Ալբերտո Վասկես-Ֆիգերոա Ռիալ (իսպ՝. Alberto Vázquez-Figueroa Rialհոկտեմբերի 11, 1936(1936-10-11), Սանտա Կրուզ դե Տեներիֆե, Իսպանիա), իսպանացի գրող, ժուռնալիստ, գյուտարար, իսպանական զանգվածային գրականության վառ ներկայացուցիչ։ Նրա գրքերը աշխարհով մեկ վաճառվել են ավելի քան 25 միլիոն օրինակով, իսկ որոշ ստեղծագործություններ էկրանավորվել են։ Բացի այդ, նա մշակել ու արտոնագրել է ծովի ջուրը ճնշման տակ զտելով՝ խմելու ջրի վերածելու յուրօրինակ եղանակ[1], որը կիրառում է իր իսկ հիմնադրած ու ղեկավարած A.V.F.S.L ընկերությունում։
Ալբերտո Վասկես-Ֆիգերոան ծնվել է 1936 թվականիհոկտեմբերի 11-ին, Կանարյան կղզիներում՝ Սանտա Կրուս դե Տեներիֆե քաղաքում։ Երբ չէր լրացել նրա նույնիսկ մեկ տարին, Իսպանիայում բռնկված քաղաքացիական պատերազմի պատճառով հորը, որը սոցիալիստ էր և հանրապետականների կողմնակից, ֆրանկոյականները բանտ են նետել։ Մայրը երեխաների հետ ստիպված է եղել փախչել Աֆրիկա, որտեղ Ալբերտոն անցկացրել է իր ողջ մանկությունը։ Վաղ հասակում նա կորցրել է մորը, իսկ բանտից վերադարձած հայրը տևական ժամանակ հիվանդանոցներում բուժվել է տուբերկուլյոզից, և այդ պատճառով էլ տղայի խնամքով ու դաստիարակությամբ հիմնականում զբաղվել է քեռին, որը Աֆրիկայում տեղակայված իսպանական մի զորամասում քաղաքացիական ծառայող էր։
Տասնվեց տարեկանում Ալբերտոն վերադարձել է Տեներիֆե՝ ուսումը շարունակելու։ Սովորելուն զուգընթաց ստորջրյա լողի դասեր է տվել «Հարավային խաչ» նավի վրա տեղակայված ուսումնական կենտրոնում[2]։ Ավելի ուշ, որոշակի գումար ձեռք բերած, մեկնել է Մադրիդ և սովորել ժուռնալիստիկայի դպրոցում (Escuela Oficial de Periodismo), որն ավարտել է 1959 թվականին։ 1962 թվականին, որպես թղթակից, աշխատանքի է անցել La Vanguardia թերթի խմբագրությունում, այնուհետև՝ իսպանական հեռուստատեսությունում (Televisión Española (TVE): Աշխատելով որպես զինվորական թղթակից՝ եղել է այնպիսի երկրների թեժ կետերում, ինչպիսիք են Գվինեան, Չադը, Կոնգոն, Դոմինիկյան Հանրապետությունը, Բոլիվիան, Գվատեմալան, որտեղ ականատեսն է դարձել բազմաթիվ զինված բախումների[2]։
Ալբերտո Վասկես-Ֆիգերոան իր առաջին պատմվածքը՝ «Ավազն ու քամին» (Arena y viento) գրել է, երբ ընդամենը տասնչորսամյա մի պատանի էր[3], սակայն լույս է ընծայել դրանից երեք տարի անց[4]։ Նյութական սուղ պայմանները նրան հնարավորություն չեն տվել ամբողջովին նվիրվել գրական գործունեությանը, կենտրոնանալ միայն այդ գործի վրա, և նա ստիպված է եղել համատեղել գրողի ու թղթակցի աշխատանքները։ Առաջին նշանակալից երկը, որով դրվել է Վասկես-Ֆիգերոայի՝ որպես գրողի համաշխարհային համբավի հիմքը, 1975 թվականին լույս ընծայված «Սև ծառը» (Ébano) վեպն էր՝ Աֆրիկայում դեռևս շարունակվող ստրկավաճառության տպավորիչ, ցնցող պատկերներով։ Այդ վեպի հիման վրա կինոռեժիսոր Ռիչարդ Ֆլեյշերը նկարահանել է «Աշանտի» ֆիլմը։ 1975-ին գրողը հրատարակել է նաև ինքնակենսագրական «Անակոնդա» վեպը։ Այնուհետև մեկը մյուսի ետևից տպագրվել են նրա նոր վեպերը՝ «Մանաուսը», «Տուարեգը», որոնք նույնպես հետագայում էկրանավորվել են։ Ընդ որում՝ «Մանաուս» ֆիլմը ստեղծելիս Վասկես-Ֆիգերոան հանդես է եկել ոչ միայն որպես սցենարի հեղինակ, այլև՝ որպես կինոռեժիսոր[5]:.
2007 թվականին լույս է տեսել նրա ևս մեկ նշանակալից ստեղծագործություն՝ «Հազար միլիոն դոլարի համար» (Por mil millones de dolares) վեպը, որը հասարակության առանձնահատուկ ոշադրությանն է արժանացել ոչ միայն իր գրական բարձր որակների շնորհիվ, այլև՝ երկը ընթերցողների շրջանում տարածելու եղանակով. այն կարելի է ձեռք բերել թե՛ սովորական տեսքով՝ թղթի վրա տպագրված, և թե՛ միանգամայն անվճար ներբեռնել համացանցից[6]։
Ալբերտո Վասկես-Ֆիգերոան ընդհանուր առմամբ արդեն իսկ հեղինակել է ավելի քան ութսուն ստեղծագործություն։