Ալբանիայի կինեմատոգրաֆիա

Ալբանիայի կինեմատոգրաֆիա (ալբ․՝ Kinemaja Shqiptare), Ալբանիայի մշակույթի ու տնտեսության ճյուղ, որ զբաղվում է ֆիլմերի արտադրությամբ ու դրանք հանդիսատեսին ներկայացնելով։

Վաղ շրջան (1911-1944)

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալբանական կինեմատոգրաֆիայի առաջին նմուշները եղել են վավերագրական ֆիլմեր, որոնք նկարահանվել են արտասահմանցի օպերատորների կողմից։ Առաջին այդպիսի ֆիլմը նվիրված է եղել 1908 թվականին Բիտոլայում անցկացված գիտական համագումարին, որտեղ հաստատվել է ալբաներենի այբուբենը։

Majestik կինոթատրոնը Կորչա քաղաքում, Ալբանիա

Ֆիլմերի առաջին հանրային ցուցադրություններն Ալբանիայում կազմակերպվել են 1911-1912 թվականներին Շկոդերում և Կորչայում. այդ ժամանակ ցուցադրվել են արտասահմանյան ֆիլմեր, որոնցից է եղել «Բարեհույս Պեդդին» սև կատակերգությունը, որ պատմում է մի մարդու անդրաշխարհային կյանքի մասին, ով չի կարողացել մասնակցել իր թաղմանը։ Առաջին համաշխարհային պատերազմից հետո Ալբանիայի տարբեր քաղաքներում՝ Վլյորայում, Տիրանայում, Բերատում և այլուր, կառուցվել են կինոթատրոններ և սկսել է զարգանալ մասնավոր կինովարձույթը։ Մինչև 1940-ական թվականները Ալբանիայում սեփական կինոարտադրություն չի եղել։

Կոմունիստական շրջան (1945-1992)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1945 թվականին Ալբանիայի կոմունիստական կառավարության կողմից հիմնադրվել է Ալբանիայի կինեմատոգրաֆիայի ինստիտուտը, որը 1952 թվականին վերակազմակերպվել է «Նոր Ալբանիա» կինոստուդիայի (1990-ական թվականների սկզբից կոչվել է Ալբֆիլմ ալբ․՝ Albfilm)։ Մինչև 1940-ական թվականների վերջը երկրում թողարկվում էին միայն խրոնիկային ֆիլմեր, իսկ 1950-ական թվականների սկզբին սկսեցին նկարահանվել վավերագրական ֆիլմեր, ինչպիսիք են՝ «Լույս Ալբանիայի վրա», «Ժողովրդական երգի փառատոն», «Ալբանիա, ծաղիկներ» (ԽՍՀՄ-ի հետ համատեղ), «Փառավոր ուղի»։ 1954 թվականին խորհրդային կինոգործիչների հետ համատեղ նկարահանվել է ալբանական առաջին գեղարվեստական ֆիլմը՝ «Ալբանիայի մեծ ռազմիկ Սկանդերբեգը» (ռեժիսոր՝ Սերգեյ Յուտկևիչ), որը 1954 թվականին դարձել է Կաննի կինոփառատոնի մրցանակակիր («Հատուկ հիշատակում» անվանակարգում)[1]։ 1950-ական թվականներին նկարահանված ալբանական հայտնի ֆիլմերից են «Նրա որդիները» (ալբ․՝ Fëmijët e saj, 1957, ռեժիսոր՝ Խ. Խականի) և «Տանա» (1958, ռեժիսոր՝ Կրիշտաչ Դամո) կինոնկարները։ «Տանա» ֆիլմը սիրային դրամա է, որը հայտնի է որպես ալբանական առաջին ֆիլմ, որում կան համբույրի տեսարաններ։ 1960 թվականին բուլղարացի կինոգործիչների հետ համատեղ նկարահանվել է «Ռոզաֆայի երգը» գիտահանրամատչելի ֆիլմը (ռեժիսորներ՝ Ի. Պանդո, Յու. Արնաուդով)։

