Ալեքսանդր III-ի ձիարձան | |
---|---|
![]() | |
Ստեղծման թնական | 1910 |
Պատվիրատու | Նիկոլայ II |
Ներկա սեփականատեր | |
Սեփականատեր | Մարիա Ֆյոդորովնա և Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Հավաքածու | Մոսկվայի Կրեմլ (թանգարան-արգելոց) |
Դիզայն և նյութեր | |
Նյութեր | Լեռնային բյուրեղապակի, պլատին, ալմաստ, Լաջվարդ և ոսկի |
Բարձրություն | 15,5 սանտիմետր |
Ֆաբերժեի ձվեր |
«Ալեքսանդր III-ի ձիարձան» (ռուս.՝ Конный памятник Александру III), ոսկերչական ձու, որը դարձավ Ֆաբերժեի 52 զատկական ձվերից մեկը՝ պատրաստված Կարլ Ֆաբերժեի ընկերությունում Ռուսաստանի կայսերական ընտանիքի համար։ Այն ստեղծվել է 1910 թվականին[1] Նիկոլայ II կայսեր պատվերով[2]։ Ոսկերչական ձուն Նիկոլայը Զատկի տոնին նվիրել է մորը՝ այրիացած կայսրուհի Մարիա Ֆեոդորովնային[3]։
Այսօր «Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում[4] (Մոսկվա, Ռուսաստանի Դաշնություն) և համարվում է այն բացառիկ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները։
«Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձուն պատրաստված է Վերածննդի ավանդույթներով[5]։ Այն պատրաստված է լեռնային բյուրեղապակուց[2], որի վրա արված են փորագրություններ՝ ստեղծելով շրջանակի տեսք, որ արտահայտիչ դառնա ներսում տեղադրված անակնկալի դիտումը։ Ձվի վերին հատվածն իրենից ներկայացնում է ադամանդակուռ ցանցկեն ճաղավանդակ։ Գագաթին մեծ ադամանդ է, որի տակ գրված է ստեղծման տարեթիվը՝ «1910»[3]: Ձվի կողային հատվածներում տեղադրված են երկու պլատինե նեցուկ՝ հերալդիկական երկգլխանիկ թագակիր արծիվներով, որոնք ադամանդակուռ են[6]։ Հնգանկյուն տակդիրը փորագիր բյուրեղապակուց է, որի անկյուներում պլատինե հրեշտակներ են տեղադրված, որոնք իրենց վրա են պահում ձուն[5]։
«Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձվի անակնկալը Ալեքսանդր III կայսեր ձիարձանն[7] է՝ տեղադրված ուղղանկյուն պատվանդանին, որը պատրաստված է լազուրիտից և երկու շերտով եզրավորված է ադամանդե գոտիներով[8]։ Ձիարձանը ոսկեձույլ է։ Այն Սանկտ Պետերբուրգում տեղադրված արձանի[6] մանրակերտն է[9][10][11][12]։
Նիկոլայ II կայսրը «Ալեքսանդր III-ի ձիարձան» կայսերական ոսկերչական ձուն նվիրել է մորը՝ Մարիա Ֆեոդորովնային՝ 1910 թվականին՝ Զատկի տոնին[8]։ Ձվի արժեքը կազմել է 14700 ռուբլի[9]։
1917 թվականի Ռուսական հեղափոխության ժամանակ հեղափոխականները հափշտակեցին կայսերական ձվերի հավաքածուն և ուղարկեցին Կրեմլի զինապալատ։ Այդ օրվանից ցայսօր «Ալեքսանդր III-ի ձիարձան» ոսկերչական ձուն պահպանվում և ցուցադրվում է Կրեմլի զինապալատում և համարվում է այն հազվագյուտ ձվերից, որոնք երբեք չեն լքել Ռուսաստանի սահմանները[4]։
![]() |
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալեքսանդր III-ի ձիարձան (Ֆաբերժեի ձու) կատեգորիայում։ |