Ալիա Բետ[1] (եբրայերեն՝ עלייה ב, լրիվ անվանումը՝ עלייה בלתי-לגאלית), հրեաների անօրինական (բրիտանական մանդատային իշխանությունների արգելքները շրջանցելով) հայրենադարձությունն Իսրայելի երկիր 1933-1948 թվականներին։
Գերմանիայում նացիստների կողմից հետապնդվող հրեաներից շատերը ձգտում էին մեկնել Իսրայելի երկիր։ Բրիտանական իշխանությունների քաղաքականությունն ուղղված էր ներգաղթի սահմանափակմանը։ Օլիմների մի մասը երկիր է մուտք գործել ապօրինի։ Ի տարբերություն օրինական ներգաղթի, այս ալիան անվանվել է «Ալիա Բետ» եբրայերեն այբուբենի երկրորդ տառի անունով։ Այն կոչվել է նաև Հաապալա (եբրայերեն՝ העפלה, «հանդգնություն»)։ Փոփոխված տեսքով բառը վերցված է Աստվածաշնչից, որտեղ հրեաները «համարձակվում էին (մաապիլիմ) բարձրանալ լեռան գագաթը»՝ մտնելու Ավետյաց երկիր։
Անօրինական ներգաղթը կազմակերպել էին Հագանայի ստորաբաժանումը, որը կոչվում էր «Մոսադ լե-Ալիա Բեթ» և ազգային ռազմական կազմակերպությունը (Իրգուն), որն ստեղծվել էր Վլադիմիր Ժաբոտինսկու կողմնակիցների կողմից։ Հրեաների տեղափոխումը դեպի Պաղեստին իրականացվել է հիմնականում ծովային, իսկ ավելի փոքր չափով՝ ցամաքային ճանապարհով՝ Իրաքի և Սիրիայի տարածքով։
1939 թվականին, արաբների կողմից կազմակերպված հարձակումների և ջարդերի արդյունքում, Երկրորդ համաշխարհային պատերազմի նախօրեին, բրիտանական իշխանությունները հրատարակել են «Սպիտակ գիրք», համաձայն որի՝ հետագա 5 տարիներին հայրենադարձությունը սահմանափակվում էր 75 հազար մարդով, որից հետո ենթադրվում էր, որ ընդհանրապես կդադարեցվի։ Բացի այդ, մանդատի ներքո գտնվող տարածքի 95%-ում արգելվում էր հրեաներին հող վաճառել։ Արդյունքում, ալիայի մեծ մասը դարձել է անօրինական։
Ընդունված է առանձնացնել «Ալիա Բետի» երկու փուլ․
Ամերիկյան, ֆրանսիական և իտալական իշխանությունները սահմանափակումներ չեն մտցրել ճամբարների միջև տեղաշարժվելու համար, սակայն անգլիացիներն ամեն կերպ արգելել են այդ շարժումը՝ սահմանափակումներ մտցնելով ճամբարներից տեղաշարժվելու և կազմակերպելով երկրի ծովային շրջափակում՝ կանխելով օլիմների մեկնումը իսրայելական հող։
1946 թվականին բրիտանական ՄԻ-6 գաղտնի ծառայությանը հանձնարարվել է դիվերսիաներ կազմակերպել անօրինական ներգաղթյալներ տեղափոխող նավերի վրա։ 1947 թվականի փետրվարի 14-ին գործողությունը պաշտոնապես սկսվել է։ Բրիտանացի գործակալները նավերի վրա տեղադրել են ժամանակային մեխանիզմով մագնիսական ականներ։ 1947 թվականի ամռանը և 1948 թվականի սկզբին Իտալիայի նավահանգիստներում վնասվել է 5 նավ[2]։
Չնայած անօրինական ներգաղթի դեմ բրիտանական իշխանությունների պայքարին՝ 14 տարվա ընթացքում Պաղեստին է տեղափոխվել 110 հազար հրեա։
|