Պիրո Միլկանի

1960-ական թվականներին Ալբանիայում թողարկվել են հիմնականում Երկրորդ համաշխարհային պատերազմին և իտալական ու գերմանական տիրապետությունների դեմ պայքարին նվիրված ֆիլմեր, որոնք հիմնականում ունեին պրոպագանդայի բնույթ։ Այդ շրջանի ամենահայտնի կինոռեժիսորներն են Դիմիտեր Անագնոստին, Վիկտոր Գժիկան, Գյոզիմ Էրեբարան և Պիրո Միլկանին։

1970-ական թվականներին, երբ երկրում տիրում էր Էնվեր Խոջայի մեկուսացման քաղաքականությունը, ալբանական կինովարձույթում կտրուկ նվազում են արտասահմանյան ֆիլմերը, իսկ սեփական կինոարտադրությունը բաղկացած էր տարեկան 5-6 ֆիլմից։ 1970-ական թվականների վերջին այդ թիվը հասավ 8-10-ի, իսկ 1980-ական թվականներին արդեն տարեկան թողարկվում էր 14 ֆիլմ։ Մինչ 1990 թվականը Ալբանիայում նկարահանվել էր ընդհանուր առմամբ շուրջ 200 ֆիլմ։

1970-ական թվականներին նկարահանված ֆիլմերից առավել հայտնի են «Կապիտան» (1972, ռեժիսորներ՝ Ֆեխմի Խոշաֆի և Մուխարեմ Ֆեյջո) և «Բենին ինքն է գնում» (1975, ռեժիսոր՝ Ջանֆիս Կեկո) կատակերգությունները։ Այդ նույն ժամանակաշրջանի ամենահայտնի կինոռեժիսորներն են եղել Ռիկարդ Լյարյան, Սայմիր Կումբարոն, Իբրահիմ Մուչայը, Կրիշտակ Միտրոն և Էսատ Միսլյուն։ 1970-ական թվականներին են նշվում նաև որպես Ալբանիայում հեռուստատեսային ֆիլմերի արտադրության սկիզբ, որոնցից է ռեժիսոր Վ. Պրիֆտիի «Ճանապարհ դեպի գրագիտություն» (1978) ֆիլմը։ 1980-ական թվականներին էկրան բարձրացան «Դեմ դիմաց» ալբ․՝ Ballë për ballë, ռեժիսորներ՝ Կյուշտիմ Չաշկու (անգլ.՝ Kujtim Çashku) և Պիրո Միլկանի, 1979), «Տաք ձեռքեր» (ալբ․՝ Dora e ngrohtë, ռեժիսոր՝ Կյուշտիմ Չաշկու, 1983), «Մեծ արշալույսերի ժամանակը» (ալբ․՝ Agimet е stinës SE madhe, ռեժիսոր՝ Ա. Մինգա, 1981), «Հին ժամանակներ» (ալբ․՝ Kohe е largët, ռեժիսոր՝ Ս. Պեչանի, 1983) և Լար ջութակի համար (ալբ․՝ Tela për violinë, ռեժիսոր՝ Բ. Կապեկսյու, 1987) ֆիլմերը։

1970-80-ական թվականներին նկարահանվել են նաև 20-40 վավերագրական ֆիլմեր, որոնք ունեցել են պրոպագանդիկ բնույթ։ Այդ ժամանակ սկիզբ է առել նաև ալբանական մուլտիպլիկացիան. նկարահանվել են «Զանան ու Միրին» (ռեժիսորներ՝ Բ. Դրոբոնիկու և Տ. Վասո, 1975)։ Տարեկան նկարահանվել է շուրջ 16 մուլտֆիլմ։ 1980-ական թվականների վերջին Ալբանիայում գործում էր ավելի քան 450 կինոթատրոն, սակայն դրանց սարքավորումների մեծ մասը հնացած էր։

