Ամպերի հետևում (անիմե)

Ամպերից այն կողմ
雲のむこう、約束の場所
ԺանրՌազմական
Դրամա
Գիտական ֆանտաստիկա
Ռոմանտիկա
ԵրկիրՃապոնիա Ճապոնիա
Թվական2004 թվական
Պրեմիերա20 նոյեմբերի, 2004 թվական
ԼեզուՃապոներեն
ՌեժիսորՄակոտո Շինկայ
ՊրոդյուսերՄակոտո Շինկայ
Սցենարիստ(ներ)Մակոտո Շինկայ
ԵրաժշտությունԹեմմոն
ԸնկերությունCoMix Wave Inc.
Տևողություն91 րոպե
IMDbID 0381348
ԿայքՊաշտոնական կայքէջ
Ֆիլմի թողարկում «Ամպերից այն կողմ» (բնօրինակ անվանում — 雲のむこう、約束の場所)

Ամպերներից այն կողմ (ճապ.՝ 雲のむこう、約束の場所 Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո, Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը), լիամետրաժ անիմե ֆիլմ, որի հեղինակն է Մակոտո Շինկայը։ Սա նրա առաջին լիամետրաժ աշխատանքն է, նկարված գիտական ֆանտաստիկայի ժանրում` սիրային դրամայի էլեմենտներով։ Նկարահանվել է CoMix Wave Inc. ստուդիայի հետ համատեղ։

Ֆիլմի ճապոներեն թողարկումը կայացել է 2004 թվականին։ 2006 թվականին ֆիլմը թողարկվել է DVD- ով XL Media ընկերությունում, «Ամպերներից այն կողմ. Պատանեկության օրերի խոստումը» վերնագրով։ 2005-ին այն ստացել է Լավագույն մուլտիպլիկացիոն աշխատանք մրցանակը Mainichi Film Concours մրցանակաբաշխության ժամանակ։

Հավատարիմ մնալով իր սկզբունքներին` Շինկայը կրկին աշխատանքի մեծ մասն իր ուսերին վերցրեց` հասցնելով օժանդակ անձնակազմի թիվը նվազագույնի։ Այս անգամ նա հանդես եկավ իբրև սցենարիստ, ռեժիսոր և նկարիչ-մուլտիպլիկատոր` զուգահեռ զբաղվելով նաև կազմակերպչական հարցերով։ Այնուամենայնիվ, այս անգամ էլ ծրագրին մասնակից դարձան նաև կողմնակի ուժեր։ Այսպես, հերոսների` իրենց բաղձալի երազանքն ի կատար ածել ցանկացող ճապոնացի դպրոցականների դիզայնը մտածել է հայտնի նկարիչ-նկարազարդող Ուշիո Տաձավեն, իսկ դպրոցականների կողմից պատրաստված ինքնաթիռի տեսքը մշակվել է 3D-մոդելավորող Կաձունորի Տակադան։

Քրտնաջան աշխատանքի արդյունքը յուրօրինակ անիմացիան է, որ դիպչում է մարդկային հոգու ամենաթաքուն լարերին։ Ֆիլմը դեռահասների փոխհարաբերությունների, նրանց սիրո և ընկերության մասին է, որ բարդ քաղաքական պայմաններում աչքի է ընկնում անկեղծությամբ և ինքնատիպ կատարմամբ։ Այս անիմեում Մակոտո Շինկայը զարգացնում է նկարահանման այն ուղղություններն ու ավանդույթները, որ ձևավորել էր իր նախկին կարճամետրաժ ֆիլմերում, ինչպես, օրինակ, «Հեռավոր աստղի ձայնը» և «Ժպիտ» անիմեներն են։ Սակայն, միևնույն ժամանակ, «Ամպերից այն կողմ»-ը հանդիսատեսի դատին է հանձնում անսովոր և հուզիչ սյուժե` դրանով իսկ հրավիրելով նրան ուշադիր դիտելու և իմաստավորելու այն։

