Գյուղ | ||
---|---|---|
Աղավնո | ||
Երկիր | Արցախ | |
Շրջան | Քաշաթաղ | |
Համայնք | Լաչինի շրջան (Ադրբեջանական ԽՍՀ) | |
Համայնքապետ | Անդրանիկ Չավուշյան[1] | |
Մակերես | 4889,0 կմ² | |
Խոսվող լեզուներ | Հայերեն | |
Բնակչություն | 175 մարդ | |
Ազգային կազմ | հայեր | |
Ժամային գոտի | UTC+4 | |
Կարգավիճակ | Օկուպացված Ադրբեջանի կողմից | |
| ||
Աղավնո, գյուղ Արցախի Հանրապետության Քաշաթաղի շրջանում[2]։ Հանդիսանում է ռազմավարական կարևորագույն հանգույց Հայաստանի Սյունիքի մարզի և Արցախի Հանրապետության ենթակառուցվածքների միացման համար[3]։
2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո՝ եռակողմ համաձայնագրով անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղապահ զորամիավորման վերահսկողության ներքո։
2022 թվականի օգոստոսի 25-ին Աղավնո գյուղը, Ներքին Սուս գյուղի և Բերձոր քաղաք հետ միասին հանձնվել է Ադրբեջանին, իսկ օգոստոսի 26-ի առավոտյան Ադրբեջանի զինված ուժերի ստորաբաժանումները մտել են գյուղ[4]։
Բնակավայրի հայկական անունը Աղավնո է[2]։ Ավելի ուշ այն սկսել են նաև անվանել Արիավան[5][6]։ Գյուղը հաճախ նույնացվում է 13-րդ դարում Ստ․ Օրբելյանի հիշատակած Շաբակի գյուղի հետ[3][7][8][9][10][11]։ Ադրբեջանցիները բնակավայրն անվանում են Զաբուխ (երբեմն՝ Զաբուկ), ինչը նաև Հագարի գետի աջակողմյան վտակ Աղօղլան կամ Ահմեդլի գետի ստորին հոսանքի անվանումներից մեկն է[3]։
Աղավնո գյուղը գտնվում է Արցախի Հանրապետության հարավ-արևմտյան մասում։ Ունի լեռնային տարածք, որով հոսում է Աղավնո գետը։ Ունի 4889,0 հա տարածք, որից 1099,2 հա-ը անտառային նշանակության են[2][12]։
Վարչական կենտրոն Բերձոր քաղաքից հեռու է 14 կմ, իսկ մայրաքաղաք Ստեփանակերտից՝ 61 կմ[2]։
Աղավնոն Արցախի Հանրապետության հինավուրց բնակավայրերից է[12]։ Որոշ ուսումնասիրողներ այն նույնացնում են պատմական Աղահեճ գավառի Շաբակի (երբեմն՝ Շապոկի) գյուղի հետ, որն, ըստ Ստ․ Օրբելյանի, 7 դրամ հարկաչափ էր վճարում Տաթևի վանքին։ Սակայն Տեղ և Աղավնո գյուղերի միջև գտնվող Շպկի կոչվող գյուղատեղի առկայությունը կարող է բացասել Շաբակիի և Աղավնոյի նույնացումը[3]։ Գյուղի նախնական հայաթափման տարեթիվը հայնի չէ։
1905-1906 թվականներին հայ-թուրքական (թաթարական) ընդհարումների ժամանակ բնակավայրի թրքացած քրդերը շրջանի ամենաակտիվ հակահայ կազմավորումներից մեկն էին։ Պարբերաբար հարձակումներ են գործել մոտակա հայաբնակ բնակավայրերի նկատմամբ։ Այդպիսի դեպքերից մեկը տեղի է ունեցել 1905 թվականի դեկտեմբերի 29-30, երբ զաբուխցի թուրքացած քրդերը հսկայական ուժերով հարձակում են գործել Ղարաղշլաղ կոչվող գյուղի վրա։ Դիմադրության հանդպելով՝ նահանջել են[3][13]։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհն անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[15][16]։
2022 թվականի հունիսի 27-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարում է, որ Աղավնո գյուղի մոտով անցնող Գորիս-Ստեփանակերտ ճանապարհի երթուղու փոփոխությունից հետո Աղավնո գյուղը, Բերձոր քաղաքն ու հարակից բնակավայրերն անցնելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողության ներքո[17][18]։
2022 թվականի օգոստոսի 5-ին Արցախի Հանրապետության Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Հայկ Խանումյանը Աղավնո գյուղում հանդիպել է տեղի բնակչության հետ և հայտարարել, որ Աղավնո, Ներքին Սուս գյուղերի ու Բերձոր քաղաքի բնակիչները պետք է մինչև սույն թվականի օգոստոսի 25-ը լքեն իրենց բնակավայրերը, քանի որ այդ օրը տվյալ տարածքները հանձնվելու են Ադրբեջանի զինված ուժերի վերահսկողությանը[19]։