Ժամանակակից շրջան (1992 թվականից)

[խմբագրել | խմբագրել կոդը]

1990-ական թվականներին պետական կառավարման դեմոկրատական կարգերին անցումը հանգեցրեց մեծ փոփոխությունների ալբանական կինեմատոգրաֆիայում։ «Նոր Ալբանիա» կինոստուդիան բաժանվեց մի շարք մանր մասնավոր ստուդիաների, որտեղ ֆիլմեր էին նկարահանում ինչպես ալբանացի, այնպես էլ արտասահմանցի կինոռեժիսորները Կինեմատոգրաֆիայի ազգային կենտրոնի (ալբ․՝ Qendra Kombëtare е Kinematografisë) հետ համատեղ։ Այդ տարիներին նկարահանված ալբանական ֆիլմերից առավել հայտնի են «Գնդապետ Բունկեր» (ալբ․՝ Kolonel Bunker)[2], «Կարգախոսներ» (ալբ․՝ Parullat), «Տիրանա, զրո թվական» (ալբ․՝ Tirana viti 0)[3] և այլ կինոնկարներ։

1990-ական թվականների վերջին Ալբանիայում կառուցվում են մի շարք ժամանակակից կինոթատրոններ (որոնցից է, օրինակ, «Միլենիում» կինոթատրոնը Տիրանայում), որտեղ ցուցադրվում են հիմնականում արևմտյան (մեծ մասամբ ամերիկյան) ֆիլմեր։

2010 թվականին Մոսկվայի XXXII միջազգային կինոփառատոնում գերմանա-ալբանական «Ալբանացին» ֆիլմը, որի ռեժիսորն էր Յոհաննես Նաբերը, արժանացել է ժյուրիի հատուկ մրցանակի «ազնիվ ու սրտաշարժ ձևի համար», իսկ ֆիլմի գլխավոր դերակատար Նիկ Խելիլայն ստացնում է «Արծաթե Գեորգի» մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար։ Ֆիլմի հերոսը, իմանալով, որ իր սիրելին երեխայի է սպասում, ստիպված է լինում մեկնել Գերմանիա, որպեսզի գումար վաստակի ու վերադառնա՝ ամուսնանալու նրա հետ։ Հաղթահարելով մի շարք փորձություններ (այդ թվում նաև քրեական բնույթի)՝ նա վերադառնում է հայրենիք[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «VELIKIJ VOIN ALBANII SKANDERBEG — Festival de Cannes 2014 (International Film Festival)». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ մարտի 20-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 30-ին.
  2. Kolonel Bunker (1998) — IMDb
  3. Kinoeye | Albanian film : Fatmir Koci’s Tirana Year Zero
  4. http://mmkf.rambler.ru/2010/films/?id=15462724&p=1 Արխիվացված 2014-03-21 Wayback Machine 32-й Московский международный кинофестиваль

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Abdurrahim Myftiu, Albanian Cinema.Guide of Albanian History and Cultural Heritage. Tirana, 2000
  • Françoise Audé, article, Positif, numéro327, p. 73.
  • Anne-Marie Autissier, «Le Cinéma albanais : état des lieux et perspectives», Le Bulletin de l’IDATE numéro41, 1990, p. 47-50.
  • Collectif, Le Cinéma albanais, Paris, Groupe de travail de l’Université de Vincennes-Paris VIII, 1975, 58 p.
  • Gérard Girard, «Le cinéma albanais», Écran, numéro48, p. 73.
  • Guy Hennebelle, «Les méfaits de l’angélisme socialiste», Écran, numéro58, p. 5.
  • François Quénin, article, Cinéma, numéro|435, p. 6.
  • André Serceau, «Cinéma-mensonge : Staline pas mort», Écran, numéro80, p. 7.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ալբանիայի կինեմատոգրաֆիա» հոդվածին։