Ալմա Էրնանդես | |
---|---|
![]() | |
Ծնվել է | ապրիլի 11, 1993 (31 տարեկան) |
Ծննդավայր | Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[1] |
Քաղաքացիություն | ![]() |
Կրթություն | Արիզոնայի համալսարան |
Մասնագիտություն | քաղաքական գործիչ |
Զբաղեցրած պաշտոններ | member of the Arizona House of Representatives? և member of the Arizona House of Representatives? |
Կուսակցություն | Դեմոկրատական կուսակցություն |
![]() |
Ալմա Էրնանդես (անգլ.՝ Alma Hernandez, ապրիլի 11, 1993, Թուսոն, Արիզոնա, ԱՄՆ[1]), ամերիկացի քաղաքական գործիչ, Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի 20-րդ օրենսդիր շրջանի դեմոկրատական կուսակցության անդամ։ Նա ընտրվել է 2018 թվականին՝ փոխարինելու Մակարիո Սալդատեին, որի պաշտոնավարման ժամկետը լրացել էր։ Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրված ամենաերիտասարդ կինն է[2]։
Էրնանդեսը ծնվել է Արիզոնա նահանգի Թուսոն քաղաքում։ Սովորել է Արիզոնայի համալսարանում, այնուհետև աշխատել է որպես «Bridge the Gap» ծրագրի համակարգող։ Ծրագիրն աջակցում է ՄԻԱՎ/ՁԻԱՀ ունեցող կանանց[3]։
14 տարեկան հասակում՝ Sunnyside ավագ դպրոցում սովորելու տարիներին, Էրնանդեսը հարձակման է ենթարկվել երկու 19-ամյա աշակերտների, իսկ այնուհետև դպրոցի անվտանգության աշխատակցի կողմից։ Արդյունքում նա ողնաշարի վնասվածք է ստացել[4]։
2018 թվականի օգոստոսի 29-ին Էրնանդեսը Դեմոկրատական կուսակցության 3-րդ օրենսդրական շրջանի նախնական ընտրություններում զբաղեցրել է երկրորդ տեղը, ինչը նրան թույլ է տվել առաջ անցնել Արիզոնայի Ներկայացուցիչների պալատի ընտրություններում։ Նա ընտրվել է 2018 թվականի նոյեմբերի 6-ին[5]։
Ընտրված պաշտոնում նրա առաջին ձեռքբերումը 2019 թվականի հուլիսին դպրոցների անվտանգության աշխատակիցների համար ճգնաժամային կառավարման և դեէսկալացիայի պարտադիր ուսուցում սկսելու համաձայնագրի հաստատումն էր[4][6]։ 2021 թվականի հուլիսի 6-ին Էրնանդեսի նախաձեռնությամբ ընդունվել է մի օրինագիծ, որը Արիզոնայի հանրակրթական դպրոցներում պարտադիր է դարձրել Հոլոքոստի մասին ուսուցումը։ Այս օրինագծով Արիզոնան դարձել է Միացյալ Նահանգների՝ Հոլոքոստի մասին կրթությունը պարտադիր դարձրած 16-րդ նահանգը[7]։
2023 թվականի ապրիլին Էրնանդեսը Ներկայացուցիչների պալատում դեմ է քվեարկել նահանգապետ Քեթի Հոբսի HB2509 օրինագծի չեղարկմանը։ Այս որոշմամբ օրինականացվելու էր «տնական սնունդի» վաճառքը («Թամալե օրինագիծ»)[8][9]։ Այդ օրինագծի չեղարկման համար պակասում էր 5 ձայն, և 12 դեմոկրատներ ի վերջո իրենց ձայնը փոխեցին հօգուտ օրինագծի չեղարկման[10]։ Էրնանդեսը Arizona Mirror-ին տված հարցազրույցում ասել է, որ ներկայացնում է արիզոնցիների շահերը և ոչ թե Հոբսի[11]։
Էրնանդեսը աշխատել է որպես Թուսոնի հրեական համայնքի հարաբերությունների խորհրդի համակարգող[12] և ներգրավվել է Հասարակական կապերի ամերիկա-իսրայելական կոմիտեի աշխատանքներում։
2021 թվականի մայիսի 18-ին Չավերիմ միաբանության (որին անդամակցում է Էրնանդեսը) դռներից մեկը քարով ջարդուփշուր է արվել, իսկ 2021 թվականի հունիսի 7-ին Թուսոնում վանդալիզմի է ենթարկվել Չաբադ սինագոգը։ Էրնանդեսը Twitter-ում դատապարտել է երկու միջադեպերն էլ[13]։
2021 թվականի հուլիսի 11-ին Էրնանդեսը ելույթ է ունեցել իսրայելամետ հրեական կազմակերպությունների կողմից Միացյալ Նահանգների Կապիտոլիումի դիմաց կազմակերպված ցույցի ժամանակ՝ դատապարտելով հակասեմականությունը և հայտարարելով, որ սատարում է Իսրայելին[14]։ Բացի այդ, 2021 թվականին Էրնանդեսը ներկայացրել և ընդունել է օրինագիծ՝ Արիզոնայում Հոլոքոստի մասին կրթությունը պարտադիր դարձնելու մասին[15]։
2023 թվականին՝ իսրայելցի խաղաղ բնակիչների վրա ՀԱՄԱՍ-ի հարձակումներից հետո, Էրնանդեսը իր հայրենի թաղամասում հայտնվել է հակաիսրայելական ակտիվիստների թիրախում[16]։
Նա հանդես է եկել պաղեստինամետ կազմակերպությունների, այդ թվում՝ Mass Liberation-ի դեմ[17]։
Էրնանդեսը աշխատակցել է Ամերիկայի երիտասարդ դեմոկրատների իսպանախոսների ասոցիացիային (անգլ.՝ Young Democrats of America Hispanic caucus) և մասնակցել է Թրամփի վարչակազմի ընտանիքների բաժանման քաղաքականության դեմ կազմակերպված հանրահավաքին[18]։ Նա օժանդակել է Մեքսիկայի սահմանամերձ Նոգալես քաղաքի աղքատ ընտանիքներին առաջին անհրաժեշտության ապրանքների համակարգված առաքումներին։ Այս ամենը կազմակերպել է Tucson Hews for Justice խմբի օգնությամբ, որի համահիմնադիրներից մեկն է[12]։
Էրնանդեսը մեծացել է ոչ կրոնական տանը և ընդունել է հուդայականություն 2015 թվականին։ Նա սկսել է հետաքրքրվել հուդայականությամբ իր պատանեկության տարիներին այն բանից հետո, երբ պարզել է, որ իր մորական պապը հրեա է[18][12]։ Նրա քույր Կոնսուելո Էրնանդեսը նույնպես Ներկայացուցիչների պալատի անդամ է, իսկ եղբայրը՝ Դանիել Էրնանդես կրտսերը, նախկին նահանգային ներկայացուցիչ և ԱՄՆ Կոնգրեսի թեկնածու է։
Արիզոնայի Ներկայացուցիչների պալատում ընտրվելուց հետո նա յոթ այլ կանանց հետ նկարահանվել է plus-size հագուստի ELOQUII ապրանքանիշի գովազդային արշավում[2]։