Ադոլֆ Ցիգլեր գերմ.՝ Adolf Ziegler | |
---|---|
Ծնվել է | հոկտեմբերի 16, 1892[1][2][3] |
Ծննդավայր | Բրեմեն, Գերմանական կայսրություն[1][3] |
Վախճանվել է | սեպտեմբերի 18, 1959[2] (66 տարեկան) |
Մահվան վայր | Վառնհալտ, Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3] |
Ազգություն | գերմանացի |
Քաղաքացիություն | Գերմանիա |
Կրթություն | Մյունխենի գեղարվեստի ակադեմիա |
Մասնագիտություն | նկարիչ, քաղաքական գործիչ և համալսարանի դասախոս |
Ժանր | դիմապատկեր[4] և նատյուրմորտ[4] |
Կուսակցություն | Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցություն |
Adolf Ziegler Վիքիպահեստում |
Ադոլֆ Ցիգլեր ( գերմ.՝ Adolf Ziegler, հոկտեմբերի 16, 1892[1][2][3], Բրեմեն, Գերմանական կայսրություն[1][3] - սեպտեմբերի 18, 1959[2], Վառնհալտ, Բադեն-Բադեն, Կարլսրուեի ադմինիստրատիվ օկրուգ, Բադեն-Վյուրթեմբերգ, Գերմանիայի Ֆեդերատիվ Հանրապետություն[3]), գերմանացի նկարիչ, քաղաքական գործիչ, Դեգեներատիվ արվեստ ցուցահանդեսի կազմակերպիչ։
Նացիստական կուսակցության հանձնարարությամբ վերահսկել է գերմանացի այն նկարիչների զտումը, որոնց աշխատանքները նացիստական կուսակցությունը որակել էր «դեգեներատիվ արվեստ» եզրույթով։ Եղել է Հիտլերի ֆավորիտը[5]։
Ադոլֆ Ցիգլերը ծնվել է Բրեմենում։ Նրա հայրը ճարտարապետ է եղել։ Ադոլֆ Ցիգլերը սկզբում ուսանել է Վայմարի արվեստի ակադեմիայում, այնուհետև Մյունխենի արվեստի ակադեմիայում։ Նա մասնակցել է Առաջին համաշխարհային պատերազմին։ Պատերազմից հետո ապրել է Մյունխենում, որտեղ էլ շարունակել է իր ուսումը Արվեստի ակադեմիայում։ 1920-ական թվականների սկզբին դարձել է Նացիոնալ-սոցիալիստական գերմանական բանվորական կուսակցության անդամ։
1925 թվականին հանդիպել է Հիտլերին։ 1933 թվականին նացիստների իշխանության գալուց հետո ստացել է Մյունխենի նկարչական ակադեմիայի պրոֆեսորի կոչում։ 1937 թվականից եղել է Կայսերական պալատի կիրառական արվեստի նախագահ։ 1944 թվականին, նկարչական ցուցահանդեսներից մեկում Հիտլերի քաղաքականության մասին կասկածանքով է խոսել, որի արդյունքում գեստապոն նրան ձերբակալել է և ուղարկել Դախաու համակենտրոնացման ճամբար։ Մեկուկես ամիս անց ազատ է արձակվել Հիտլերի անձնական հրամանով[6]։
Պատերազմից հետո Ցիգլերին հեռացրել են Մյունխենի արվեստի ակադեմիայից՝ նացիստների հետ համագործակցելու պատճառով։ Նա բնակություն է հաստատել Բադեն-Բադենի մոտ գտնվող Ֆարնհալթ գյուղում, որտեղ էլ 1959 թվականին մահացել է[7]։
Կայսերական պալատի արվեստի նախագահ, պրոֆեսոր Ադոլֆ Ցիգլերի ղեկավարած հանձնաժողովը 1936 թվականին անցկացրել է Գերմանիայի՝ ավելի քան հարյուր թանգարանային ֆոնդերի զտում։ Դրա արդյունքում առգրավվել են բազմաթիվ նկարիչների աշխատանքներ, ներառյալ Էմիլ Նոլդեի, Մաքս Բեքմանի, Օսկար Կոկոշկայի, Գեորգ Գրոսի, Էգոն Շիլեի աշխատանքները։ Այդ ցանկի մեջ էին նաև Պիկասոն, Գոգենը, Մատիսը, Սեզանը, Ժերիկոն, Վան Գոգը։ Ընդհանուր առմամբ ավելի քան 16 հազար աշխատանք[8]։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ադոլֆ Ցիգլեր» հոդվածին։ |
|