Աղավնոյի և հարակից տարածքների հին պատմամշակութային շերտը սկսած 1800-ական թվականներից, երբ այդտեղ են սկսել հաստատվել թյուրքական և քրդական ցեղերի ներկայացուցիչները, գրեթե ամբողջությամբ ոչնչացվել է վերջինների կողմից։ Այնուամենայնիվ, առկա տեղեկությունները վկայում են, որ բնակավայրի տարածքում գտնված որոշ պատմամշակութային հուշարձանների մասին։ 1898 թվականին գերմանացի հնագետ Էմիլ Ռյոսլերը գյուղի մերձակայքում գտնվող հնավայրն ուսումնասիրելու ժամանակ հայտնաբերել է հայկական գերեզմանոցի հետքեր, մասնավորապես, տապանաքարերի բեկորների[3][20]։
Աղավնո գյուղում՝ Հայաստան-Արցախ հսկիչ-անցագրային կետի մոտ է գտնվում 2002 թվականին կառուցված հայկական առաքելական Սրբոց Նահատակաց եկեղեցին[21][22][23][24][25][26]։
Կրոնական կառույցը բաղկացած է եկեղեցուց և Արցախյան ազատամարտի հուշահամալիրից[23]։
2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայնել է Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի հետ միասին ստորագրել եռակողմ համաձայնագիր, որով Աղավնո գյուղը, այն Գորիսին ու Ստեփանակերտին կապող ավտոճանապարհը, այդ թվում՝ Սրբոց Նահատակաց եկեղեցին, անցել է Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության զինված ուժերի խաղաղապահ զորախմբի վերահսկողությանը[15][16]։
Սրբոց Նահատակաց եկեղեցու կողքին է գտնվում Բերձորի և հարակից տարածքների ազատագրական և ինքնապաշտպանական մարտերի ժամանակ զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշահամալիրը, այն կազմված է 4 քարե սալիկներից, որոնց վրա վերին մասում փորագրված է «Նրանք հավերժ մեզ հետ են», իսկ ներքևի մասում նահատակված մի շարք ազատամարտիկների անուններ[23]։
Ի տարբերություն մյուս գյուղերի՝ վերաբնակեցման գործը Աղավնոյում սկսվել է դեռևս պատերազմական թեժ օրերին։ 1992 թվականի հունիսից այստեղ հաստատվեց Արցախի Հանրապետության Մարտակերտի շրջանի Մարաղա գյուղում ցեղասպանության զոհ դարձած Լավրենտ Առաքելյանի և Լյուդմիլա Խոջաևայի ընտանիքը։ 1994 թվականի պատերազմի ավարտից հետո այդ գործընթացը նոր թափ ստացավ[12]։
2014 թվականին Աղավնոյում սկսել են իրականացնել բնակարանաշինության ծրագիր։ Մինչև 2019 թվականին կառուցվել է 50 առանձնատներից բաղկացած առանձին թաղամաս։ Նախատեսվում էր կառուցել ևս 10 նոր բնակարաններ։ Այդ քաղաքականության շնորհիվ Աղավնոյում վերաբնակեցման գործը նոր ընթացք ստացավ։ Արդյունքում ավելացավ դպրոցահասակ երեխաների թվաքանակը[12]։
2015 թվականին Աղավնո համայնքի բնակչության թվաքանակը կազմել է 175 մարդ[2]։
Բնակավայրի ազգաբնակչության փոփոխությունը[27].
Տարի | 2008 | 2009 | 2010 |
---|---|---|---|
Բնակիչ | 143 | 135 | 128 |
Աղավնոյի համայնքային ենթակառուցվածքները զարգացած էին։ Գյուղում կար գյուղապետարան, միջնակարգ դպրոց և այլ հաստատություններ[2]։
Մինչև 2020 թվականի նոյեմբերի 9-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի և Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինի կողմից եռակողմ համաձայնագրի ստորագրումը Աղավնո գյուղի մոտ գործում էր Հայաստանի և Արցախի Հանրապետության հիմնական անցագրային-հսկիչ կետը։
1994 թվականի սեպտեմբերից գյուղում գործում է Գարեգին Նժդեհի անունը կրող միջնակարգ դպրոց։ Սկզբում դպրոցն ուներ 43 աշակերտ[12]։
Բնակչությունը հիմնականում զբաղվում էր գյուղատնտեսությամբ՝ անասնապահությամբ և հողագործությամբ[2]։
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Ղարաբաղյան ազատագրական պատերազմ (1988—1994) հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո ։ |