«The Man» (թարգմ.՝ «Տղամարդ»), ամերիկացի երգչուհի Թեյլոր Սվիֆթ երգը նրա Lover յոթերորդ ստուդիական ալբոմից։ Երգը թողարկվել է 2020 թվականի հունվարի 28-ին ամերիկյան ռադիոկայաններում որպես ալբոմի չորրորդ սինգլ։ Երգը գրել և որպես պրոդյուսեր հանդես են եկել Թեյլոր Սվիֆթը և Ջոել Լիթլը։ Երգի տեքստը ներկայացնում է Թեյլորի մտորումներն այն մասին, թե ինչպես կզարգանար իր կարիերան, եթե ինքը տղամարդ լիներ։
Երգի մասին հայտարարվել է Vogue ամսագրին տրված հարցազրույցում, որը հրապարակվել է 2019 թվականի օգոստոսի 8-ին[1]։ Երգը ձայնագրվել է սինթի փոփ ժանրում և նվիրված է երկակի չափանիշներին ու սեքսիզմին, որը հաճախ հանդիպում է ժամանակակից հասարակությունում։ Երգի տեսքտում Թեյլորը հիշատակում է Լեոնարդո ԴիԿապրիոյին և Սեն Տրոպեում գտնվող նրա առանձնատունը[2]։ Այն երկրորդ երգն է, որում Թեյլորն օգտագործում է հայհոյանք. դրանից առաջ նա հայհոյանք օգտագործել էր reputation ալբոմի «I Did Something Bad» երգում, սակայն «The Man» երգն առաջինն է, որում Թեյլորը հայհոյում է երկու անգամ։ 2020 թվականի հունվարի 28-ին երգն ուղարկվել է ամերիկյան ռադիոկայաններ որպես Lover ալբոմի չորրորդ սինգլ[3]։
2020 թվականի հունվարի 7-ին թողարկվել է սինգլի պաշտոնական լիրիկական տեսահոլովակը[4]։ 2020 թվականի փետրվարի 18-ին թողարկվել է City of Lover համերգի ժամանակ երգչուհու փարիզյան ելույթի ձայնագրությունը։ Վերջինիս հետ միաժամանակ թողարկվել է այդ ձայնագրության պաշտոնական հոլովակը[5]։
2020 թվականի հունվարի 25-ին Թեյլոր Սվիֆթն սոցիալական ցանցերի իր էջերում հայտարարել է, որ տեսահոլովակը թողարկվելու է փետրվարի 27-ին[6]։ Տեսահոլովակի ռեժիսորը եղել է հենց Թեյլոր Սվիֆթը։
Տեսահոլովակի սյուժեն պատմում է ժամանակակից կարծրատիպային տղամարդու մասին, որը հարուստ է, օգտագործում է աղջիկներին տիկնիկների նման, նրա համար գոյություն չունեն վարքի տարրական կանոններ, նա ունի հեղինակավոր աշխատանք և սովոր չէ պարտությունների։ Տղամարդու դերը տեսահոլովակում կատարել է Թեյլոր Սվիֆթը, իսկ նրա հերոսին հնչյունավորել է Դուեյն Ջոնսոնը։
Lover ալբոմի թողարկման հետ երգը կատարել է նորամուտը Billboard Hot 100 հիթ-շքերթում՝ զբաղեցնելով 23-րդ հորիզոնականը[12] և 4-րդ հորիզոնականը Rolling Stone Top 100 հիթ-շքերթում[13]։ Դա եղել է ամենաբարձր նորամուտը Billboard հիթ-շքերթում Lover ալբոմի երգերի շարքում, ներառյալ նաև «The Archer» պրոմոսինգլը և բացառությամբ ալբոմի նախորդ սինգլների։ Երգը ներառվել է նաև եվրոպական երկրների հիթ-շքերթներում, այդ թվում՝ Մեծ Բրիտանիայի[14], Իռլանդիայի[15] և այլն[16][17][18]։ Երգը հաջողություն է ունեցել նաև Օվկիանիայում՝ հասնելով 17-րդ հորիզոնականին Ավստրալիայում[19] և 15-րդ հորիզոնականին Նոր Զելանդիայում[20]։
2019 թվականի սեպտեմբերի 9-ին Թեյլոր Սվիֆթը երգը կատարել է Փարիզում (Ֆրանսիա) City of Lover համերգի ժամանակ[21]։ Հոկտեմբերի 11-ին երգի ակուստիկ տարբերակը կատարվել է Tiny Desk Concert համերգում NPR Music-ի համար[22]։ Նոյեմբերի 24-ին՝ American Music Awards մրցանակաբաշխության ժամանակ, Թեյլորը կատարել է պոպուրի իր հիթերից, որոնց թվում եղել է նաև «The Man» երգը[23]։
Թեյլոր Սվիֆթը «The Man» երգը պետք է կատարեր «Գրեմմի» 62-րդ մրցանակաբաշխության ժամանակ՝ 2020 թվականի հունվարի 26-ին, բայց անհայտ պատճառներով չեղարկել է իր ելույթը[24]։