Ալպեն կենդանաբանական այգի, գտնվում է Ավստրիայի Տիրոլ նահանգի Ինսբրուք քաղաքում։ Ամենաբարձր տեղակայված կենդանաբանական այգիներից մեկն է Եվրոպայում։
Հիմնադրված լինելով 1962 թվականի սեպտեմբերի 22-ին ավստրիացի կենդանաբան Հանս Փսենների կողմից՝ Ալպեն կենդանաբանական այգին հայտնի է դարձել նրանով, որ զբաղվում է անհետացող տեսակների վերաբնակեցմամբ, ինչպիսիք են գառնանգղը, ալպիական լեռնային այծը, հյուսիսային ճաղատ իբիսը։
Կենդանաբանական այգին շահույթ չհետապնդող կազմակերպություն է, և նրա ֆինանսների մեծ մասը ստացվում է նվիրատվություններից, սակայն այն լրացուցիչ ֆինանսավորում է ստանում նաև Ինսբրուք քաղաքի և Տիրոլ նահանգի իշխանություններից, ինչպես նաև Freunde des Alpenzoo միությունից, որի կազմում ընդգրկված են հովանավորներ և կենդանիների «որդեգրողներ»։
Փայտե նոր տաղավարը բացվել է 2017 թվականի օգոստոսին՝ նպատակ ունենալով տեղեկություններ տրամադրել անտառտնտեսության և փայտամշակման վերաբերյալ։ Տաղավարն ստեղծել է proHolz Tyrol-ի հետ համագործակցությամ, իսկ կառույցի դիզայնը որոշվել է մրցույթի արդյունքում, որին մասնակցել են դիզայնի և ճարտարապետության բաժնի ուսանողներ։ Տաղավարը ամբողջովին կառուցված է փայտից և ունի խխունջի տեսք[1][2][3]։
Ալպեն կենդանաբանական այգին դարձել է այն վայրերից մեկը, որոնք ընտրվել են ներկայացնելու Ավստրիան զրո եվրո թղթադրամի վրա։ Նկարում պատկերված են կենդանաբանական այգու 3 ամենահայտնի կենդանիները՝ գառնանգղը, ալպիական լեռնային այծը և հյուսիսային ճաղատ իբիսը[4]։
Կենդանաբանական այգում բնակվում են 150 տեսակի շուրջ 2000 կենդանիներ՝ 20 տեսակի կաթնասուններ (Ալպերի 80 տեսակի կաթնասուններից), 60 թռչնատեսակ, 11 տեսակի սողուններ և 6 տեսակի երկկենցաղներ, ինչպես նաև Ալպերում ներկայացված ձկների գրեթե բոլոր տեսակները։ Ալպեն կենդանաբանական այգին միակն է աշխարհում, որտեղ ցուցադրվում է կարմրաթև մագլցող։
Թռչուններից կենդանաբանական այգում ցուցոդրվում են՝ գառնանգղ, սև արագիլ, խլահավ, դեղնագլուխ արքայիկ, ոսկեգույն արծիվ, մեծ սղոցակտուց բադ, աքար, հյուսիսային ճաղատ իբիս, մայրահավ, ճնճղուկանմաններ, սպիտակ կաքավ, բուեր, ագռավ, եվրոպական քարակաքավ, թավոտն բվիկ, կարմրաթև մագլցող, կաթնասուններից՝ անտառային կզաքիս, կուղբ, գորշ արջ, որմզդեղն, ջրասամույր, այծյամ, վարազ, քարայծ, լուսան, ալպիական արջամուկ, լեռնային նապաստակ, ալպիական լեռնային այծ, եվրոպական վայրի կատու, զուբր, գորշ գայլ, մկներ, սողուններից՝ սովորական լորտու, ճահճային կրիա, սովորական ծառագորտ, սովորական տրիտոն, կատարավոր տրիտոն, սովորական տրիտոն, լճագորտ և այլն։
Կենդանաբանական այգին տեղակայված է լեռան լանջին, որտեղ կան բազմաթիվ արահետներ այգում շրջելու և կենդանիներին ուսումնասիրելու համար։
Կենդանաբանական այգու առավել նշանավոր տեսարժանություններն են ալպիական խոշոր կենդանիները՝ արջեր, գայլեր, որմզդեղններ, բիզոններ և այլն։ Հայտնի են նաև գիշատիչ թռչունները, որոնցից ոմանք հազվադեպ են հանդիպում կենդանաբանական այգիներում, ինչպիսիք են հյուսիսային ճաղատ իբիսները, որոնք գտնվում են մեծ տաղավարում, որը կառուցվել է հատուկ անհետացող թռչունների բնակության համար։ Innergschlöß-ում կարելի է տեսնել այլ տեսակներ, ինչպիսին է գառնանգղը։ Կենդանաբանական այգում կա նաև ցուցադրական փոքր ֆերմա, որտեղ կարելի է տեսնել Ալպերում հանդիպող տարբեր անասուններ։ Այնտեղ կարելի է տեսնել և խնամել ընտանի թռչունների բազմաթիվ տեսակների, ոչխարների, կովերի, խոզերի և այծերի։ Այդ ցեղատեսակներից շատերը բուծվել են Ալպերի միկրոկլիմայի պահանջներին համապատասխան։ Կենդանաբանական այգում կան 6 մեծ տերարիումներ սողունների և 1 ակվատերարիում երկկենցաղների համար։
Ալպեն կենդանաբանական այգում տեղակայված են յուրաքանչյուրը 80-ից միչև 14000 լիտր ջուր պարունակող 17 ավազաններ, ինչի շնորհիվ այն հայտնի է որպես քաղցրահամ ջրով ամենամեծ ակվարիումն ունեցող կենդանաբանական այգին աշխարհում։ Այնտեղ կարելի է տեսնել ալպիական ձկների ավելի քան 50 տեսակներ, ընդ որում՝ դրանիցից շատերը հազվադեպ են հանդիպում կամ գտնվում են անհետացման վտանգի տակ։ Ակվարիումներում վերստեղծվել են տարբեր՝ Ալպիական սառը գետի, փոքր լճակի, լճի կամ Դանուբին հատուկ պայմաններ։ Կենդանաբանական այգին միջազգային ճանաչման է արժանացել Ալպիական որոշ հազվադեպ ձկնատեսակների բուծման ծրագրով[5]։
Ալպեն կենդանաբանական այգում գործում է կրթական բաժին, որն առաջարկում է կենդանիների հետ փորձարարական ուսուցում տարիքային բոլոր խմբերի համար։ Այնտեղ դասավանդում են ուսուցիչներ և կենսաբաններ։
Տարածքի մեծ մասը հասանելի է անվասալյակների համար, սակայն արահետների մի մասը բավական զառիվայր են։ Այգու տարածքում գործում են երկու ռեստորաններ՝ ANIMAHL - Bistro im Zoo, որն առաջարկում է ամենօրյա կերակրատեսակներ և խմիչքների տեսականի, և «Weiherburg» սրճարան-ռեստորանը։
Ալպեն կենդանաբանական այգին Եվրոպայի վերացող տեսակների ծրագրի համակարգողն է հյուսիսային ճաղատ իբիսի ուղղությամբ[6] և միակ կենդանաբանական այգին աշխարհում, որտեղ ցուցադրվում է կարմրագույն մագլցողը։
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Ալպեն կենդանաբանական այգի կատեգորիայում։ |