են չորս նոր տեսակներ, այդ թվում՝ Promachocrinus fragarius-ը[1]։
Promachocrinus fragarius-ը հայտնաբերվել է Անտարկտիկայի ջրերում 65-1170 մ խորություններում[6]: Տեսակի գտնվելու վայրը Հարավային Սանդվիչյան կղզիների խումբն է[9]։
|