Աբիդոսյան հարսնացուն անգլ.՝ The Bride of Abydos | |
---|---|
Տեսակ | գրական ստեղծագործություն |
Ժանր | romantic poetry? և հերոսական վեպ |
Հեղինակ | Ջորջ Բայրոն |
Երկիր | Միացյալ Թագավորություն |
Բնագիր լեզու | անգլերեն |
Գրվել է | նոյեմբեր 1813 |
Հրատարակվել է | դեկտեմբերի 2, 1813 |
The Bride of Abydos |
«Աբիդոսյան հարսնացուն»[1] (անգլ.՝ The Bride of Abydos), Ջորջ Գորդոն Բայրոնի պոեմը, որ գրվել է 1813 թվականին։ Նրա ամենավաղ ստեղծագործություններից մեկը։ Այսպես կոչված «արևելյան պոեմներից» երկրորդն է («Գյավուր» (1813), «Աբիդոսյան հարսնացուն» (1813), «Ծովահենը» (1814), «Լարա» (1814), «Կորնթոսի պաշարումը» (1816), «Փարիզինա» (1816)[2]։ Պոեմի պրոտագոնիստ Սելիմը տիպիկ բայրոնյան հերոս է, որ զրկվել է բախտից, բայց չի կոտրվել։ Պոեմի սյուժեի հիմքում ընկած է նրա սերն իր քրոջ՝ Զուլեյկայի հանդեպ, որը նրանց երկուսին էլ տանում է կործանման։
«Աբիդոսյան հարսնացուն» պոեմը քսանվեցամյա Բայրոնը գրել է շատ կարճ ժամանակում՝ չորս գիշերվա (գրառում օրագրում նոյեմբերի 16-ին) կամ մեկ շաբաթվա ընթացքում (նոյեմբերի 12-ին Գիֆորդին ուղարկված նամակ), 1813 թվականի նոյեմբերի առաջին կեսին[3]։ Առաջին հրատարակությունը լույս է տեսել դեկտեմբերի 2-ին[4]։ Իր օրագրում Բայրոնը նոյեմբերի 16-ին նշել է, որ «Աբիդոսյան հարսնացուն» գրել է «stans pede in uno» («մի ոտքի վրա կանգնած», քաղվածք Հորացիոսից, Sat. I 4 10[5])՝ նկատի ունենալով փողի համար արագ վատ բանաստեղծություններ գրելը։ Չնայած դրան՝ հայտնի է, որ նա մի քանի անգամ վերանայել է պոեմի տեքստը, թեև պահպանված ձեռագրերում առկա են միայն մանր փոփոխություններ։ Իր նամակներից մեկում[6] Բայրոնը նշել է իր մտադրությունը՝ սյուժեի հիմք դարձնել եղբոր ու քրոջ միջև ծագած արգելված սերը, բայց վերջնական տարբերակն ընտրվել է պոեմի վրա աշխատանքն սկսելուց առաջ։
«Աբիդոսյան հարսնացուն» հրատարակվել է Բայրոնի առաջին «արևելյան պոեմի»՝ «Գյավուրի» վերջնական խմբագրության լույս տեսնելուց առաջ (27 դեկտեմբերի, 1813 թվական)։ Այդպիսով՝ երկրորդ պոեմի վրա նա աշխատել է առաջինի մշակմանը զուգահեռ։
«Աբիդոսյան հարսնացուն» պոեմը կազմված է երկու երգից (անգլ.՝ cantos), որ բաժանված են անհավասար թվով տողերով տների։ Պոեմն ընդհանուր առմամբ ունի 1214 տող։ Այն ունի բնագիր Ռոբերտ Բյոռնսից («Ae fond kiss» անաստեղծությունից) և ձոն լորդ Հոլանդին։
Առաջին երգի սկիզբը հիշեցնում է Մինոնի «Kennst du das Land» հայտնի երգը Յոհան Վոլֆգանգ ֆոն Գյոթեի «Վիլհելմ Մեյստերի ուսման տարիները»։ Ի տարբերություն «Գյավուրի» նախաբանի՝ «Աբիդոսյան հարսնացուն» պոեմում Բայրոնը սահմանափակվում է միայն Արևելքի կարճ նկարագրությամբ (տուն I) և անմիջապես ընթերցողին ներկայացնում Յաֆաի դիվանը։ Սելիմը հորից ներողություն է խնդրում նրա համար, որ ուշ գիշերով այգում գաղտնի զբոսնել է Զուլեյկայի հետ։ Փաշան կշտամբում է նրան ու զգուշացնում, որ հետագայում այդպես չանի։ Նրանք ատում են միմյանց, սակայն Զուլեյկային փաշան, ընդհակառակը, շատ է սիրում (II—V)։ Նրա հայտնվելը փաշային ստիպում է լացել։ Նա հայտարարում է, որ Զուլեյկային ամուսնացնելու է ծեր Օսմանի հետ, որի հետ միություն կազմելուց հետո Յաֆարի համար այլևս սարսափելի չի լինի նույնիսկ սուլթանը։ Աղջիկը վշտանում է, իսկ փաշան գնում է դիտելու զորքերը (VI-VIII)։