Տեխնիկական առումով ֆիլմը կրկին տարբերվում է տվյալ ժանրի այլ գործերից։ Մանրակրկտորեն նկարված են բոլոր դետալները, նուրբ երանգները, աննկարագրելի գեղեցկության համայնապատկերները, որոնց վրայով հաճախ սահում են ամպերը․ այս ամենը դառնում է չիրականացած երազանքների խորհրդանիշ։ Լույսի ու խավարի խաղը այն աստիճան է ապշեցնում, որ թվում է, թե ինքդ հայտնվել ես կանաչազարդ դաշտերում և վազում ես երկնքում սավառնող հրթիռների ներքո։

Երիտասարդ մուլտիպլիկատորի տաղանդը բարձր է գնահատվում կինեմատոգրաֆիստների շրջանում. ֆիլմը մասնակցում է մի շարք մրցույթների և փառատոնների։ Սակայն ամենակարևոր մրցանակը, անշուշտ, հազարավոր երկրպագուների սերը և ճանաչումն են։ Անգամ պրեմիերայից մեկ տասնամյակ անց ֆիլմը շարունակում է գրավել բարձրորակ անիմացիան նախընտրողներին իր յուրօրինակությամբ և հիանալի կատարողականությամբ։

«Ամպերից այն կողմ»-ը շատ գեղեցիկ և տխուր ֆիլմ է։ Այն ցույց է տալիս աշխարհի փխրունությունը, ստիպում է մտածել հարազատ մարդկանց մասին, հիշել սեփական Երազանքը, որը միգուցե դեռ ուշ չէ ի կատար ածել։ Աշտարակի կործանումը, ինչպես տարիներ շարունակ սրտումդ պահած երազանքի կործանումը, Մակոտո Շինկայի այլաբանությունն է, որ յուրաքանչյուրը կարող է իրեն վերագրել։ Միևնույն ժամանակ դա նուրբ ու զրնգուն աշխարհը փրկելու հույս է։

Դեպքերը տեղի են ունենում այլընտրանքային ժամանակակից իրականությունում` 1990-ական թվականների հետպատերազմական Ճապոնիայում։ Երկրում ծանր քաղաքական իրավիճակ է. ԱՄՆ-ի և ԽՍՀՄ-ի (այն չի փլուզվել) զինված բախումներից հետո Ճապոնիան, ինչպես մի ժամանակ Գերմանիան, բաժանվում է երկու մասի։ Դրանցից մեկը` Հոնշու կղզին, գտնվում էր ԱՄՆ-ի զորքերի, մյուսը` Հոկկայդոն` ԽՍՀՄ-ի իշխանության ներքո։ Ծագող արևի երկրի կիսման սահմանին` Ցուգարու նեղուցի մյուս ծայրին, բարձրացվել է մի խորհրդավոր աշտարակ, որը և դարձել է հասարակ ճապոնացի դպրոցականների հետաքրքրության առարկան։

1996 թվական։ Ֆիլմի դեպքերը զարգանում են Հոնշու կղզու վրա` Աոմորի նահանգում, որ գտնվում է կղզու հյուսիսային հատվածում։ Ճապոնացի դպրոցականներ Հիրոկի Ֆուջիսավան և Տակույա Շիրակավան դասերից հետո աշխատում են ռազմական գործարանում, որն արտադրում էր թևավոր հրթիռներ ԱՄՆ-ի բանակի համար։ Նրանք գումար են հավաքում, որ իրականացնեն իրենց վաղեմի երազանքը` վերականգնեն անտառում գտած ինքնաթիռը, դրանով թռչեն դեպի հեռավոր աշտարակը և բացահայտեն դրա գաղտնիքը։ Հետագայում նրանց է միանում համադասարանցի Սայուրի Սավատարին, ով համոզում է տղաներին իրեն էլ իրենց հետ վերցնել այդ վտանգավոր ճանապարհորդությանը։ Տղաները խոստում են տալիս, որ մի գեղեցիկ օր կվերցնեն նրան իրենց հետ և կհասնեն աշտարակին։ «Բելլա Սյելլա» ինքնաթիռը (օրիգինալ` Valaciela) դառնում է ընդհանուր գաղտնիք, իսկ ուղևորությունը դեպի առեղծվածային աշտարակ` ամենաբաղձալի մանկական երազանք։

