Մ.թ.ա. 681 թվականին (ըստ Չամչյանի 3295 թվական), ՀուդայիԵզեկիա թագավորի դեմ ձախողված արշավանքից հետո, երբ Սենեքերիմը վերադարձավ Նինվե, նրա երկու որդիները՝ Ադրամելեքը և Սանասարը, վախենալով թե կզոհաբերվեին Նեսրաք աստծուն, սպանեցին իրենց հորը և փախան Հայաստան[8]։ Սկայորդին՝ Հայոց նահապետը ընդունում է նրանց և բնակեցնում Հայաստանի հարավային կողմերում[9][10][11]։ Ըստ Մովսես Խորենացու Ադրամելեքից և Սանասարից են սերվել Արծրունիներն ու Գնունիները և սասունցիները։
Եվ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը[13] չվեց գնաց ու վերադառնալով նստեց Նինվե (քաղաքի) մեջ։ Եվ այն ժամանակ, երբ նա իր աստծո՝ Նեսրաքի տանը[14] երկրպագում էր (կուռքերին), նրա որդիները՝ Ադրամելեքը[15] և Սանասարը[16], սպանեցին նրան սրով ու Արարադի երկիրը[17] փախան և նրա փոխարեն որդին՝ Ասորդանը[18] թագավոր եղավ[19]։
Ըստ Թովմա Արծրունու Սենեքերիմի որդիները՝ Ադրամելեքն ու Սանասարը սպանեցին իրենց հորը և ուժեղ զորագնդով եկան Սիմ լեռը, որն իր անունն ստացել էր իրենց նախահայր Սեմի անունից։ ... Նրանք ապրեցին Սիմ լեռան վրա, մինչև Տիգրան Հայկազնը[20]։
Սենեքերիմի երկու որդիները՝ Ադրամելեքն ու Սանասարը, Ասորդանիսին թագավորեցնելու պատճառով նախանձեցին, չարացան և սրով սպանեցին իրենց հորը, որը թագավորել էր 18 տարի։ Իսկ իրենք, ինչպես վերևում ասվեց, գնացին հյուսիս-արևելք[21]։
Սրանք կոչվում են արագագնաց մեկնազեններ, բնակվում են այն լեռան վրա, որն Աղձնիքը բաժանում է Տարոնից։ Խրթին և անհասկանալի խոսակցության, բարքերի պատճառով անվանում են Խութ։ Իրենց անունով լեռն էլ է Խութ անվանվում։ Անգիր գիտեն հայոց վարդապետների թարգմանած հին սաղմոսները, որ մշտապես ունեն շուրթներին։ Սրանք ասորեստանցի ռամիկներ են, որ գաղթեցին Ադրամելեքից և Սանասարից՝ Ասորեստանի և Նինվեի թագավոր Սենեքերիմի որդիներից հետո և նրանց անունով իրենց անվանադրեցին Սանասնյաք։ Հյուրասեր են և պատիվ տվող[22][23]։
... Նաբուգոդոնոսորի թագավորությունից ութսուն, քիչ կամ պակաս տարի առաջ՝ այս Սենեքերիմը Ասորեստանի թագավոր է եղել, նա որ պաշարել Երուսաղեմը պաշարեց հրեաների Եզեկիա առաջնորդի ժամանակ։ Նրա որդիները, Ադրամելեք և Սանասար, նրան սպանելով, փախան եկան մեզ մոտ[24]։
Իսկ Արգամոզանը[2] բնաակվեց նույն (Մեծ Հայքի հարավարևմտյան կողմ) կողմի արևելյան հարավում։ Պատմագիրն ասում է, թե սրանցից սերվեցին Արծրունիներն ու Գնունիները։ Այս էր պատճառը, որ մենք հիշեցինք Սենեքերիմին[25]։
Բայց Անգեղ տան մասին նույն պատմագիրն ասում է, թե սերված է մի ոմն Պասքամից, Հայկի թոռից[25]։
↑ 1,01,1«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116 (ծանոթագրություն)
