Անաստասիա Տատարևա | |
---|---|
Անձնական տեղեկություն | |
Սեռ՝ | իգական |
Բնօրինակ անուն՝ | ռուս.՝ Анастасия Алексеевна Татарева |
Մասնագիտացում՝ | գեղարվեստական մարմնամարզություն |
Երկիր՝ | Ռուսաստան |
Ծննդյան ամսաթիվ՝ | հուլիսի 19, 1997 (27 տարեկան) |
Ծննդավայր՝ | Եկատերինբուրգ, Ռուսաստան |
Մարզիչ(ներ)՝ | Իրինա Վիներ |
Հասակ՝ | 170 |
Քաշ՝ | 45 |
Անաստասիա Ալեքսեևնա Տատարևա (ռուս.՝ Анастасия Алексеевна Татарева, հուլիսի 19, 1997, Եկատերինբուրգ, Ռուսաստան), ռուս մարմնամարզուհի, օլիմպիական չեմպիոն (2016), աշխարհի և Եվրոպայի բազմակի չեմպիոն, Ռուսաստանի սպորտի վաստակավոր վարպետ[1]։
Անաստասիա Տատարևան Եկատերինբուրգի «Վիկտորիա» մանկապատանեկան մարզադպրոցի սան է։ Հետագայում սկսել է մարզվել Դմիտրով քաղաքում՝ Աննա Շումիլովայի (Դյաչենկո) մոտ։ 2014 թվականին Անաստասիա Տատարևան դարձել է Եվրոպայի և աշխարհի չեմպիոն խմբային վարժություններում։
2015 թվականին Անաստասիա Տատարևան դարձել է Եվրոպական I խաղերի երկակի չեմպիոն, ապա նվաճել երկու ոսկե և մեկ արծաթե մեդալներ Շտուտգարտում անցկացվող աշխարհի խմբային վարժություններում, ինչպես նաև ստացել է արտոնագիր 2016 թվականին Ռիո դե Ժանեյրոյում անցկացվելիք Օլիմպիական խաղերին մասնակցելու համար։ 2016 թվականին հաղթել է Հոլոնում անցկացվող Եվրոպայի առաջնությունում, ինչպես նաև դարձել է օլիմպիական չեմպիոն՝ Ռուսաստանի հավաքականի կազմում մասնակցելով խմբային բազմամարտին (նրանից բացի թիմի կազմում ընդգրկված են եղել Վերա Բիրյուկովա, Անաստասիա Բլիզնյուկը, Անաստասիա Մաքսիմովան և Մարիա Տոլկաչյովան)։
2017 թվականին Պեզարոյում անցկացված աշխարհի առաջնությունում Ռուսաստանի թիմը նորացված կազմով (որի կազմում Անաստասիա Տատարևայից բացի ընդգրկվել էին Անաստասիա Բլիզնյուկը, Մարիա Կրավցովան, Եվգենյա Լևանովան, Քսենյա Պոլյակովան, Մարիա Տոլկաչյովան) նվաճել է երկու ոսկե մեդալ։
|