Զուլեյկան գնում է վշտահար Սելիմի մոտ և փորձում ուրախացնել նրան. նա ջուր է ցողում նրա վրա, երգելով վարդ բերում, բայց անարդյունք (IX—X)։ Հուսահատվելով՝ Զուլեյկան հայտարարում է, որ իր ձեռքը չի տա Օսմանին առանց Սելիմի համաձայնության և հույս ունի չբաժանվել եղբորից (XI)։ Այդ խոստովանությունը Սելիմին ստիպում է բացահայտել իր զգացմունքները, և նա սպառնում է վրեժ լուծել Յաֆարից (XII)։ Զուլեյկան զարմանում է նրանում տեղի ունեցած փոփոխությունից։ Նրանք համբուրվում են ու որոշում փախչել։ Սելիմո խոստանում է գիշերը մտնել հարեմ և տանել նրան (XIII-XIV)։
Երկրորդ երգն սկսվում է Հելիսպոնտի և մերձակա տարածքների նկարագրությամբ (I—IV)։ Զուլեյկան լքում է իր տունն ու Սելիմի հետ գնում քարանձավ, որտեղ սովոր էր ժամանակ անցկացնել։ Այժմ այնտեղ զենք է դարսված։ Սելիմը հագնվել է ավազակի պես (V—IX)։ Նա խոստովանում է, որ Յաֆարն իր հայրը չէ և պատմում է, թե ինչպես է փաշան նենգությամբ թունավորել իր եղբորը՝ Աբդալին, բայց խղճացել է նրա մանկահասակ որդուն՝ Սելիմին։ Այդ պատմությունը նա իմացել է Աբդալի հավատարիմ ծառայից՝ Հարունից։ Սելիմը հույս ունի համախմբել Յաֆարի թշնամիներին ու վրեժ լուծել (X—XVI)։ Փաշայից գաղտնի նա կապ էր հաստատել ավազակների հետ և արդեն վաղուց մասնակցում էր նրանց սխրանքներին, իսկ Յաֆարը նրան համարում էր փափկասուն և կռվելու ոչ ընդունակ (XVII—XXI)։ Զուլեյկան ի պատասխան լռում է։
Լռությունը խախտում է ջոկատի հետ Յաֆարի մոտենալը։ Զուլեյկան վերադառնում է պալատ, իսկ Սելիմը մնում է պայքարելու՝ հույս ունենալով, որ ավազակները շուտով օգնության կգան։ Սկսված մարտում նա գրեթե հասցնում է նահանջել, բայց Յաֆարը կրակում է, և ալիքները տանում են Սլիմի մարմինը (XXII—XXVI)։ Զուլեյկան մահանում է վշտից, և նրա գերեզմանին աճում է անթառամ վարդ (XXVII—XXVIII)։
1863 թվականի հուլիսին Կամիլ Դուսեն, որը դրանից կարճ ժամանակ առաջ նշանակվել էր պետական թատրոնների գլխավոր վարիչ, հայտարարել է մրցույթ Հռոմեական մրցանակի դափնեկիրների միջև, որի նպատակն էր գրել երեք գործողությունից բաղկացած օպերա Ժյուլ Ադենիի՝ «Աբիդոսյան հարսնացուն» պոեմի հիման վրա գրված լիբրետոյով (La fiancée d'Abydos)։ Մրցույթին մասնակցել են Ադրիան Բարտը, Ժան Կոնտը, Սամյուել Դավիդը, Էմիլ Պալադիլը և Թեոդոր Դյուբյուան։ 1864 թվականի հոկտեմբերի վվերջին և նոյեմբերի սկզբին տեղի են ունեցել լսումներ Կոնսերվատորիայում, որոնց արդյունքում ժյուրին միաձայն հաղթող է ընտրել Ադրիան Բարտին։ Վերջինիս օպերայի առաջին ներկայացումը տեղի է ունեցել 1865 թվականի դեկտեմբերի 30-ին, սակայն հաջողություն չի ունեցել և կատարվել է ընդամենը տասնինը անգամ[7]։
1897 թվականին բեմադրվել է բելգիացի կոմպոզիտոր Պոլ Լեբրենի «Աբիդոսյան հարսնացուն» (La fiancée d'Abydos)։
Էժեն Դելակրուայի վրձնին է պատկանում «Աբիդոսյան հարսնացու» («Սելիմ և Զուլեյկա»)(La fiancée d'Abydos; Selim et Zuleika) հայտնի նկարը (1857), որում պատկերված են երկու սիրահարներ ափի մոտ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Աբիդոսյան հարսնացուն» հոդվածին։ |