Ալեքսանդրա Ադլեր գերմ.՝ Alexandra Adler | |
---|---|
Ծնվել է | սեպտեմբերի 24, 1901[1] |
Ծննդավայր | Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] |
Մահացել է | հունվարի 4, 2001[2][3] (99 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Ավստրիա, ԱՄՆ և Ցիսլեյտանիա |
Կրթություն | Վիեննայի համալսարան |
Գիտական աստիճան | դոկտորի աստիճան[2] |
Մասնագիտություն | հոգեբույժ և նյարդաբան |
Ծնողներ | հայր՝ Ալֆրեդ Ադլեր, մայր՝ Ռաիսա Ադլեր |
Ալեքսանդրա Ադլեր (գերմ.՝ Alexandra Adler սեպտեմբերի 24, 1901[1], Վիեննա, Ավստրո-Հունգարիա[2] - հունվարի 4, 2001[2][3], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), ավստրիացի և ամերիկացի հոգեբույժ, նյարդաբան, հոգեկան խանգարումների և ուղեղի վնասվածքների մասնագետ։ Համարվում է Ադլերյա հոգեբանության դպրոցի առաջատար մասնագետներից մեկը[4]։
Ալեքսանդրա Ադլերը ծնվել է 1901 թվականի սեպտեմբերի 24-ին, ավստրիացի ֆեմինիստ Ռաիսա Ադլերի և հոգեբույժ Ալֆրեդ Ադլերի ընտանիքում։ Ընտանիքում մեծացել են նաև նրա եղբայրը` Կուրտը (հոգեբույժ) և քույրերը` Վալենտինան (տրոցկիզմի ակտիվիստ)[5] և Կոռնելիան։ 1926 թվականին Ալեքսանդրան ավարտել է Վիեննայի համալսարանի բժշկական ֆակուլտետը։ 1935 թվականին, նացիզմի վերելքի հետ պայմանավորված, արտագաղթել է Միացյալ Նահանգներ և մինչ կյանքի վերջ աշխատել Նյու Յորքի համալսարանում։ Մասնագիտացել է ալկոհոլիզմի, անչափահաս վարքի, հետվնասվածքային սինդրոմների և շիզոֆրենիայի խնդիրների բնագավառում։
1937 թվականին Թրեյսի Պուտնամի հետ միասին Ադլերը մի շարք հետազոտություններ է իրակնացրել սկլերոզի բնագավառում և կատարված հայտնագործություններն ու եզրակացությունները հետագայում օգտագործվել են հոգեբանության դասագրքերում։ Ալեքսանդրա Ադլերը հայտնի է դարձել նաև հետտրավմատիկ սթրեսի խանգարման վերաբերյալ իր ուսումնասիրություններով։ 1942 թվականին Բոստոնի գիշերային ակումբում բռնկված հրդեհից փրկվածների տվյալների ուսումնասիրության հիման վրա նրան հաջողվել է ստեղծել մեթոդիկա, որը հետագայում օգտագործվել է Երկրորդ համաշխարհային և Վիետնամի պատերազմների վետերանների հետվնասվածքային սթրեսային խանգարումների բուժման համար։
|