Ադմոնտի աբբայություն | |
---|---|
Հիմնական տվյալներ | |
Տեսակ | աբբայություն, պատկերասրահ, մշակութային արժեք, գրադարան և բնագիտական թանգարան |
Երկիր | ![]() |
Տեղագրություն | Admont?[2] |
Հասցե | Kirchplatz 1 u. a.[2] |
Դավանանք | կաթոլիկություն |
Վանականություն | Բենեդիկտյան միաբանություն |
Թեմ | Roman Catholic Diocese of Graz-Seckau? |
Հիմնական ամսաթվերը | 1074[1] |
Ժառանգության կարգավիճակ | Ավստրիայի ճարտարապետական ժառանգության օբյեկտ[2] |
Հիմնադիր | Gebhard of Salzburg? |
Ճարտարապետական ոճ | Նեոգոթիկա |
Հիմնադրված | 1074[1] |
![]() | |
![]() | |
![]() | |
stiftadmont.at(գերմ.)(անգլ.) |
Ադմոնտի աբբայություն (գերմ.՝ Stift Admont, պաշտոնական անվանումը՝ գերմ.՝ Benediktinerabtei St. Blasius zu Admont), վանք Ավստրիայի Ադմոնտ քաղաքում՝ Էնս գետի ափին[3]։
Համարվում է Շտիրիայի ամենահին վանքը։ Գտնվում է Գեզոյզե ազգային պարկի մուտքի մոտ։ Վանքն ունի աշխարհում ամենամեծ վանական գրադարանը և թանգարանը, որտեղ պահվում են միջնադարյան շրջանից մինչև մեր օրերի ցուցանմուշներ։ Վանքը կազմակերպում է մշակութային տարբեր միջոցառումներ։
Վանքը հիմնադրվել է 1074 թվականին արքեպիսկոպոս Գեբհարդի կողմից, որ եղել է Զալցբուրգից։ Դարերի ընթացքում վանքը համարվել է Շտիրիայի ոչ միայն հոգևոր, այլև արվեստի ու գիտության կենտրոնը։ 1120 թվականին նրան է միացվել սուրբ Բենեդիկտոսի կանանց մենաստանը, որը լուծարվել էր Ռեֆորմացիայի շրջանում։ 12-րդ դարում հիմնադրված ձեռագրատունը թողել է բացառիկ ձեռագրեր։ Աբբա Էնգելբերգը, որը վանքը ղեկավարել է 1297-1327 թվականներին, եղել է բազմակողմանի զարգացած գիտնական։
Ռեֆորմացիայի շրջանում Թուրքիայի հետ պատերազմները վանքի երկարատև անկման պատճառ են հանդիսացել։ Այն կրկին ծաղկում է ապրել Հակառեֆորմացիայի շրջանում։ 16-րդ դարի երկրորդ կեսին վանքը ղեկավարել է Յոհան Հոֆմանը։
17-18-րդ դարերում վանքում գործել են նշանավոր մի շարք նկարիչներ ու քանդակագործներ, որոնց թվում են Բեննո Հաննը, Յոզեֆ Շտամելը։ Վանքի վրա լուրջ, որոշ տեղերում անդառնալի հետևանք է ունեցել 1865 թվականի հրդեհը, որից տուժել է գրադարանը, ոչնչացել է 1782 թվականին Ֆրանց Քրիսմանի կողմից կառուցված երգեհոնը։ Վանքի վերականգնումը սկսվել է արդեն հաջորդ տարի, սակայն ավարտին է հասցվել 1890 թվականին։
1930-ական թվականների Մեծ ճգնաժամը աբբայությանը սնանկության եզրին է հասցրել, և վանքը ստիպված վաճառել է իր գեղարվեստական արժեքավոր գործերից մի քանիսը։ Նացիոնալ-սոցիալիզմի ժամանակաշրջանում վանքը լքվել է, վանականները՝ արտաբնակեցվել։ Նրանք կարողացել են այնտեղ վերադառնալ միայն 1946 թվականին՝ Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից հետո։
Ներկայումս այն զարգացում ապրող բենեդիկտյան համայնք է։
Ադմոնտի Հռոմեական կաթոլիկ եկեղեցին նախագծվել և կառուցվել է ճարտարապետ Վիլհելմ Բյուհերի կողմից (նա եղել է Գրացից) 1865 թվականին հրդեհից ավերված եկեղեցու տեղում։ 1869 թվականի սեպտեմբերի 12-ին Զենո Մյուլլերի (Zeno Müller) ղեկավարությամբ կայացել է տաճարի օծման արարողությունը։ Այն կառուցված է նեոգոթիկայի ոճով Ռեգենբուրգի տաճարի նմանությամբ։ Տաճարը դարձել է նեոգոթիկայի ոճով կրոնական առաջին շինությունն Ավստրիայում։ Երկու աշտարակները՝ 73 և 74 մ բարձրություններով, զարդարում են տաճարը և տեսանելի են Ադմոնտի հարթության հեռուներից։
Աբբայության գրադարանը կառուցվել է 1776 թվականին և այդ ժամանակ անվանվել «աշխարհի ութերորդ հրաշալիք»։ Այն աշխարհում վանական ամենամեծ գրադարանն է։ Վանքը նախագծել է ճարտարապետ Յոզեֆ Հյուբերը, առաստաղի ֆրեսկոների հեղինակը Բարտոլոմեո Ալտոմոնտեն է, իսկ քանդակների հեղինակը՝ Յոզեֆ Շտամելենը։ Այն ունի 70 մ երկարություն, 14 մ լայնություն և 13 մ բարձրություն։ Գրքերի սրահը պարունակում է մոտ 70,000 հատոր գիրք, գրադարանային ամբողջ ֆոնդը՝ 200,000 հատոր։ Աբբայության գրադարանն ունի մոտ 1,400 արժեքավոր ձեռագիր, որոնց կեսի միջնադարից է, իսկ ինկունաբուլաների (մինչև 1500 թվականը չտպագրված) ու 1501-1520 տպագիր հրատարակությունների թիվը մոտ 930 է։
Բարոկկոյի շրջանից սկսած՝ աբբայությունը հավաքել է տարբեր տիպի հազվագյուտ շատ նմուշներ, որոնք ամբողջությամբ ոչնչացել են 1865 թվականի հրդեհի ժամանակ։ 1866 թվականից թանգարանային նոր հավաքածուի հիմնադրմամբ զբաղվել է Գաբրիել Շտրոբլը, որ եղել է հոգևորական ու գիտնական, բուսաբան ու միջատաբան։ Ձևավորվել է նաև բյուրեղների, հանքային ապարների տեսականու և էկզոտիկ տեսակների հավաքածու։ Թանգարանն ունի նաև պատմական ու ժամանակակից արվեստի երկու հավաքածու։ Պատմական հավաքածուն սկսել է կազմվել 1959 թվականից հայր Ադալբերտ Կրաուզեի (Adalbert Krause) կողմից և զգալիորեն ընդարձակվել է 1980 թվականից։ 1997 թվականից աբբայությունը սկսել է հավաքել նաև ժամանակակից արվեստի գործեր, որոնց մեջ հիմնականում երիտասարդ ավստրիացի նկարիչների ստեղծագործություններն են։ 2005 թվականին Ադմոնտի աբբայությունն արժանացել է Դաշնության կրթության, գիտության ու մշակույթի նախարարության Österreichische Museumspreis մրցանակին։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադմոնտի աբբայություն» հոդվածին։ |
|