Ալեն Ռու | |
---|---|
Ծնվել է | մարտի 27, 1968 (56 տարեկան) |
Ծննդավայր | Լոնդոն, Միացյալ Թագավորություն |
Քաղաքացիություն | Ֆրանսիա և Միացյալ Թագավորություն |
Մասնագիտություն | շեֆ խոհարար |
Ծնողներ | հայր՝ Միշել Ռու |
Ալեն Ռու (ֆր.՝ Alain Roux, մարտի 27, 1968, Լոնդոն, Միացյալ Թագավորություն)[1], բրիտանացի շեֆ խոհարար, The Waterside Inn ռեստորանի սեփականատեր, Ռու հայտնի ընտանիքի անդամ, Միշել Ռուի որդին։
Ալենը Ռու հայտնի ընտանիքի անդամ է։ Միշել Ռուի որդին է՝ Ալբեր Ռուի եղբորորդին և Ալբերի որդու՝ Միշել Ռուի խորթ եղբայրը[2]։
Ալենն առաջին անգամ որոշել է խոհարար դառնալ 14 տարեկան հասակում։ Նրա հայրը՝ խոհարար Միշել Ռուն, ինչպես ինքն է խոստովանել, եղել է «յոթերորդ երկնքում» և միևնույն ժամանակ «անհանգստացած»[2]։ Ալենը ութ տարի ապրել է Ֆրանսիայում՝ սովորելով տարբեր ռեստորաններում։ 1984 թվականին նրան ուղարկել են Փարիզի Pâtisserie Millet, որտեղ նա պետք է փորձաշրջան անցներ որպես հրուշագործ։ Նա այնտեղ է մնացել մինչև 1986 թվականը։ Իր կարիերայի ֆրանսիական շրջանի մնացած մասը Ալենն անցկացրել է տարբեր հեղինակավոր ռեստորաններում, այդ թվում՝ Restaurant Pic-ում, Le Domaine d’Orvault-ում, La Bonne Etape-ում, Château de Montreuil-ում և La Côte Saint-Jacques-ում։ Սրանք բոլորն էլ ունեցել են երեք աստղ «Միշլենի կարմիր գիդ»-ում[1][3]։ Գտնվելով Ֆրանսիայում՝ նա կատարել է զինվորական ծառայություն՝ աշխատելով որպես շեֆ խոհարար Ելիսեյան պալատում[3]։
1992 թվականին՝ 23 տարեկան հասակում, վերադարձել է ընտանիքի մոտ՝ Բերքշիրի կոմսություն՝ Waterside Inn, որտեղ դարձել է դեմի շեֆ (շեֆ խոհարարի օգնական)։ 1995 թվականին դարձել է սու-շեֆ, իսկ 2002 թվականին Waterside Inn սեփականատիրության պաշտոնում փոխարինել է հորը[1][2][4]։ 2000 թվականին դարձել է Relais Desserts հրուշակագործների միջազգային միության անդամ[3]։
2010 թվականին նրա Waterside Inn-ը դարձել է վերջին 25 տարվա ընթացքում Ֆրանսիայի սահմաններից դուրս առաջին ռեստորանը, որը ստացել է Միշլենի երեք աստղ[5]։ Ալենը հանդիսանում է Roux Scholarship խոհարարական մրցախաղի դատավորներից մեկը[6][7] և MasterChef: The Professionals-ում մասնակցել է որպես խոհարար-դատավոր[8]։ 2011 թվականին Eurostar գնացքի բիզնես պրեմիերայի համար նա մշակել է նոր մենյու[9]։