Սակայն ընկերների երազանքը չի իրականանում Սայուրիի հիվանդության պատճառով։ Տարիներ շարունակ նա տեսնում է առեղծվածային երազներ, որ աստիճանաբար խաթարում են աղջկա հոգեկան աշխարհը։ Այդ երազները գնալով ավելի են զզվեցնում, և հերոսուհին ստիպված է լինում մեկնել Տոկիո` հոգեբուժարանում բուժվելու։ Այսպես մասնատվում է անբաժան եռյակը։

Անցնում է երեք տարի։ Տակույա Շիրակավան` որպես երիտասարդ և անհավանական տաղանդ ունեցող մասնագետ, աշխատում է գաղտնի լաբորատորիայում։ Հիրոկի Ֆուջիսավան, ով երազում անընդհատ տեսնում է միայնակ և լքված Սայուրիին, պատահաբար տեղեկանում է, որ աղջիկը, որին նա անհույս սիրահարված էր, մինչ այդ պահը հատուկ մասնագիացված կլինիկայում է գտնվել. երեք տարի է, ինչ նա անգիտակից վիճակում է։ Հիրոկին դիմում է Տակույային խնդրանքով, որ օգնի բուժել աղջկան։ Հարկավոր է ընդհատել նրա տարօրինակ երազը, որպեսզի հնարավոր լինի իրականացնել պատանեկության օրերի երազանքը։ Ընկերները չեն էլ պատկերացնում, որ Սայուրիի վիճակն անմիջականորեն կապված է առեղծվածային աշտարակի հետ։

Երբ Հիրոկիին թվում է, որ նրանք այլևս երբեք չեն հանդիպի և չեն կարողանա կատարել խոստումը, նրան նամակ է գալիս Օկաբեից։ Հիրոկին գտնում է Սայուրիին, ով ընկել է լեթարգիական քնի մեջ․ քնի և իրականության սահմանին։ Այդ ժամանակ գալիս է հին ընկերնեևի վերամիավորման պահը՝ երիտասարդ տարիքի խոստումը կատարելու համար։

Հիրոկի Ֆուջիսավա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիրոկի Ֆուջիսավան երիտասարդ տղա է, գլխավոր հերոսուհու համադասարանցին։ Դեռ դպրոցական տարիքից սիրահարված է Սայուրի Սավատարիին, սակայն համարձակություն չի ունեցել խոստովանելու։ Իր բնույթով անուղղելի ռոմանտիկ լինելով` տղան հաճախ է ամպերում սավառնում` երազելով և մտքում պատկերացնելով ամենաանհավանական իրավիճակները։

Սայուրիի անհետացումը նրա համար իսկական ցնցում էր։ Հենց դրա պատճառով նա և Տակույան կիսատ են թողնում ինքնաթիռի վերականգնումը։ Դպրոցն ավարտելուց հետո Հիրոկին ընդունվում է Տոկիոյի մասնավոր քոլեջներից մեկը։ Անգամ երեք տարի անց աղջկա մասին մտքերը նրան հանգիստ չեն տալիս. նա հաճախ է երազում տեսնում նրան` միայնակ և տխուր։ Ժամանակի ընթացքում կենսուրախ տղան դառնում է ավելի ու ավելի ինքնամփոփ` երիտասարդ հասակից ճաշակելով մենակության դառնությունը։ Բաժանման ընթացքում նա հասցրել էր ջութակ նվագել սովորել և կարողանում էր նվագել այն երաժշտությունը, որ նվագում էր Սայուրին իր ընկերների համար։ Աղջկան գտնելու նրա բազում փորձերն անհաջողությամբ են ավարտվում։

Վերջապես նրան հաջողվում է իմանալ, որ Սայուրին հոգեբուժական կլինիկայում է. նա սլանում է այնտեղ, Տակույայի հետ առևանգում անգիտակից աղջկան և վերջիվերջո հասնում աշտարակին, որտեղ էլ հենց Սայուրին ուշքի է գալիս։ Այդ ժամանակ Հիրոկին հրթիռ է բաց թողնում աշտարակի վրա` այդպիսով ոչնչացնելով այլընտրանքային աշխարհի կողմից ներկայիս աշխարհը կլանելու վտանգը։

