Այշե Բեգյում Օնբաշի | |
---|---|
![]() | |
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն | թուրքերեն՝ Ayşe Begüm Onbaşı |
Մասնագիտացում | aerobic gymnast |
Երկիր | ![]() |
Ծննդյան ամսաթիվ | դեկտեմբերի 9, 2001[1] (23 տարեկան) |
Ծննդավայր | Աքհիսար, Մանիսայի մարզ, Թուրքիա |
Այշե Բեգյում Օնբաշի (թուրքերեն՝ Ayşe Begüm Onbaşı. դեկտեմբերի 9, 2001[1], Աքհիսար, Մանիսայի մարզ, Թուրքիա), թուրք մարմնամարզուհի, աշխարհի և Եվրոպայի առաջնությունների ոսկե մեդալակիր։
Այշե Բեգյում Օնբաշին ծնվել է 2001 թվականի դեկտեմբերի 9-ին, Արևմտյան Թուրքիայում՝ Մանիսա նահանգի Ախիսար շրջանում, տեքստիլ ապրանքների վաճառական Սերքան Օնբաշիի և նրա կնոջ՝ Սեչիլի ընտանիքում[2][3][4][5]։
Երեք տարեկանից հաճախել է բալետի պարապմունքների։ Տաղանդավոր աղջնակը գրավել է իսպանացի բալետմայստեր Մարիայի ուշադրությունը. վերջինս հորդորել է նրա ծնողներին՝ թույլ տալ, որ նա զբաղվի մարմնամարզությամբ[2][3][4]։ Եվ Այշեն երեք տարի մարմնամարզության պարապմունքների է հաճախել, որից հետո՝ վեց տարեկանից անցել է աերոբիկ մարմնամարզության՝ դառնալով մարզիչ Գյուրքան Էրի սանուհին[5]։
2018 թվականի դրությամբ նա Ախիսարի Անատոլիական ավագ դպրոցի աշակերտուհի էր[2][5]։
Օնբաշիի մրցակցային կարիերան աերոբիկ մարմնամարզության ոլորտում սկսվել է յոթ տարեկանում։ Սկզբում հանդես է եկել խմբային մրցումներում, որոշակի հաջողությունների հասել 8–9 և 10–12 տարիքային կատեգորիաներում։ 2011–2012 մրցաշրջանում ընդգրկվել է ազգային հավաքականում և մասնակցել Չեխիայում, Սլովակիայում և Բուլղարիայում անցկացված միջազգային մրցումների։ Այնուհետև սկսել է ելույթներ ունենալ անհատական մրցաձևում[5]։
Օրական հինգից վեց ժամ մարզասրահում պարապելու համար նա յուրաքանչյուր շաբաթվա մեջ հինգ օր իր տնից մինչև մարզադահլիճ ընդհանուր առմամբ անցնում է մոտավորապես 50 կիլոմետր ճանապարհ[2][3]։ Նա Manisa Büyükşehir Belediyespor-ի՝ Մանիսայի մետրոպոլիտենյան համայնքապետարանի մարզական ակումբի անդամ է[3][4][6]։
Օնբաշին սովորաբար մասնակցում է երեք մրցաձևերի մրցումներին[7]։ Մեքսիկայում կայացած 2015 թվականի աշխարհի առաջնությունում նա բրոնզե մեդալ է նվաճել կադետների անհատական մրցաշարում, չնայած իր ելույթի ժամանակ ընկնելուն[7][3]։ 2016 թվականին Հարավային Կորեայի Ինչհոն քաղաքում անցկացված աերոբիկ մարմնամարզության աշխարհի առաջնությունում նա ոսկե մեդալ է նվաճել աղջիկների անհատական մրցաշարում[2][3][4][6]։ Անհատականին նախորդել էր եռյակների մրցությունը, որտեղ նա իր թիմակիցներ Մեհմեդ Էրքոշի և Դենիզ Շահինի հետ գրավել էր մրցանակային երկրորդ տեղը[7][8]։
2017 թվականին Իսպանիայի Գվադալախարա քաղաքում անցկացված Միջերկրածովյան 2-րդ առաջնությունում և 2017 թվականի Պորտուգալիայի Կանտանիեդե քաղաքում կայացած միջազգային 7-րդ բաց մրցույթում Օնբաշին ընդհանուր առմամբ նվաճեց երեք ոսկե մեդալ[3][4]։ Այդ նույն տարում Իտալիայի Անկոնա քաղաքում կայացած աերոբիկ մարմնամարզության Եվրոպայի առաջնությունում նա նվաճեց ևս մեկ ոսկե մեդալ աղջիկների անհատական մրցաշարում[3][6][8]։ Մեդալների իր հավաքածուն 2018 թվականին հարստացրեց մեկական արծաթե և բրոնզե մեդալներով, որոնց արժանացավ համապատասխանաբար Մարոկկոյի Մարաքեշ քաղաքում անցկացված դպրոցականների համաշխարհային խաղերում և Պորտուգալիայի Գիմարայնշ քաղաքում կայացած աերոբիկ մարմնամարզության աշխարհի առաջնությունում[6]։
Medal Monster / «Մեդալային հրեշ» մականունի արժանացած Օնբաշին 2016 թվականի հուլիսի դրությամբ ազգային և միջազգային մրցումներում ընդհանուր առմամբ նվաճել էր ավելի քան 60 մեդալ, այդ թվում՝ 35 ոսկե պարգև[7]։
Նա ևս մեկ ոսկե մեդալ նվաճեց կանանց անհատական մրցապայքարում 2021 թվականին Բաքվում անցկացված աերոբիկ մարմնամարզության աշխարհի առաջնությունում[9]։
2022 թվականին Թուրքիայի Քոնյա քաղաքում կայացած Իսլամական համերաշխության խաղերում նա անհատական մրցապայքարում վաստակեց հերթական ոսկե մեդալը[10]։
![]() | Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Այշե Բեգյում Օնբաշի» հոդվածին։ |
|