↑ 2,02,1Նույն Ադրամելեք անունն է, որ աղավաղվելով դարձել է այստեղ Արգամուլան, որ ըստ Նորայրի ուղղագրության ուղղեցինք Արգամոլան։ Ինչպես ս. գրքի մեջ երկու անգամ գրված է (Դ թագ. Իթ, 37, Ես Լէ, 38), երբ Ասորեստանի Սենեքերիմ թագավորը երկրպագում էր կուռքին՝ նրա երկու որդինքը Ադրամելեք և Սանասար սրով սպանեցին նրան և իրենք փախան Արարադա երկիրը, Հայաստան։ Նույն բանը մի երկու մանրամասնություններով պատմում է և Հովսեպոս, Հնախոսության մեջ, առնելով Քաղդեայի Բյուռոսի գրքից (Էմին, ծանոթ. 79): Արծրունյաց նախարարական տունն իրեն համարում է ծագած այս երկու եղբայրներից։ Սենեքերիմի սպանությունը որդիների ձեռքով տեղի է ունեցել մ.թ.ա. 681 թվականին և զարամանալի է, ինչպես ավելի քան 2500 տարի կենդանի է մնացել հայ ժողովրդի հիշողության մեջ, որովհետև Սասնա ծռերի շատ տարբերակներում հիշվում են այս Սանասարն ու Ադրամելեքը, որոնցից սերվել են Սասնա ծռերը՝ Մհերը և Դավիթ Սասունցին։
↑«Մատեան աշխարհավէպ հանդիսարանաց», Մխիթար Անեցի, գ
↑ 4,04,1«Հաւաքմունք ի գրոց պատմագրաց», Սամուել Անեցի, էջ 46
↑«Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, ծանոթ. 77
↑«Ժամանակագրութիւն», Միխայէլ Ասորի, Երուսաղէմ, 1871, դ
↑«Մայր ցուցակ, հայերէն ձեռագրաց մատենադարանին Մխիթարեանց ի Վենետիկ», հատոր Բ, 1924, Վենետիկ, էջ 23
↑Ադրամելեք անվան տակ ուսումնասիրողները տեսնում են Սինեխերիբի Արադ-Նինլիլ (կամ Արադ-Նիլլիլ) որդուն։
↑Ի դեմս Սանասարի, ուսումնասիրողները տեսնում են ասորական զորապետ Նուբուշարուծուրին։
↑Խոսքն այստեղ Ուրարտական պետության մասին է։ Աստվածաշնչի եբրայական բնագիրը, հունական (Յոթանասնից), ասորական (Պեշիտա) և արաբական թարգմանությունները հայրասպան որդիների ապաստարան երկիրն անվանում են Արարատ կամ Արարադ, քաղդեականը՝ Կարդու։ Ի դեպ, սույն հատվածը տեղ է գտել նաև Աստվածաշնչի «Մարգարէութիւն Եսայեայ» գրքում (Եսայի, գլ. ԼԵ, 38)։ Այստեղ եբրայական բնագիրը և լատինական թարգմանությունը (Վուլգատա) հայրասպան որդիների ապաստարան երկիրն անվանում են Արարատ, հունական և արաբական թարգմանությունները՝ Արմենիա, իսկ ասորականը և քաղդեականը՝ Կարդու։ Այսինքն Արարատ, Արարադ և Կարդու երկրանունները գործածված են որպես Արմենիա - Հայք երկրանվան հոմանիշներ։
↑Ասորեստանի Ասարխադդոն թագավորն է (մ.թ.ա. 680-669)՝ Սինախերիբի կրտսեր որդին։
↑«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 116
↑«Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 16-17
↑«Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 60-61
↑«Հայ Ժողովրդի Պատմության Քրեստոմատիա», Պ.Հ. Հովհաննիսյան, Ա.Գ. Աբրահամյան, հատոր 1, Երևան, 1981, էջ 720
↑«Պատմություն Արծրունյաց Տան», Թովմա Արծրունի, 1985, Երևան, էջ 192-193
↑«Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 131
↑ 25,025,1«Հայոց Պատմություն», Մ. Խորենացի, ներած. և ծանոթ. Ս. Մալխասյան, Երևան, 1981, գլ. Ա, ԻԳ, էջ 132