Սեյուն Հիդետակա Յոշիոկան է՝ ճանաչված դերասան և սցենարիստ։

Տակույա Շիրակավա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տակույա Շիրակավան Հիրոկիի և Սայուրիի համադասարանցին է։ Մի ժամանակ ընկերոջ հետ տարված էր ինքնաթիռ պատրաստելու և դրանով աշտարակին հասնելու մտքով։ Սակայն շուտով այդ մանկական գաղափարը դադարում է նրա համար արդիական լինել։

Նրան, ինչպես և Հիրոկիին, դուր էր գալիս իր դասընկերուհին, բայց նրա զգացմունքները զուտ ընկերական էին։ Տակույան նպատակասլաց, զուսպ, պատասխանատու և շատ ճկուն երիտասարդ է։ Դպրոցն ավարտելով` նա շարունակում է ուսումը ռազմական քոլեջում։ Լինելով բավականին տաղանդավոր երիտասարդ գիտնական` նա հետաքրքրում է ռազմական հետաքննության ներկայացուցիչներին։ Տակույան աշխատում է կառավարական մասնագիտացված լաբորատորիայում և նվիրում է իրեն ԽՍՀՄ-ի առեղծվածային աշտարակի և նրա հետ կապված զուգահեռ աշխարհների ուսումնասիրությանը։

Ի տարբերություն ընկերոջ` Տակույան այնքան էլ ծանր չէր տարել նախկին դասընկերուհու հետ բաժանումը, և վերջինս մնացել էր Տակույայի համար միայն խոր անցյալի հիշողություն։ Այնուամենայնիվ, երեք տարի անց հենց Սայուրին է դառնում երկու մտերիմ ընկերների միջև լուրջ կռվի առարկան։ Տակույան վստահ է, որ Սայուրին չպետք է արթնանա, քանի որ նրա արթնանալուց աշտարակը կոչնչանա և իր հետ կոչնչացնի ամբողջ աշխարհը։

Սակայն շուտով Տակույան որոշում է օգնել հին ընկերոջն ու իրականացնել պատանեկության օրերի երազանքը` պայմանով, որ աշտարակը կոչնչացվի հրթիռով։ Հենց ինքն է Հիրոկիին տանում Սայուրիի մոտ։ Տակույային դուր է գալիս Մակին, և նա հույս ունի, որ կրկին կհանդիպի իր կոլեգային, երբ ինքն ու Հիրոկին վերջացնեն աշտարակի հետ կապված աշխատանքը։

Սեյուն է Մասատո Հագիվարան։

Սայուրի Սավատարի

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սայուրի Սավատարին Հիրոկիի և Տակույայի նախկին դասընկերուհին է։ Ռոմանտիկ զգացմունքներ է տածում Հիրոկիի հանդեպ։ Նա շատ հմայիչ, անկեղծ աղջիկ է, որ փոքր հասակից տարօրինակ երազներ է տեսնում։ Այդ երազները անհասկանալի ձևով կապված են առեղծվածային աշտարակի հետ։ Դեպքերի զարգացմանը զուգընթաց պարզ է դառնում, որ աշտարակը նախագծել է հենց նրա պապը։ Ամենայն հավանականությամբ հենց դրանով է բացատրվում նրա տեսիլքների և աշտարակի միջև կապը։ Դպրոցը չավարտած` հանկարծ անհետանում է` ոչ մի բառ չասելով իր ընկերներին։

Տարիքի հետ երիտասարդ աղջկա հիվանդությունը զարգանում է, և նա ընկնում է հոգեբուժական կլինիկա, որտեղ էլ մնում է մի քանի տարի։ Սայուրին զգում է միայնության պատճառած ամբողջ ցավը, և նրան թվում է, թե ամբողջ տիեզերքում մենակ է մնացել։ Ոչ ոք չի կարող օգնել հերոսուհուն` ո´չ ժամանակակից բժշկությունը, ո´չ տեխնիկական նոր սարքերը։ Միմիայն Հիրոկին է, իմանալով մանկության ընկերուհու դժբախտության մասին, փորձում փրկել նրան։ Հիվանդանոցում նա հասցրել էր նամակ գրել Հիրոկիին և Տակույային, ուղարկել դա Օկաբեին, սակայն Օկաբեն կարողացել էր նամակը Հիրոկիին հասցնել միայն երեք տարի անց։ Սայուրին արթնանում է այն ժամանակ, երբ Հիրոկին տանում է նրան իր հետ դեպի աշտարակը` այդպես հենց իրականացնելով խոստումը։

