«Waking Up In Vegas» (անգլ. թարգմանաբար՝ «Արթնանալ Վեգասում»), ամերիկացի երգչուհի Քեթի Փերրիի երգը նրա երկրորդ՝ «One of the Boys» ստուդիական ալբոմի համար։ Թողարկվել է 2009 թվականի ապրիլի 7-ին որպես ալբոմի չորրորդ և վերջին սինգլ։ Երգի հեղինակներն են Քեթի Փերրին, Դեզմոնդ Չայդը, Անդրեաս Կարլսոնը, իսկ պրոդյուսերը՝ Գրեգ Ուելսը։ Փոփ–ռոք ժանրով գրված երգը պատմում է Լաս Վեգասում երիտասարդ զույգի հետ պատահած դեպքի մասին, երգի անվանումը հղվել է «What Happens in Vegas, Stays in Vegas» (անգլ. թարգմանաբար՝ «Ինչ պատահում է Վեգասում, մնում է Վեգասում») երաժշտական արտահայտությունից;
Երգը հասել է թոփ տասնյակ ավելի քան ութ երկրներում, այդ թվում՝ Միացյալ Նահանգներում, որտեղ այն Billboard Hot 100 հիթ-շքերթում հասել է 9-րդ հորիզոնականին՝ դառնալով Փերրիի երրորդ սինգլը, որն ընդգրկվել է լավագույն տասնյակում։ Սինգլը հասել է Hot Dance/Club Play Songs և Billboard Pop Songsհիթ-շքերթների առաջին հորիզոնականին։ Ներկայում սինգլի վաճառքն աշխարհում գերազանցում է 2 000 000 օրինակը։
Տաղանդների որսորդ Քրիս Անոկյութի խոսքերով՝ «Waking Up In Vegas» սինգլը դարձել է «Capitol Records» լեյբլի հետ Փերրիի պայմանագիր ստանալու վճռորոշ գործոններից մեկը։ Նա պատահաբար լսել է երգի դեմոտարբերակը և հորդորել ղեկավարությանը զբաղվել պրոդյուսերությամբ, քանի որ նա մեծ շանսեր ուներ թիվ մեկ հիթ դառնալու, իսկ երգչուհին ուներ իսկական փոփ աստղի պոտենցիալ[2]։ HitQuarters-ին տված հարցազրույցում երգի հեղինակներից մեկը՝ Անդրեաս Կարլսոնը պատմել է, որ երգի վրա աշխատելով՝ Նրանք ցանկացել են պատմել Վեգասում իրական ուրախության և հաջորդ օրը խումարի պատմությունը, իսկ Քեթին այդ պատմության կատարյալ պատմող էր, քանի որ ուներ հումորի զգացում և ավյուն։ Երգի աշխատանքային անվանումը «Put your money where your mouth is» արտահայտությունն էր, որը հեղինակները ցանկանում էին օգտագործել երգի մեջ, բայց սկզբում այն ոչ մի կերպ չէին կարողանում «տեղավորել»[3]։
Pop Eater-ին տված հարցազրույցում Քեթին պատմել է, թե ինչից է ոգեշնչվել։
Ինձ ոգեշնչել է իմ այն ժամանակվա ընկերոջ հետ Լաս Վեգասում տեղի ունեցած դեպքը։ Մենք նրա հետ որոշել էինք ամուսնանալ։ Մենք գնացինք և բարեգործական խանութից գնեցինք հարսանյաց զգեստ և կոստյում։ Լուսանկարվել էինք քահանայի հետ, կեղծ տորթով կեղծ մատուռում, ստացել ամուսնության կեղծ վկայական։ Եվ ուղարկել այդ լուսանկարները իմ ընտանիքի անդամներին, որոնք, իհարկե, սարսափելի վախեցել էին։ Դա ամենազվարճալի, հիմար կատակ էր, որը ես երբևէ արել էի։ Ես դեռ ունեմ հարսանեկան զգեստը և վկայականը[4]։
«Waking Up in Vegas» երգը, ի վերջո, ընտրվել է որպես ալբոմի չորրորդ և վերջին սինգլ՝ աշխարհի ռադիոկայաններ ուղարկվելով 2009 թվականի ապրիլի 7-ին[5]։ Սինգլի շապիկին պատկերված է Քեթին՝ երկու հսկայական խաղալիքից խորանարդի ֆոնին՝ կարծես արտացոլելով երգի էությունը։
*Վաճառքի վերաբերյալ տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ ^Տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։ xՉճշտված տվյալները հիմնված են միայն հավաստագրումների վրա։