![]() Անահիտ աստվածուհու բրոնզե կիսանդրի | |
տեսակ | կիսանդրի |
երկիր | Փոքր Հայք |
Բրիտանական թանգարան, Լոնդոն, Միացյալ Թագավորություն «Հին Հունաստան և Հռոմ բաժին» | |
նյութ | բրոնզ |
բարձրություն | 35.5 սմ × 31 սմ × 23.6 սմ[1] |
ստեղծվել է | մ․թ․ա․ 4-րդ դարից-մ․թ․ա․ 1-ին դար |
ստեղծման վայր | Սատաղ, Փոքր Հայք (ներկայումս՝ Գյումյուշհանե, Թուրքիա) |
ոճ | հելլենիստական |
Անահիտ աստվածուհու արձանի գլուխ, հին հայկական դիցարանի Անահիտ աստվածուհուն նվիրված հելլենիստական ժամանակաշրջանի արձանային մասունք, որը հայտնաբերվել է պատմական Փոքր Հայքի տարածքում՝ Գայլ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Սատաղ բնակավայրում[2] (ներկայումս՝ Սադակ, Գյումյուշհանեի մարզ, Թուրքիա)։ Թվագրվում է մ․թ․ա․ 4-2-րդ դարերին։
1873 թվականին հայտնաբերվելուց մեկ տարի անց այն ձեռք է բերվել Բրիտանական թանգարանի կողմից և մինչ օրս պահվում է Միացյալ Թագավորության մայրաքաղաքում։ Այն պահվում է թանգարանի թիվ 22՝ «հունական և հռոմեական հնություններ» վերտառությամբ ցուցասրահում որպես հունական Աֆրոդիտե աստվածուհու կիսանդրի («Սատաղյան Աֆրոդիտե»)[3]։ Արձանի պատկանելիության շուրջ վեճը մինչ օրս շարունակվում է, քանի որ որոշ մասնագետներ կիսանդրին վերագրում են նույնիսկ Վեներային։
Թանգարանային նմուշի վերաբերյալ դիտարկումներով 1890 թվականին հանդես է եկել Վենետիկի Մխիթարյան միաբանության անդամ Ղևոնդ Ալիշանն իր «Այրարատ» աշխատությունում՝ պնդելով, որ բրոնզե մասունքը պատկանում է հայոց դիցարանի պտղաբերության և մայրության աստվածուհուն։ Բազմաթիվ գիտնականներ որդեգրել են այս տեսակետը՝ հաշվի առնելով այն հանգամանքը, որ գտածոյի հայտնաբերման վայրի մերձակայքում՝ Եկեղյաց գավառի Երիզայում (Երզնկա) բնակավայրում գտնվել է Անահիտ աստվածուհու գլխավոր տաճարը։
Անահիտ աստվածուհու արձանային մասունքը կարևոր իմաստավորում ունի հայկական իրականությունում և խորհրդանշում է նախաքրիստոնեական շրջանի հայոց պատմությունն ու մշակույթը։
2024 թվականի սեպտեմբերի 16-ին Միացյալ Թագավորությունից Հայաստան են բերվել պտղաբերության, մայրության հայոց աստվածուհի, ոսկեմայր Անահիտի գլխաքանդակը և ձախ ձեռքը:
2024-ի սեպտեմբերի 21-ին Հայաստանի պատմության թանգարանում աստվածուհին ներկայացվել է «Մայր աստվածություն. Անահիտից Մարիամ» ցուցադրության շրջանակում։ Արձանը Հայաստանում ցուցադրվել է մինչև 2025 թվականի ապրիլի 10-ը[4]։