Հնչյունավորել է սեյու Յուկա Նանրին` հայտնի ճապոնացի դերասանուհի և երգչուհին։ Նա մասնակցել է այնպիսի անիմեների հնչյունավորմանը, ինչպիսիք են «Macross Zero», «Sora o Kakeru Shoujo» և ուրիշները։

Մակի Կասահարա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մակի Կասահարան գլխուղեղի ուսումնասիրության կենտրոնի աշխատակիցներից է։ Նա է հայտնաբերում մարդու երազների և աշտարակի գործունեության կապը։ Մակին կրթված երիտասարդ աղջիկ է, որ իրեն ամբողջությամբ նվիրել է գիտությանը։ Համակրում է Տակույային։

Սեյուն Րիսա Միձունոն է։

Օկաբեն ռազմական ձեռնարկության ղեկավարն է։ Հենց նրա ղեկավարության տակ են Հիրոկին և Տակույան հմտություններ ձեռք բերում թևավոր հրթիռներ պատրաստելու բնագավառում։ Օկաբեն նաև օգնում է ընկերներին ճարել անհրաժեշտ մասերը ինքնաթիռը վերանորոգելու համար` օգնություն ցուցաբերելով թե´ տեխնիկական, թե´ տեղեկատվական առումներով։ Նա ամուսնացած է եղել։

Լինելով բնույթով առաջնորդ` Օկաբեն հետագայում գլխավորում է ճապոնական ազատագրական ստորգետնյա ճակատը։ Ֆիլմի ավարտին մոտ վերջնականապես անցնում է ապստամբային գործունեության` կապված սկսվող պատերազմի հետ։ Հենց նա էլ դառնում է չարաբաստիկ աշտարակը կործանելու նախաձեռնողը։ Նրան հաջողվում է համոզել հին ընկերներին հարձակում գործել աշտարակի վրա` շահագրգռելով դա Սայուրիին փրկելու հնարավորությամբ։

Սեյուն է Ունշո Իշիձուկան։

Երկրորդական կերպարներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պրոֆեսոր Տոմիձավան ռազմական քոլեջի հետազոտական խմբի ղեկավարն է, որ զբաղվում է ԽՍՀՄ-ի աշտարակի, զուգահեռ աշխարհների փոխազդեցության և Օկաբե ամրոցի ուսումնասիրությամբ։ Օկաբեի հին ընկերն է։

Սեյուն Կաձուհիկո Ինոուեն է։

Երաժշտությունտ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Երաժշտական ուղեկցումը «Ամպերներից այն կողմ» ֆիլմի համար գրել է Թեմմոնը, ով նաև Շինկայի ընկերը։ Ավելի վաղ Թեմմոնը աշխատել է Շինկայի հետ նախորդ աշխատանքներում. «Նա և իր կատուն», «Հեռավոր աստղի ձայնը»։

Եզրափակիչ սաունդթրեքն է Քո ձայնը (ճապ.՝ Քիմի նո քոե) երգը։ Բառերի հեղինակը Շինկայն է, կատարում է Այ Կավաշիման։

Ստեղծագործության անվանում
メインテーマ / Հիմնական Մեղեդի
2 日常 / Նիչիջոու (Օրեցօր)
3 駅 / Էկի (Կայարան)
4 サユリ / Սայուրի
5 二人の計画 / Ֆուտարի նո Կեյկակու (Երկու մարդու ծրագիրը)
6 もう一つの夢 / Մո Հիտոցու նո Յումե (Եվս մի Երազ)
7 希望と憧れ / Կիբոու տո Ակոգարե (Հույս ու Ձգտում)
8 遠い約束 / Տոոյ Յաքուսոկու (Հեռավոր խոստումը)
9 サユリの旋律 / Սայուրի նո Սենրիցու (Սայուրիի մեղեդին)
10 兆候 / Չոօքու
11 無垢 / Մուքու (Մաքրություն)
12 夏の終わり / Նացու նո Օվարի (Ամռան ավարտը)
13 探求 / Տանքյու (Փորձություն)
14 世界の見る夢 / Սեքայ նո Միրու Յումե (Աշխարհի Տեսած Երազը)
15 誰もいない場所 / Դառե նո Ինայ Բաշո (Այնտեղ, ուր ոչ֊ոք չկա)
16 孤独 / Կոդոքու (Մենություն)
17 襲撃~眠り姫 / Շուուգեքի ~ Նեմուրի Հիմե (Հարձակում ~ Քնած Արքայադուստրը)
18 ひとときの再会 / Հիտոտոկի նո Սայքայ (Միավորման Ժամը)
19 永遠の夏 / Էյեն նո Նացու (Մշտական Ամառը)
20 二人の葛藤 / Ֆուտարի նո Կատտոու (Երկու մարդու տարաձայնությունը)
21 サユリの世界 / Սայուրի նո Սեքայ (Սայուրիի աշխարհը)
22 タクヤの決意 / Տակույա նո Կեցույ (Տակույայի վճռականությունը)
23 ヒロキの旋律 / Հիրոկի նո Սենրիցու (Հիրոկիի մեղեդին)
24 開戦~ヴェラシーラ / Քայսեն ~ Բերա Շիրա (Ճակատամարտի սկիզբը ~ Բելլա Սյելլա)
25 雲のむこう、約束の場所 / Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո (Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը)
26 きみのこえ / Քիմի նո Քոե (Քո ձայնը)
27 パイロット版「雲のむこう、約束の場所」 / Փայրոտտո֊բան «Քումո նո Մուկո, Յաքուսոկու նո Բաշո» (Օդաչուի տարբերակ․ «Ամպերից այն կողմ, Խոստացված վայրը»)

Հետաքրքիր փաստեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Հիրոկիի և Տակույայի վեճի ժամանակ Տակույան օգտագործում է մանրակրկտորեն նկարված խորհրդային ատրճանակ «ՏՏ» -ն։
  • Երբ Սայուրին առաջին անգամ այցելում է ռազմական գործարան, որտեղ աշխատում էին Հիրոկին և Տակույան, բակում թափառում է մի սև կատու։ Նա մի քանի անգամ էլ է հայտնվում կադրում։ Սա յուրօրինակ հղում է Մակոտո Շինկայի մյուս գործին` «Նա և իր կատուն»։ Բացի դրանից` կարմիր թելով ամբողջ ֆիլմով անցնում է թեյնիկը:։
  • Օդաչուական հոլովակում կան տեսարաններ, որ չեն ընդգրկվել վերջնական տարբերակի մեջ։ Սայուրին գլխավոր հերոսին ազգանունով է դիմում` Ֆուջիսավա-կուն` Հիրոկիի փոխարեն, իսկ Հիրոկիի և Տակույայի կռիվը տեղի է ունենում լքված դպրոցում, այլ ոչ թե պահեստում, ինչպես վերջնական տարբերակի դեպքում։
  • Օդաչուական հոլովակում կարելի է տեսնել բջջային հեռախոս, որ Սայուրին իր ձեռքերում է պահում։ Դա կարող է հղում համարվել Շինկայի նախորդ գործին` կարճամետրաժ «Հեռավոր աստղի ձայնը» ֆիլմին:։
  • Թռիչքային տեսնյութերում կան տեսարաններ, որոնք չեն ընդգրկվել վերջնական մոնտաժում։ Սայուրին գլխավոր հերոսին ազգանունով է դիմում՝ Ֆուձիսավա կուն, Հիրոկիի փոխարեն, իսկ Հիրոկայի և Տակուեյի կռվի տեսարանը տեղի է ունենում լքված դպրոցում, և ոչ թե օդանավարանում, ինչպես երևում է վերջնական մոնտաժից հետո։

Տարիքային վարկանիշ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • «Պաշտոնական կայք» (ճապոներեն). Արխիվացված օրիգինալից 2012, փետրվարի 19-ին. Վերցված է 2010, նոյեմբերի 8-ին.
  • ««Ամպերից այն կողմ»» (ռուսերեն). XL Media — արձագանքներ, սյուժե. Արխիվացված է օրիգինալից 2009 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2010, նոյեմբերի 8-ին.